«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#242, 2007-12-29 | #1, 2008-01-08 | #2, 2008-01-09


Ո՞ՒՄ ԴԻՄԱՆԿԱՐՆ Է ԳԵՐԱԴԱՍԵԼԻ, ՆՈՐԱԹՈՒԽ ՆԱԽԱԳԱՀԻ՞, ԹԵ՞ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԻ

Ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանում անցած տարվա մեջ անցկացված պառլամենտական եւ սպասվող նախագահական ընտրությունները ժողովրդի գերակշիռ մասի համար հետաքրքրություն չեն ներկայացնում: Բոլորի համար պարզ է, որ երկրում հաղթանակում է «պուտինիզմը» (այս տերմինը հնարել են Վլադիմիր Վլադիմիրովիչի` չարությունից թե անզորությունից սմքած հակառակորդները): Անբույր է դարձել ներքաղաքական կյանքն այս տերությունում:

Անցած տարվա քաղաքական մեկնաբանությունների մեջ, անտարակույս, շռայլ հետք էր թողնում... հումորը: Դե, ուրիշ ինչպես, եթե նախապես գիտես բոլոր քաղաքական խոշոր իրադարձությունների վախճանը, ավելի կոնկրետ` դրանց կախվածությունը մեկ մարդու կամքից: Արդյոք զարմանալի՞ է, երբ Դմիտրի Մեդվեդեւին նախագահի թեկնածու ընտրելուց հետո մեկնաբանների համար սկզբունքային դարձավ հետեւյալ հարցը` ռուսաստանցի պաշտոնյաները ո՞ւմ դիմանկարը պիտի կախեն իրենց աշխատասենյակում` նորընտիր նախագահի՞, թե՞ նորանշանակ վարչապետի: Հարցը, իհարկե, համլետյան չէ` լինել-չլինել, բայց անշուշտ, գերնրբանկատ է «աթոռի» վրա նստած մարդու համար:

Պուտինն անսասան է, ինչքան էլ նրա գլխով ամպեր անցնեն: Նույնիսկ մամուլում հրապարակված ամպագոռգոռ «մերկացումները», որ, իբր, նրա անձնական հարստությունը կազմում է 40 միլիարդ դոլար` հանգրվանած եվրոպական բանկերում, արձագանք չգտան եւ շատ արագ շնչահեղձ եղան: Կարծես չէին էլ եղել; Նույն բախտին արժանացավ նրան սպանելու վարկածը:

Սակայն դառնանք զավեշտին: Պառլամենտական ընտրություններում «Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակի մեջ ամենամեծ նորությունը համարվեց այն, որ Դումայում հայտնվել են մեծ թվով ճանաչված մարզիկներ, որոնք մինչ այդ հանդես էին գալիս... շոու-բիզնեսում, իսկ որոշ գեղեցկատես չեմպիոնուհիներ չէին իջնում պատկերազարդ ամսագրերի էջերից: Նույնիսկ առաջարկություններ հնչեցին պառլամենտում ստեղծել մարզական խմբակցություն, որն զբաղվեր ժողովրդական հանդիսություններ կազմակերպելով, օրինակ` «Պատգամավորական փառքի րոպե» կամ «Պատգամավորական սուպեր սթար» եւ այլն:

Սակայն, ինչպես հայերս կասեինք, էս բոլորը հեչ: Հիմա Ռուսաստանի քաղաքական միտքը կենտրոնացած է նախագահի անտարակուսելի թեկնածուի` Դմիտրի Մեդվեդեւի վրա: Ընդսմին, նույնպես ի տարբերություն Հայաստանի, նրա անձն ու կենսագրությունը պեղում են ոչ թե նրան սեւացնելու համար, այլ ավելի շուտ այն նպատակով, որ մարդիկ ավելի լավ ճանաչեն իրենց հաջորդ ղեկավարին: Բոլորը գիտեն, որ եթե Պուտինը նրան է մատնանշել, ուրեմն հարցը պետք է համարել փակված: Նույնիսկ ռուս նացիոնալիստները, որ արդեն «հայտնաբերել են» Մեդվեդեւի «հրեական» արմատներն ու առնչությունները (մայրն ու կինը), ծայրահեղ անողոքություն չեն դրսեւորում: Նրանք նաեւ հնարավոր են համարում, որ Պուտինը դա արած լինի կանխամտածված, որպեսզի որպես «ռուսական ազգության անձ» բարոյական ավելի մեծ իրավունք ունենա շարունակելու երկրի կառավարումը:

Խիստ ցավալի է, որ ռուսաստանյան մամուլը համառորեն ոչինչ չի ասում, թե Մեդվեդեւը ինչպես է տրամադրված... Հայաստանի ու հայության նկատմամբ: Առայժմ հայտնի չէ նաեւ, թե նրա շրջապատում կա՞ն ազդեցիկ հայեր: Թեեւ գուցե դա էլ այնքան կարեւոր չէ. գիտենք Պուտինի շրջապատը:

Տաղտկալի է Ռուսաստանի ներքաղաքական անցուդարձը: Ափսոս չէ՞ Հայաստանը, որտեղ գահի հավակնորդներն ի սրտե, հրապարակայնորեն... շան լափ են թափում միմյանց գլխին:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4