Կենտրոնական բանկի նախագահը ներկայացրեց 2007-ի գլխավոր ցուցանիշները
Երկրի ֆինանսական շրջանակների ներկայացուցիչները երեկ անցնող տարվա ցուցանիշներն ամփոփեցին Կենտրոնական բանկում տեղի ունեցած նախաամանորյա ավանդական հանդիսավոր հավաքի ժամանակ: Դրանք ներկայացրեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Բացի բանկերից, նա այս տարի անդրադարձավ նաեւ արագ զարգացում արձանագրած ֆինանսական այլՙ վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների արդյունքներին, արժեթղթերի շուկայի կայացման գործընթացին: Սակայն մինչ այդ ԿԲ նախագահը ներկայացրեց այս տարվա գնաճի ցուցանիշը:
Ըստ Կենտրոնական բանկի գնահատականների, այս տարի գնաճը կկազմի 7 տոկոս: Սա 2007-ի կարեւոր մարտահրավերներից էր եւ պայմանավորված էր սննդամթերքի ու վառելիքի միջազգային գների աճով: Արտերկրից եկող այս գնաճային ճնշումների պատճառով պայմանավորված գնաճը կազմել է 4 տոկոս, իսկ մյուս 3 տոկոսը պայմանավորված էր մոնետար գործոններով: Ընդունելով, որ գնաճի ցուցանիշը լուրջ դժգոհություններ է առաջացրել բնակչության շրջանում, Տիգրան Սարգսյանը միաժամանակ նշեց, որ այն ամենացածրն է ԱՊՀ երկրներում, իսկ մեր հարեւան երկրերի համեմատՙ կրկնակի ցածր:
Բանկային համակարգի արձանագրած ցուցանիշները բնութագրվեցին որպես աննախադեպ: Այսպես, վարկավորման ծավալները բանկային համակարգում աճել են 72 տոկոսով, միայն հիպոթեկային վարկավորման ծավալներըՙ կրկնակի, ակտիվները, պարտավորությունները եւ կապիտալըՙ շուրջ 40 տոկոսով: Նաեւ շահույթի բավականին մեծ աճ է արձանագրվելՙ 23 մլրդ դրամ:
Վարկային կազմակերպություններն այս տարի, ըստ ԿԲ նախագահի, հաղթող են դուրս եկել բանկերի հետ մրցակցության մեջ, քանի որ նրանց ակտիվներն աճել են կրկնակի, վարկավորման ծավալներըՙ 110 տոկոսով, իսկ շահութաբերությունըՙ 20 անգամ:
Ապահովագրական դաշտում փակվել են 6 ապահովագրական ընկերություններ, որոնք չեն համապատասխանել նոր օրենքի չափանիշներին, բայց չնայած դրան, այս ոլորտում նույնպես առաջընթաց կա: Դրա ապացույցը նրանց շահութաբերության կրկնակի ավելացումն է:
Արժեթղթերի շուկայում լուրջ փոփոխություններից գլխավորը շվեդական OMX-ի հետ կնքած գործարքն էր: Դրան զուգահեռ, Կենտրոնական բանկի վարկանշած որոշ ձեռնարկություններ սկսել են թողարկել իրենց արժեթղթերը: «Սա նշանակում է, որ 2008-ին այս ոլորտի բեկումնային զարգացման տարի լինելու հիմքեր ունենք», շեշտեց Կենտրոնական բանկի նախագահը:
2007-ի առանձնահատկությունների թվում Տիգրան Սարգսյանը նշեց օտարերկրյա հայտնի բանկերի Հայաստան մուտք գործելըՙ ռուսական «Տրոյկա դիալոգ», «Գազպրոմբանկ», լիբանանյան «Բիբլոս», «Պրոկրեդիտ» բանկեր: Հաջորդ առանձնահատկությունն այն էր, որ հայկական բանկերը արտերկրից մեծածավալՙ մոտ 82 մլրդ դրամի ֆինանսական միջոցներ են ներգրավել: Մյուսըՙ Հայաստանի համախառն արտաքին ակտիվների 55 տոկոսով աճն է եւ դրամայնացման ցուցանիշի ավելացումը: Ներկա պահի ցուցանիշներով Հայաստանի բանկերի ներգրաված միջոցների 53 տոկոսը դրամով է:
Կենտրոնական բանկում կայացած միջոցառմանը մասնակցում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ