«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2007-12-26 | #240, 2007-12-27 | #241, 2007-12-28


ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԸ 33-ԻՑ ՆՎԱԶԵՑՎԵՑ 30-Ի

Իսկ երրորդ երեխայի ծննդյան գումարը կկազմի 300 հազար դրամ

Պետական նպաստների համար եկող տարի պետական բյուջեից կհատկացվի 32 մլրդ 400 մլն դրամ, այս տարվա 29 մլրդ 200 մլն դրամի դիմաց: Այս մասին, ներկայացնելով այս ոլորտին առնչվող կառավարության ընդունած որոշումները, հայտնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը:

Նկատի ունենալով, որ 2008-ի հունվարի 1-ից կենսաթոշակների 65 տոկոսով բարձրացման հետեւանքով 35748 ընտանիքներ կարող են կորցնել ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը, կառավարության որոշմամբ ընտանիքների անապահովության գնահատման սահմանային միավորը 2007-ի 33-ի փոխարեն իջեցվել է 30-ի: Դա շուրջ 14 հազար ընտանիքների հնարավորություն կտա պահպանելու ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը: Մեկ այլ որոշմամբ ընտանեկան նպաստ ստանալու իրավունք կունենան նաեւ այն ընտանիքները, որոնց կենսաթոշակի չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար չի գերազանցի 30 հազար դրամը: Սա նշանակում է, որ ավելի քան 9 հազար ընտանիքներ նույնպես կստանան ընտանեկան նպաստներ: Մնացած ավելի քան 12 հազար ընտանիքներից մոտ 8 հազարը ընտանեկան նպաստից դուրս կմնան, այսպես ասած, «դրական հաշվեկշռով»: Այսինքն, կենսաթոշակի բարձրացման չափն ավելի մեծ է լինելու, քան կորցրած նպաստի գումարը:

Ինչ մնում է ընտանեկան նպաստից բացասական հաշվեկշռով դուրս մնացող մոտ 4 հազար ընտանիքներին, ապա Երեւանի քաղաքապետին եւ մարզպետներին տրված վարչապետի հանձնարարությամբ, այդ ընտանիքներն առաջնահերթ պետք է ներկայացվեն եռամսյակային հրատապ օգնության ծրագրերում ընդգրկվելու համար: Ընտանեկան նպաստի համակարգում չընդգրկված, բայց սոցիալական վատ պայմաններում ապրող ընտանիքների հրատապ օգնության չափն այս տարվա 7,5 հազար դրամի փոխարեն 2008-ին սահմանվել է 8 հազար դրամ:

Ինչպես հայտնեց փոխնախարարը, փոխվել են անապահովության գնահատման տիրույթները, որոնք թույլ են տալիս տարբերակված նպաստներ վճարել ըստ ընտանիքի անապահովության աստիճանի, բազմազավակության, լեռնային եւ սահմանամերձ բնակավայրերում բնակվելու ցուցանիշների: Բազային նպաստը սահմանվել է 8 հազար դրամ, որը 9 տոկոսով ավելի է այս տարվա չափից: Երեխաների համար տրվող հավելավճարները կկազմեն 5-7,5 հազար դրամ: Ընդհանուր առմամբ, ընտանեկան նպաստի միջին ամսական չափը բարձրացվում է 20 տոկոսով եւ 2007-ի 17 հազար դրամի փոխարեն կկազմի 21 հազար 100 դրամ:

Կառավարության երեկվա մեկ այլ որոշմամբ, 2008-ից ընտանիքում ծնված երրորդ եւ հաջորդ երեխաների համար կտրամադրվի 300 հազար դրամ օգնություն 2007-ի 200 հազար դրամի փոխարեն: Ընդ որում, Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ այդ գումարը կարող են ստանալ նաեւ այն ընտանիքները, որոնք ընդգրկված չեն եղել ընտանեկան նպաստի համակարգում: Դրա համար, երրորդ երեխայի ծնվելուց հետո ընտանիքները կարող են դիմել ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու համար եւ ստանալ այդ գումարը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4