«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2007-12-26 | #240, 2007-12-27 | #241, 2007-12-28


ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐ, ՇՎԵԴԱԿԱՆ OMX, «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ

2007-ի կարեւորագույն իրադարձությունները կապված են այս անվանումների հետ

Իրան-Հայաստան գազատարը էներգետիկ անվտանգության կարեւոր բաղադրիչ

Անցնող տարվա կարեւոր իրադարձությունների մասին խոսելով, առաջին հերթին պետք է հիշատակել Իրան-Հայաստան գազատարի շինարարության ավարտը եւ շահագործման հանձնելը, որը տեղի ունեցավ մարտին: Գազատարի կառուցումը, որի մասին առաջին խոսակցությունները սկսվեցին շուրջ 15 տարի առաջՙ Հայաստանի դաժանագույն էներգետիկ ճգնաժամի տարիներին, միանշանակ պատմական եւ հույժ անհրաժեշտ իրադարձություն էր Հայաստանի համար ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումներով:

1991-95 թթ. էներգետիկ ճգնաժամից հետո երկիրը կանգնեց էներգետիկ անվտանգության համակարգ ստեղծելու խնդրի առջեւ: Առաջին քայլն այդ ուղղությամբ hայկական ԱԷԿ-ի վերաբացումն էր: Իրան-Հայաստան գազատարն իր նշանակությամբ երկրորդ կարեւոր քայլն էր Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման առումով:

Գազատարի կառուցման հարցում երկու գերտերություններիՙ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում էին: Նրանցից յուրաքանչյուրը, ելնելով սեփական պետական շահերից, դեմ էր այդ նախագծին: Իրանը ԱՄՆ-ի համար հիմնական անհաճո երկրներից է եւ նրա տնտեսական ազդեցության ընդլայնման որեւէ դրսեւորումը հակասում է Միացյալ Նահանգների շահերին: Ռուսաստանն էլ Հայաստանի միակ գազամատակարարն էր, եւ բնական էր նրա ձգտումը իրերի այդ կացությունը, հետեւաբար եւ Հայաստանի միակողմանի կախվածությունն անփոփոխ թողնելու: Սակայն այն փաստը, որ, ի վերջո, գազատարի կառուցումը սկսվեց եւ ավարտվեց, նշանակում է, որ Հայաստանի իշխանություններին հաջողվեց հաղթահարել երկու գերտերությունների բացասական դիրքորոշումը եւ նրանցից «պոկել» գազատարը կառուցելու համաձայնությունը:

Նոր գազատարով Հայաստանը գազ կստանա Իրանից, ինչը նշանակում է էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացում եւ Ռուսաստանից գազամատակարարման միակողմանի կախվածության վերացում:

Չնայած գազատարով ստացած գազը էլեկտրաէներգիայի տեսքով պետք է հետ վերադարձվի Իրանին, դրանով իսկ իրանական կողմին վճարելով գազատարի կառուցման դիմաց, իրանական գազը անհրաժեշտության դեպքում կարող է սպառվել նաեւ Հայաստանի ներքին ցանցում:

Դա նաեւ Հայաստանի համար իր միակ հուսալի հարեւան Իրանի հետ հարաբերությունների սերտացման եւս մեկ նշանակալի քայլ էր: Այն պարագայում, երբ Ադրբեջանը ակտիվ քայլերի է դիմում Հայաստանը մեկուսացնելու ուղղությամբ, առավել կարեւորվում է Իրանի հետ կապերի ամրապնդումը:

OMX-ի մուտքը երկրորդ շնչառություն Հայաստանի տնտեսության համար

Արժեթղթերի շուկայի կայացումը թերեւս Հայաստանի տնտեսության այս պահի ամենակարեւոր հրամայականներից է: Թեեւ այս ուղղությամբ առաջին քայլերը ձեռնարկվեցին 6-7 տարի առաջ, ընդունվեց համապատասխան օրենք եւ ստեղծվեց արժեթղթերի հանձնաժողով, բայց պարզվեց, որ այդ ժամանակն ապարդյուն կորսված էր: Կապիտալի շուկայի եւ մասնավորապես բորսայի գործունեության ամերիկյան մոդելը, որը ցանկացավ Հայաստանում ներդնել Էդուարդ Մուրադյանը, չաշխատեց: Ներկայումս Հայաստանում ձգտում ենք գնալ կապիտալի շուկայի զարգացման այլՙ եվրոպական ճանապարհով: Այս ուղղությամբ Կենտրոնական բանկի ավելի քան մեկ տարվա ջանքերն այս տարի ի վերջո դրական արդյունք տվեցին: Շվեդական բորսայական առեւտրի առաջատար OMX ընկերությունը նոյեմբերին պայմանագիր ստորագրեց Հայաստանի կառավարության հետ Հայաստանի ֆոնդային բորսայի եւ կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելու մասին: Ի՞նչ է սա նշանակում:

Եթե մեկ խոսքով պատասխանենք վերոնշյալ հարցին, ապա սա, առանց չափազանցության, Հայաստանի տնտեսության համար երկրորդ շնչառություն է բացում:

Գլխավորը, որ OMX-ի մուտքը հայաստանյան շուկա կխրախուսի երկրի արժեթղթերի շուկայի զարգացումը եւ ավելի մեծ հնարավորություններ կընձեռի հայկական ձեռնարկություններինՙ ներքին եւ արտաքին ներդնողներից միջոցներ ներգրավելու համար: Այսինքն, հայկական այն ընկերությունները, որոնք կցանկանան աշխատել շվեդական ընկերության խաղի կանոններով եւ կհամապատասխանեն այդ չափանիշներին, կարող են արժեթղթեր թողարկել, վաճառել դրանք ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի բորսաներում: Անշուշտ, ներկայումս հատուկենտ հայկական ընկերություններ կարող են հավակնել դրան, բայց եթե նրանք այդ առումով հաջողություններ արձանագրեն եւ էժան ֆինանսական միջոցներ ներգրավեն, դա վարակիչ կլինի շատ ուրիշների համար: Խոսքը, փաստորեն, անտոկոս գումարներ ներգրավելու հնարավորության մասին է: Պետք չէ բացատրել, թե մշտապես ֆինանսական միջոցների սղությունից եւ վարկերի բարձր տոկոսներից բողոքող տնտեսվարողների, ինչպես նաեւ դրամի արժեւորումից դժգոհող արտահանող ընկերությունների համար ինչ է դա նշանակում:

Այս գործարքի երկրորդ կարեւոր նշանակությունն այն էր, որ առաջին անգամը լինելով, շվեդական ընկերությունը համաձայնում է մուտք գործել Հայաստանի պես փոքր շուկա եւ դա տեղի է ունենում այն ակնկալիքով, ինչի մասին շեշտեցին Երեւան այցելած OMX-ի ղեկավարները, որ հետագայում իր գործունեությունը շվեդական ընկերությունը կտարածի նաեւ տարածաշրջանի մյուս երկրներում: Այսինքն, Հայաստանը մեկ քայլ առաջ է ընկնում այս ոլորտում եւ հավակնում դառնալ տարածաշրջանի առաջատարը կապիտալի շուկայի կայացվածության առումով:

Նոր օդանավակայան շրջափակման մեջ գտնվող Հայաստանում

Ժամանակին բազում շահարկումների առիթ տված «Զվարթնոց» օդանավակայանը Էդուարդո Էռնեքյանին երկարաժամկետ կառավարման հանձնելու պայմանագիրը ցույց տվեց իր հիմնավորված լինելը: Անցյալ տարի բացվել էր օդանավակայանի նոր ուղեւորային համալիրի ժամանման սրահը, իսկ այս տարիՙ մեկնման սրահը: Դրանով ավարտվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վերակառուցման երեք փուլից բաղկացած ներդրումային ծրագրի առաջինՙ հիմնական փուլը, որի ժամանակ ներդրված գումարը կազմեց 100 մլն դոլար: Այս ընթացքում վերանորոգվեց 54 հազար քմ թռիչքուղին, տեղադրվեց լուսավորության նոր համակարգ, կատարվեցին նորՙ տեսանելի նշադրումներ, տեղադրվեցին թռիչքներն ազդարարող նոր համակարգ, վերգետնյա սպասարկման հատուկ սարքավորումներ եւ ուղեւորների, ուղեբեռների հաշվառման ժամանակակից ավտոմատ սարքեր: Համալիրի անվտանգության համակարգը հագեցած է 150 տեսախցիկներով, վերանորոգված են երկու VIP սրահները: Ժամանման եւ մեկնման սրահներում կան հանգստյան սրահներ, ռեստորաններ եւ առեւտրի խանութներ:

Կարծում ենք, որ տարակարծություն չկա այն հարցում, թե ինչ նշանակություն ունի նորակառույց եւ ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող օդանավակայանը շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար:

Ոչ պակաս ուշագրավ այլ իրադարձություններ

Վերոնշյալ իրադարձությունները տարվա ամենակարեւոր տնտեսական իրադարձություններ համարելը, սակայն, չի նշանակում, թե 2007-ին այդպիսիք այլեւս չեն եղել: Թերեւս կարեւոր իրադարձությունների շարքում կարելի է դասել Երեւանում Հյուսիսային պողոտայի բացումը, որը սկսվել էր 4 տարի առաջ եւ շուրջ 100 մլրդ դրամի ներդրումներ ներգրավել, բջջային կապի օպերատոր «Վիվասելի» ձեռքբերումը ռուսաստանյան MTS ընկերության կողմից, հոկտեմբերի 1-ից «Արմենտելի» բոլոր մենաշնորհների վերացումը եւ հեռահաղորդակցության ոլորտի լիակատար ազատականացումը, Կավկազ-Փոթի լաստանավային նոր անցման բացումը, որը թեեւ դեռ ակնկալվող արդյունքը չի տվել, բայց, անկասկած, Հայաստանի արտահանման զարգացման համար կարեւոր նշանակություն եւ հեռանկարներ ունի, մի շարք ընկերությունների կողմից պարտատոմսերի թողարկումը, նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ գործնական պայմանավորվածությունները:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4