«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2007-12-25 | #239, 2007-12-26 | #240, 2007-12-27


ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԱՐՑԱԽԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Այսօր ԼՂՀ տարածքի ավելի քան կեսում անհասանելի են Արցախի եւ հայաստանյան հեռուստաալիքները: Ավելին, ծայրամասային բնակավայրերում տեղաբնակները հիմնականում դիտում են ադրբեջանական հեռուստաընկերությունների թողարկումները: Նույնիսկ այնպիսի բնակավայրում, ինչպիսին Ստեփանակերտից 17 կմ հեռու գտնվող Ասկերան շրջկենտրոնն է, հայկական առաջին հեռուստաալիքի դիտումը լուրջ խնդիր է: Այս թեման բազմիցս արծարծվել է տարբեր ժամանակներում ու մակարդակներում, սակայն վիճակը չի փոխվել: «Արցախկապի» նոր տնօրենի նշանակումից հետո, կարծես թե լավ հեռանկարներ են բացվում ոլորտում: Մասնավորապես, ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պաշտոնական հաղորդագրությունից, կառավարության միջամտությամբ «Արցախկապ» փակ բաժնետիրական ընկերությունը նոր հեռահաղորդակներ է տեղադրել Արցախի մի քանի շրջաններում, որի շնորհիվ զգալիորեն ընդարձակվել են սփռման գոտիները: ԼՂՀ պետբյուջեից 2008-ին ոլորտին կհատկացվի 150 միլիոն դրամ, որն անհրաժեշտի շուրջ կեսն է: Վարչապետ Արա Հարությունյանի հանձնարարությամբ առաջիկա մեկուկես տարում պետք է ավարտվի նախատեսված ծրագիրն այն հեռանկարով, որ Արցախի ամբողջ տարածքում հայկական հեռուստաալիքներն անխափան սփռվեն:

Կա մեկ այլ հուսադրող հանգամանք եւս. օրակարգում դրված է վերերկրյա հեռուստահաղորդիչ կայաններով խնդիրը լուծելու տարբերակը: Այսինքն` ստեղծել արբանյակային կապով հեռուստահաղորդման լիակատար գոտի, որն առավել որակյալ ու էժան է: Ընդ որում, ինչպես «Ազգի» թղթակցին տեղեկացրեց «Արցախկապի» տնօրեն Գարիկ Գրիգորյանը, արբանյակային կապով կհեռարձակվեն նաեւ Արցախի հանրային հեռուստատեսության թողարկումները: Ասել է թե` աշխարհի տարբեր ծագերում բնակվող մեր հայրենակիցները հնարավորություն կունենան դիտելու արցախյան հեռուստաալիքի հաղորդումները: Ավելի մանրամասն Գ. Գրիգորյանը չարտահայտվեց, բայց եւ խոստացավ ծրագրի գործարկումից առաջ, որը, նրա խոսքով, շատ չի ուշանա, այդ առթիվ անպայման հարցազրույց տալ «Ազգին»:

Կ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4