«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2007-12-25 | #239, 2007-12-26 | #240, 2007-12-27


«ՀԱՅ ԻՐԱՎԱԿԱՆ ՄՏՔԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ» ԳԻՐՔԸ ՀԱՆՁՆՎԱԾ Է ԸՆԹԵՐՑՈՂԻ ԴԱՏԻՆ

«Հայ իրավական մտքի ակունքները» գրքի շնորհանդեսն էր երեկ Սահմանադրական դատարանում: Գրքի հեղինակ Ռուբեն Ավագյանը աշխատությունը կարեւորեց հատկապես Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի, Սահմանադրական դատարանի, Գրականության եւ արվեստի թանգարանի, Մատենադարանի եւ այլ գիտական օջախների գործընկերների հետ արդյունավետ համագործակցության առումով. «Հուսով ենք, որ այդ համագործակցությունն ապագայում մեզ հնարավորություն կտա առաջին անգամ հայերեն թարգմանելու այն բոլոր իրավական սկզբնաղբյուրները, որոնք տրված են սույն գրքի հավելվածներում»:

Աշխատանքը, որը ներկայացվում է ընթերցողի դատին, Հայաստանում ճշմարիտ սոցիալ-իրավական պետության ամրապնդման եւ իրավունքի գերակայության կայացման արդի փուլում հայ ժողովրդի իրավական մշակույթի պատմության մասնագիտական ուսումնասիրման հարցում նորովի արժեւորման մի համեստ փորձ է:

«Նման տիպի հետազոտությունները ներկայացնում են պատմական, իրավական արժեքները, որոնք ուսումնասիրելու, դրանցից դասեր քաղելու եւ նորը կառուցելու համար են: Այսօրվա ստեղծածը, հենց իրավական մտքի առումով եմ ասում, այնպիսի իրավական թանգարան է ստեղծելու, որ աշխարհին ցուցադրելու բան ենք ունենալու: Այսպիսի աշխատությունները հնարավորություն պետք է տան փոխելու մտածողությունը, իրավունքին մոտենալու լրջորեն, որովհետեւ իրավագիտությունը նաեւ պետականագիտություն է, դա լրջագույն ոլորտ է, առանց որի պետություն կառուցել չի լինի: Այն գիտական մշակումները, որոնք ժամանակին արժեք էին եւ այսօր փոխանցվում են, այն արժեքները, որոնք այսօր ստեղծվում են, պետք է իրականում նշանակություն ունենան», ասում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4