Մրցաշրջան-2007-ը հարուստ էր մարզական մի շարք իրադարձություններով, որոնց անմասն չմնացին նաեւ Հայաստանի մարզիկները: Նրանք բավական հաջող մրցելույթներ ունեցան միջազգային մրցասպարեզներումՙ տուն վերադառնալով մեդալների հարուստ ավարով: Ավանդույթի համաձայն, հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը դրամական պարգեւներ հանձնեց մրցաշրջանի ընթացքում առավել աչքի ընկած մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին ու հավաքականների մարզիչներին: Այս անգամ պարգեւատրման հանդիսավոր արարողությունը կայացավ «Օջախ» ռեստորանային համալիրում: Երեկ բազմամարդ էր համալիրը, որտեղ պետական այրերը, քաղաքական գործիչները, մարզաշխարհի ու լրատվամիջոցների ներկայացուցիչները մեծարեցին մրցաշրջան-2007-ի դափնեկիրներին:
Ավարտելով պարգեւատրման հաճելի արարողությունը, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորեց պարգեւատրվածներինՙ մաղթելով նորանոր հաջողություններ սպորտում ու անձնական կյանքում: Մեծարման երեկոն անցավ տոնական բարձր տրամադրությամբ, որն ուղեկցվում էր երգ ու պարով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ