«Ինքնասիրահարված» կովկասցիներն ու ոչ միայն...
Տարածաշրջանային զարգացումները միշտ չէ, որ իներցիոն ընթացք ունեն, հատկապես այնպիսի մի աշխարհագրական հատվածում, ինչպիսին Կովկասն է: Ընդամենը մի քանի պետության սահմանների խճանկարում նորմալ միջպետական հարաբերությունները հազվադեպ երեւույթ են: Ռուսաստանը բարեկամություն է անում Հայաստանի հետ, ոչ միանշանակ ռազմավարական ընկերություն դրսեւորում Ադրբեջանի հետ հարաբերություններում, իսկ Վրաստանի հետ հարաբերությունները լրտեսությամբ, անեքսիայի ու գրեթե ռազմական բախումների պատրաստակամությամբ են բնութագրական:
Հայաստանն իր հերթին դիվանագիտական կապ չունի Անկարայի հետ, Ադրբեջանի հետ փոխհարաբերումն ավելի շատ քարոզչական ու վերջինի կողմից զուտ ռազմատենչ իրողությունների ցուցադրում է: Ռուսաստանի հետ մենք էլ ռազմավարական գործընկեր կոչվելու մոտեցումն ենք ընդունում, մինչդեռ Վրաստանի հետ հարաբերությունները «ոչ ձուկ, ոչ միս» պիտակին են արժանի:
Թուրքիան «ախպերություն» է անում Ադրբեջանի հետ` այդ «բարեկամության» բոլոր դրական ու բացասական կողմերով հանդերձ, իսկ Հայաստանի հետ առանց նախապայմանների սահմաններ բացելուն կողմնակից չէ: Դրա փոխարեն թուրքական կապիտալը հոսում է Վրաստան, թուրք շինարարներն էլ թբիլիսյան օդանավակայանի քամիներին չդիմացող «տանիքն» են հեղինակում:
Ինչեւէ, այս ամենի ֆոնին խոսակցություններից գործի է վերածվում Հայաստանը շրջանցող շահեկանության առումով թուրք-ադրբեջանական այնպիսի մի նախագիծ, ինչպիսին Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծային կապի ապահովումն է: Ու չնայած այդ նախագծին Եվրոմիության ու ԱՄՆ ֆինանսական «ոչ»-երին, ռուսական տափաստաններով չինական ապրանքների տեղափոխման դիմաց գանձվելիք «միլիարդների» հոսքը այլ` Կարս-Ախալքալաք գծով մեծ հավանականությամբ իր հետ կարող է տանել նաեւ ղազախական նավթն ու գազը` Բաքու-Ջեյհան գծով:
Ամեն դեպքում, ի՞նչ են կառուցում կամ շրջանցում Կովկասում, բնավ կարեւոր չէ Ռուսաստանում այս տարի իրադարձություն դարձած պուտինյան փոխատեղումի ֆոնին` «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդարանական ընտրություններում հաղթանակի եւ ներկայիս նախագահ Պուտինին կրկին իշխանական բուրգում վարչապետ ունենալու առումով: Էներգետիկ դիվերսիֆիկացիայի մեծագույն անհրաժեշտության, բայց նաեւ մեծագույն դժվարության առաջ կանգնած Եվրոպայի համար Ռուսաստանի նախագահի մի որոշ ժամանակ անց կրկին նախագահ դառնալու հեռանկարը չի ներդաշնակում «Թայմի» կողմից նույն Վլադիմիր Վլադիմիրովիչին «Տարվա մարդ» կոչելու տրամաբանությանը: Ինչպես ասում են` «ձՎՏՎ ՀՏրրՌ՚ վպ տՏվÿՑՖ»:
Բայց աշխարհաքաղաքական իրադարձությունները գնալով հնարավորություն են տալիս նման կերպ արտահայտվելու բոլորի, հատկապես պետությունների եւ պետական այրերի վարքագծի կապակցությամբ: Այլապես որեւէ կերպ տրամաբանված չես կոչի նաեւ մոտեցումների այն ձեւափոխությունները, որ ի հայտ եկան դեռեւս տարեսկզբին մեր տարածաշրջանի եւ ավելի լայն մասշտաբի իրականության ցնցող ու դաժան արտացոլմամբ` Ստամբուլի «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությամբ:
Ասվեց, գրվեց աներեւակայելին ու մարդասիրականը, անսպասելին ու անիրականը, Ստամբուլի փողոցներում ցույցի դուրս եկածներն իրենք իրենց Դինք կոչեցին, բայց վերեւներում ոչինչ չփոխվեց: Ու արվեցին կանխատեսումներ, որ ավելի շատ հույս ու բարի ցանկություն էին հիշեցնում տարածաշրջանում իրադրության փոփոխության առնչությամբ, բայց Դինքի սպանությունը հետաքննող Թուրքիան մի որոշ ժամանակ անց ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության 106-րդ բանաձեւի դեմ Հյուսիսային Իրաքում «քրդական հարց» լուծելու «վետոն» թափահարեց, որ, ի հակադրություն 106-րդ բանաձեւի ճակատագրի, շանտաժից շատ արագ վերածվեց գործի:
Ոչ այս տարի, բայց մինչեւ 2008-ի ընտրություններ, չգիտես էլի ի՞նչ տրամաբանությամբ, իրականություն տեսնելու ցանկություն եւ մոտեցում դրսեւորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարեվերջի մադրիդյան Օսկանյան-Մամեդյարով հանդիպումներում` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին փոխանցելու համար արտգործնախարարներին հանձնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների «թարմացված» փաստաթուղթը: Արդեն տարիներ քննարկվող փաստաթուղթը թարմացվեց, բայց հինն են մնացել ինչպես ինքնորոշման իրավունքի առումով հայկական, այնպես էլ տարածքային ամբողջականության առումով ադրբեջանական դիրքորոշումները:
2006-ը ղարաբաղյան հարցի կարգավորման կտրվածքով «հնարավորության պատուհան» էր, 2007-ը` երեւի «օդանցք», ու եթե գոնե այս դեպքում առաջնորդվենք որեւէ տրամաբանությամբ, ապա 2008-ը կարող է հավակնել «պատ» կամ «դատարկություն» որակմանը: Ուրեմն զինվենք համբերությամբ ու լավատեսությամբ, չմոռանալով, որ եթե ինքդ քեզ համար ճանապարհ չհարթես, ոչ ոք չի հարթի` հաշվի առնելով, որ այդկերպ արտահայտվում են շնորհալիների մասին: Իսկ որ մենք` հայերս շնորհալի ենք, կասկած չի կարող լինել (դե՞մ չեք նման մեծամտությանը), այլապես ի՞նչ գործ ունենք տարածաշրջանի, չէ, Եվրասիա մայրցամաքի այս շատ յուրօրինակ «խաչմերուկում»:
Միայն թե, Աստված մի արասցե, որ այս «խաչմերուկում» էլ երթեւեկությունը կանոնակարգի այնպիսի մի լուսացույց, ինչպիսին երեւանյան փողոցներում ենք հանդիպում:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ