«Միշոյի ստեղծագործությունը դիմադրում է ընդունված բոլոր բնորոշումներին: Մերժելով արեւմտյան արվեստի կարեւորագույն ավանդույթներից մեկըՙ դատողության, մտքի գերակայությունը, այն շրջանցում է նաեւ Ֆրոյդի տեսության եւ հոգեվերլուծության թանկագին «ավանդները», որոնցով այնքան առատորեն սնվել են այդ տարիների բանաստեղծական դպրոցները եւ ուղղությունները, առանձնապես հարկ է հիշատակել սյուրռեալիստներին: Միշոյի ստեղծագործությունն այսօր էլ մնում է եսի եւ քնարականության ամենաառեղծվածային արտահայտություններից մեկը ֆրանսիական ժամանակակից գրականության մեջ», ասաց թարգմանչուհի Շուշանիկ Թամրազյանըՙ Հայաստանում ֆրանսիական դեսպանատանն առաջին անգամ ներկայացնելով Անրի Միշոյի «Պլյում» ժողովածուի հայերեն իր թարգմանությունը:
Ժողովածուն երկլեզու էՙ հայերեն եւ ֆրանսերեն, «Ակտուալ արվեստ» հրատարակչության մտահղացմամբ: Ֆրանսիական դեսպանատան օժանդակությամբ վերջինս փորձում է վերականգնել ֆրանսիական ժամանակակից գրականությունը թարգմանելու եւ ընթերցող հասարակությանը ճանաչելի դարձնելու մեզանում վաղուց ձեւավորված ավանդույթը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ