«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#242, 2007-12-29 | #1, 2008-01-08 | #2, 2008-01-09


ԺԱՄԿԵՏԱՆՑ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ` ԱՆՑՅԱԼ ՏԱՐՎԱ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ «ԽԻԶԱԽ» ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

«Վ. Զատիկյանի անվան այգում տեղի ունեցած ծառահատումների դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազ Ս. Սինանյանի 08.01.08 թ. որոշմամբ հարուցվել է քրեական գործ: Դեպքի վայրում կատարված տեղազննությամբ պարզվել է, որ այգում հատվել է 51 ծառՙ 15 հացենի, 36 թխկի, թեղի, բարդի: 08.01.08 թ. համայնքի դատախազի ղեկավարությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են հանցագործության բացահայտման աշխատանքները, եւ դատախազը հանձնարարել է ոստիկանության մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը հանցագործության արագ բացահայտումն ապահովելու ուղղությամբ»: Երեկ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած այս հաղորդագրությունը մի պահ կարող է պատրանք ստեղծել, թե որքա՜ն սրտացավ է հայրենի իրավապահությունը, որ հաղորդելով ցավալի լուրը, պատրաստակամություն է ցուցաբերում գտնելու եւ պատասխանատվության ուղարկելու մեղավորներին հերիք չէ, դեռ մի բան էլ այդ մասին հասարակությանը տեղյակ է պահում: Սակայն զավեշտն ու հեգնանքը ծամածռում են ծառահատման փաստի մասին վաղօրոք տեղյակ մարդկանց դեմքերը, քանի որ վերոհիշյալ 51 ծառերը չեն կտրվել ամանորյա այս տոնական ու ձյունոտ օրերին եւ ոչ էլ նախատոնական թոհուբոհի ժամանակ, այլ, բնակիչներից մեկի տեղեկացմամբ, դեռ 3-4 ամիս առաջ: Ասել է թե` դատախազությունը հերթական ձեւն է տալիս, իբր թե հանցագործությունը պարզելը նրանց միակ ու սուրբ պարտականությունն է դեռ նշանակման օրվանից: Ի դեպ, նույն այս հաղորդագրությունը «միամտորեն, թե՞ ճարպկորեն» լռում է հանցագործության կատարման ժամանակի մասին:

Չսպասելով հանցագործության «շուտափույթ եւ հանգամանալից» բացահայտմանը, կփորձենք իրավիճակի մասին մանրամասներ տեղեկացնել «Ազգի» առաջիկա համարներից մեկում: Առայժմ փաստենք միայն, որ 51 ծառերի հատումը` այն էլ հասարակական վայրում, չէր կարող անաղմուկ եւ անտեսանելի լինել անցորդների, առավել եւս բնակիչների համար: Եվ արդեն իսկ տառապանքի դառը փորձն է հուշում, որ ծառահատում-ոճրագործությունը կատարվել է հասարակության ինքնասպան անտարբերության ու օրինապահների, ցավոք, նաեւ բնապահպանական կազմակերպությունների անտեղյակության հետեւանքով: Եվ հիմա, երբ արդեն ջուրը եկել` ջրաղացն է տարել, դատախազությունը ջաղացքարի կորուստն է լալիս:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4