Արյան պահպանման նոր միջավայր նորաբաց արյան բանկում
«Մենք շուրջ 15 հազար դոնորներ ունենք Հայաստանում, սակայն որպեսզի ամբողջ արյան ապահովվածության խնդիրը լուծվի, պետք է բնակչության 2 տոկոսը լինեն դոնորներ», երեկ պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում տեղի ունեցած արյան բանկի բացման ժամանակ հայտնեց արյան փոխներարկման ինստիտուտի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը: Երեկ Հայաստանի արյան դոնորների օրն էր, իսկ նորաբաց արյան բանկը, ոլորտի ներկայացուցիչների խոսքով, հավակնում է լավագույնը լինելու ոչ միայն մեր երկրում, այլեւ տարածաշրջանում: Բացմանը ներկա էին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, հանձնաժողովի անդամներ, առողջապահության նախարարության ներկայացուցիչներ:
Սմբատ Դաղբաշյանի խոսքով, արյան բանկի դոնորական բաժանմունքը պատրաստ է սպասարկելու Հայաստանի բոլոր դոնորներին, հնարավորություն կընձեռվի, որ վերցված դոնորական արյունը նաեւ հետազոտվի լաբորատորիայում, ինչը բնակչությանը կվստահեցնի, որ իրեն փոխներարկվող արյունը վարակի տեսանկյունից անվտանգ է: Ժամանակակից սարքավորումներով հագեցած արյան բանկը ստեղծվել է առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ, առաջին տիկին Բելա Քոչարյանի հովանավորությամբ, ինչպես նաեւ միջազգային գործընկերների աջակցությամբ:
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի խոսքով, արյան բանկը տարածաշրջանում միակն է, իսկ բանկի ստեղծմամբ ցանկանում են ամրապնդել կամավոր դոնորությունն ընդհանրապես, ինչը կլինի անվտանգ արյան երաշխիք: Արա Բաբլոյանն իր հերթին նշեց, որ հարեւան երկրներում արյան կենտրոններն ավերվել են եւ լավ աշխատելու դեպքում նորաբաց արյան բանկը կարող է օգտակար լինել նաեւ հարեւան հանրապետությունների համար:
Սմբատ Դաղբաշյանի ներկայացմամբ, դոնորությունը բարեգործական ակցիա է, գալիս է Ֆրանսիայից, եւ բացի արյան դոնորներից կան նաեւ երիկամների, ոսկրածուծի դոնորներ: Մեր երկրում հիմնականում արյան դոնորներ կան, որոնց մեջ գերակշռում են հիվանդի հարազատները:
Արյան բանկի արյունաբան Մարինե Քամալյանը նշեց, որ մեզ մոտ հիվանդի կյանքը փրկելու համար արյուն տալու պատրաստ են հիմնականում` 85 տոկոս դեպքերում, հիվանդի հարազատները: Իսկ կամավոր կամ վճարովի դոնորները շատ քիչ տոկոս են կազմում:
Արյուն հանձնելը կամ արյան դոնորությունը, մասնագետի պնդմամբ, բացարձակ անվնաս է օրգանիզմի համար: Հիշեցնենք, որ մեր երկրում պետականորեն սահմանված գինը 450 մգ արյան դիմաց 10 հազար դրամ է:
Մեկ փուլում հանձնվում է 450 միլիգրամ արյուն: Արյունաբանի խոսքով, տարին մեկ-երկու անգամ արյան հանձնումը ոչ թե վնասակար, այլ օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այդպիսով փոխվում է մարդու արյունը: Ավելին, Սմբատ Դաղբաշյանն ընդգծեց, որ դոնորներն ավելի քիչ են հիվանդանում, քան մյուս մարդիկ, բացի այդ, դոնորներն անընդհատ հետազոտվում են:
Արյունաբան Մարինե Քամալյանի տեղեկացմամբ, այս պահին արյան բանկում 1000-ից ավելի միավոր արյուն կա: Հանրապետության եւս 4 արյան կենտրոններում կա մոտ 500 միավոր արյուն: «Եթե մեր հանրապետությունում ինչ-որ արտակարգ պատահար լինի, սկզբնական մի քանի օրը մեր ունեցած արյունով կկարողանանք ապահովել, մինչեւ բնակչությունն ինքը դիմի եւ արյուն հանձնի», նշեց մասնագետը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ