«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2007-12-27 | #241, 2007-12-28 | #242, 2007-12-29


ԻՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ 2008-ԻՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԱՌՆԵՏԻ ՏԱՐՈՒՄ

Կեսդարյա մանկավարժական փորձ ունեցող, 6 գիտական գրքերի հեղինակ, մաթեմատիկոս եւ աստղաբան Էլյա Հովհաննիսյանը մշտապես «Ազգ» օրաթերթին է տրամադրում իր թվային հաշվարկներով կատարած ուսումնասիրությունները Նոր տարվա շեմին: Ավանդույթը չխախտելով, մեր ընթերցողներին ենք ներկայացնում, թե ինչպիսին է լինելու 2008-ը եւ ինչ է սպասում ՀՀ նախագահի թեկնածուներին:

Աստղաթվագիտության տեսակետից 2008-ին Երկիր մոլորակում տեղի կունենան այնպիսի իրադարձություններ եւ փոփոխություններ, կապված երկրագնդի առանցքի փոփոխության հետ, որի պատճառով երկրային մակերեւույթի բարձրացում եւ իջեցում կնկատվի: Այդ երեւույթի հետ կապված կլինեն ջրհեղեղներ, երկրաշարժեր եւ այլ աղետներ, որոնք կանդրադառնան հատկապես կլիմայի եւ բուսականության վրա եւ նույնիսկ կարող են հայտնվել անսովոր մարդկային արարածներ: 2008-ին կավարտվի ինֆորմացիայի քանակական կուտակումը եւ կառաջանա նոր սկիզբ, մեծ գործունեություն, կմեծանա հետաքրքրությունը հոգեւորի նկատմամբ: Իսկ դա նշանակում է` կսկսվի կանանց կառավարման շրջանը եւ կշարունակվի մինչեւ 2032 թվականը: 2008-ին քաղաքական դաշտում ի հայտ կգան նոր առաջնորդներ բոլոր բնագավառներում: Նրանք, ովքեր առաջնորդելու են ազգը, պետք է հոգեւորով ապրողներ լինեն: 2008-ին նախագահի աթոռին հավակնող թեկնածուներին սպասվում է.

Արամ Հարությունյան, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ- Ջրհոսի նշանի տակ ծնվածին փետրվարի 18-ինՙ ծննդյան օրվանից հետո նոր վերելք կսկսվի ու ֆինանսական հաջողություններ կլինեն, իսկ մինչ այդ նրա համար լավ ժամանակներ չեն ու գործերը լավ չեն ընթանա:

Արթուր Բաղդասարյան, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ- Կարիճի նշանի տակ ծնվածին 2008-ի նոյեմբեր ամսից հետո միայն նրա գործերը կլավանան: Մինչ այդ նա կլինի անկման փուլում: Երեխայի հետ կապված խնդիրներ կծագեն:

Արման Մելիքյան, անկուսակցական- Ձկան նշանի տակ ծնվածին մինչեւ մարտի 11-ը սպասվում է վերելք, որից հետո 10 տարի անկման փուլում կլինի: Այս տարին աներկյուղ է ձկների համար:

Արտաշես Գեղամյան, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ- Աղեղնավորի նշանի տակ ծնվածին սպասվում է լրիվ անկման շրջան մինչեւ 62 տարեկան հասակը (2011 թիվ), որից հետո կսկսվի առաջխաղացումը: Աղեղնավորը ծնողներից շահ թող չակնկալի:

Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀՀ առաջին նախագահ- Այծեղջյուրի նշանի տակ ծնվածին, որը գտնվում է անկման փուլում, սպասվում է ավելի վատ անկման շրջան մեկ տարի շարունակ: Անհաշտություններ կլինեն եղբայրների հետ:

Սերժ Սարգսյան, «Հանրապետական» կուսակցության նախագահ- Խեցգետնի նշանի տակ ծնվածին սպասվում է լի ու բուռն ճամփորդության տարի: Օջախ շենացնող խեցգետինը հոգով ապրող է եւ նրան առաջիկա 10 տարին վերելքի տարիներ են լինելու: Բոլոր հանդիպումները, հատկապես տղամարդկանց հետ, հունիսի 30-ից հոկտեմբերի 30-ը կլինեն հետաքրքրական եւ շատ օգտակար իր համար: Առողջական վիճակը կախված կլինի աշխատանքի որակից:

Վահան Հովհաննիսյան, ՀՅԴ բյուրոյի անդամ-Առյուծի նշանի տակ ծնվածին սպասվում է ահի, տագնապի տարի: Նա գտնվում է լրիվ անկման փուլում եւ մեծ վերելքի կհասնի 10 տարի անց միայն:

Վազգեն Մանուկյան, Ազգային ժողովրդական միության նախագահ-Ջրհոսի տարում ծնվածին սպասում են ֆինանսական հաջողություններ: Անցնող տարում ջրհոսը վատ առողջական վիճակ է ունեցել, որը կշարունակվի նաեւ 2008-ին, իսկ 65 տարին լրանալուց հետո (2011 թ.) կունենա վերելք:

Տիգրան Կարապետյան, «Ժողովրդական կուսակցության» նախագահ- Ցուլի նշանի տակ ծնվածին կշրջապատեն սիրով, սակայն նա մեծ անկման փուլում է գտնվում: Նրան վերելք է սպասվում 70 տարեկանին մոտ (2015 թ.) միայն:

«ՀՀ նախագահի 8 թեկնածուներից ոչ մեկը Սերժ Սարգսյանին մրցակից չէ», եզրափակեց տկն Էլյան: Որպես նվեր տկն էլյան թվաբանական հաշվարկով ներկայացրեց, թե 2008-ին ինչ է սպասում «Ազգ» օրաթերթին: «2008 թվերի գումարը` 2+8=10 այս թիվը նշանակում է, որ այն կլինի առաջնորդ, սպասվում են մեծ հաջողություններ, որոնք կախված կլինեն այն բանից, թե բարեկամներն են շատ, թե՞ թշնամիները: Տարին թերթի համար շատ լավ ու բարենպաստ է: Ազգ բառը ինքը թվերի գումարումով հավասար է մեկի, որն էլ հենց նշանակում է` կլինի առաջնորդող, կունենա կամքի ուժ, յուրօրինակություն»:

Առնետի տարում մարդիկ պետք է կարողանան հասկանալ այս նախանշանի էությունը, որը վերին ուժերի նետած մարտահրավեր է, այսինքն` զսպեն իրենց բացասական հույզերը միմյանց հանդեպ եւ ապրեն համամարդկային սիրո օրենքներով:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4