«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2007-12-26 | #240, 2007-12-27 | #241, 2007-12-28


«ՏԱՐՎԱ ՄԱՐԴ» ՏԻՏՂՈՍԸՙ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ

Ի՞նչ է ուզում Գագիկ Ծառուկյանը Ձմեռ պապից

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Անցնող տարում գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ (ԲՀԿ) Գագիկ Ծառուկյանը, «Հայելի» ակումբի հարցմամբ համարվել է տարվա մարդ: «Տարվա մարդ, ժողովրդին մոտ գործարար» տիտղոսը երեկ ակումբում շնորհվեց Գագիկ Ծառուկյանին: Ակումբը նման մրցանակ շնորհում է արդեն երկրորդ տարին, իսկ առաջին անգամ հիշյալ տիտղոսին արժանացել է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ինչպես ներկայացվեց, Գագիկ Ծառուկյանին «Տարվա մարդ» տիտղոսը շնորհվել է մեծահոգության, ժողովրդին մոտ լինելու, Հայաստանի սպորտի զարգացումը խթանելու եւ մի շարք այլ հատկանիշների համար:

Մրցանակի շնորհմանը հաջորդած ասուլիսի ժամանակ Գագիկ Ծառուկյանն անկեղծացավ ու պատասխանեց հարցին, թե ինչ նվեր կուզեր Ձմեռ պապից. «Ես կցանկանամ, որ Ձմեռ պապն այնպիսի նվեր տա մեր երկրին, մեր ժողովրդին, որ նախանձը վերանա, որ մարդիկ կարողանան իրենց աշխատանքով իրենց ընտանիքը պահել»: Հարուստ գործարարը նշեց, որ թեեւ ինքն ամեն ինչի հասել է, բայց վատ չէր լինի, որ Ձմեռ պապը` որպես նվեր ապահովեր երկրի զարգացումը: Լայն հնարավորություններ ունեցող գործարարն այլ դժվարություն ունի` պետք է նվերներ պատրաստի իր երեխաների համար. «Էնքան է աշխուժացել տղաս, չի հավատում, որ Ձմեռ պապի կա, երեւի Ձմեռ պապի նվիրեմ»: Գագիկ Ծառուկյանը նվերներ է պատրաստել նաեւ հանրապետության 10 հազար երեխաների համար: Տոնական օրերին, գործարարի խոսքով, իրենց տարածքային կառույցների աշխատակիցները շրջելու են հանրապետությունում եւ 10 հազար նվերներ են բաժանելու երեխաներին:

Հաջողության հասնելու գրավականը, Գագիկ Ծառուկյանի գնահատմամբ, լավատեսությունն ու ձգտումն է, իսկ ժողովրդի վստահությունը պարտավորեցնող է, ինչը պետք է պահել պահպանել: Անցնող տարվա ձեռքբերումները նշելիս, Գագիկ Ծառուկյանն առանձնացրեց հայկական սպորտի` մասնավորապես հայ ըմբիշների հաջողությունները Բաքվում: «Մեր երկրի համար ամենամեծ ձեռքբերումը սպորտի համար է, որ մենք կարողացանք ըմբշամարտիկներին Բաքու ուղարկել 10 օրով, ոչ թե 2 ժամով տարան, հետ բերեցին, այլ 10 օրով 35 ըմբշամարտիկներ, ովքեր կարողացան իրենց պայքարով հայկական դրոշը Բաքվում բարձրացնել», ընդգծեց Գ. Ծառուկյանը: Քաղաքական հաջողություններից խոսելիս նա նշեց, որ անցնող տարում ԲՀԿ-ն կարողացավ արժանանալ ժողովրդի վստահությանն ու դառնալ երկրի երկրորդ ուժը:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ իրենք կատարելու են իրենց քաղաքական խոստումն ու նախագահական ընտրությունների ժամանակ սատարելու են Սերժ Սարգսյանին: Իսկ թե ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրել իր թեկնածությունը, եղավ հետեւյալ պատասխանը. «Ամեն մեկը չի կարող իր թեկնածությունն առաջադրել, 3 միլիոն բնակիչ ենք»:

Մեկ այլ գործարարի` Խաչատուր Սուքիասյանի մասին Գագիկ Ծառուկյանը կրկնեց ավելի վաղ հայտնած կարծիքը. նրանք ընկերներ են, բայց ամենքն իրենց ուղղությամբ են շարժվում. «Խաչիկ Սուքիասյանն էլ կարող է իր ծրագրերը ներկայացնել ժողովրդին, ընտրություններն ամեն ինչ ցույց կտան»: Ղարաբաղի խնդրի առնչությամբ էլ ասաց, թե մինչ այժմ եղած պայքարը չի կարող վերադարձնել նախկին կարգավիճակին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4