«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2008-01-08 | #2, 2008-01-09 | #3, 2008-01-10


«ԵԹԵ ՄՈՏԱԿԱ ՕՐԵՐԻՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ՉԼԻՆԵՆ, ԵՍ ԿԴԻՄԵՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ»

Արման Մելիքյանը լավ է գնահատում իր նախագահ դառնալու հնարավորությունները

«Մեր նախընտրական ծրագիրը նախատեսում է լուրջ փոփոխություն, որը վերաբերում է բուն կառավարման համակարգին: Այն այլեւս չպետք է լինի կոռուպցիոն, կոռուպցիոն համակարգը չպետք է շփոթել կոռուպցիայի առանձին դեպքերի հետ: Կոռուպցիայի դեպքեր կան աշխարհի բոլոր երկրներում, սակայն այդ երկրներում կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ է եւ իրականացվում է ինչպես իշխանությունների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների կողմից: Եվ սա երկրի ղեկավարի, երկրի սահմանադրական կարգի` երաշխավորի խնդիրն է: Մինչեւ նա այդ ռազմավարական որոշումը չկայացնի` պետական կառավարման համակարգը ի վիճակի չի լինելու վերափոխվել», իր այսպիսի ծրագրերից մեկն էլ ներկայացրեց «Տեսակետ» ակումբ ասուլիսի հրավիրված ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:

Արման Մելիքյանին հայտնի չէ, թե ինչպես է ձեւավորվում երկրի բյուջեն, երբ իշխանությունների տված տվյալների համաձայն, 40-50 տոկոսը տնտեսության ստվերում է: Չէ՞ որ բոլոր սոցիալական ծրագրերը սնվում են բյուջեից, եւ ըստ նրա, առաջնային խնդիրներից է վերացնել կոռուպցիոն կառավարման համակարգը: Այդ դեպքում է հնարավոր բոլորին բերել հարկային դաշտ եւ տեսնել` ինչ ռեսուրսներ կան համապատասխան կերպով բաշխելու աշխատավարձերը, նպաստներն ու թոշակները. «Քանի դեռ արված չեն այս քայլերը, չենք էլ կարող ռեալ պատկերացում ունենալ` 20000 դրամ թոշակը ըստ էության լավ է, թե վատ: Որքանո՞վ է համապատասխանում երկրի իրական եկամուտներին: Դա քաղաքական որոշում է, որովհետեւ այստեղ իրավական որոշումը այլեւս անօգուտ է»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանը կոռուպցիոն կառավարման համակարգ չունենա, պարոն Մելիքյանն այսպես պատասխանեց. «Այո, կարող է, ինչպես չունեցան մերձբալթյան հանրապետությունները: Կոռուպցիան համակարգային երեւույթ է եւ չի կարելի կապել անձերի անունների հետ, որովհետեւ անձերը փոխելիս համակարգը չի փոխվում: Կոռուպցիայի երեւույթը ծնվեց այն մարդկանց շրջանում, որոնք ոչ իշխանություն էին տեսել, ոչ էլ փող: Մեր քայլերից մեկն է նաեւ իշխանության եւ գործարարության տարանջատումը, որովհետեւ սերտաճման պայմաններում ձեւավորվում է մենաշնորհային տնտեսություն: Սա էլ բացառում է ազատ մրցակցություն, բացառում է նաեւ օրենքի գործողություն: Քանի իշխանությունն ու բիզնեսը սերտաճած են, չենք կարող ակնկալել ռեալ արդյունքներ: Եվ, ընդհանուր առմամբ, երկրի զարգացումը այսօր վտանգված է»:

Ղարաբաղյան հարցում Արման Մելիքյանը մնացել է իր նախկին դիրքորոշմանը. ազատագրված տարածքները պետք է դառնան ադրբեջանահայության սեփականությունը եւ վերջիններս պետք է ստանան կրած վնասների փոխհատուցում:

Մելիքյանի կարծիքով, մնացած բոլոր թեկնածուները, ովքեր խոսում են կոռուպցիայի մասին, կոռուպցիա երեւույթը կապում են կոնկրետ անձանց հետ` իրենցից վանելով եւ գտնելով կոռուպցիայի համար մեղավոր մարդկանց: Այդպիսի մարդիկ ինչպես կաշառք տվողներն են, այնպես էլ կաշառք վերցնողները. «Որովհետեւ հավասարապես մասնակցում են կոռուպցիոն երեւույթին: Սա կոռուպցիայի ամենապրիմիտիվ մակարդակն է, որը դրսեւորում է իրեն նաեւ ավելի բարձր մակարդակներում` հովանավորչության ինչպես նաեւ մոնոպոլ տնտեսություն վարելու միջոցով, որոնց եթե անձնավորված մոտենանք` կունենանք ներքին քաղաքական դիմակայություն, ներքին անհանդուրժողականություն եւ ատելություն` բռնություններ գործելու մեծ ցանկությունով»:

Նախագահի թեկնածուն լավ է գնահատում իր հնարավորությունները` դառնալու երկրի ապագա ղեկավար: «Գոյություն ունեն ինձ սատարող հասարակական կազմակերպություններ, որոնք անմիջականորեն շփվում են լայն զանգվածների հետ եւ այդ շփումները տարիներ շարունակ գոյություն են ունեցել: Սա իմ ռեսուրսն է, համագործակցում եմ ինը հասարակական կազմակերպությունների հետ»:

Վերջում Արման Մելիքյանը անդրադարձավ ընտրակեղծիքներին եւ նկատեց. «Ես նման մտավախություններ ունեմ` դրանք առարկայական չեն: Մի քանի հարյուր հազար մեր հայրենակիցներ զրկվեցին իրենց սահմանադրական իրավունքը իրագործելու հնարավորությունից, որովհետեւ Հայաստանի դեսպանությունները արտերկրում այլեւս չեն անցկացնելու ընտրություններ: Ես սա ընկալում եմ որպես մեր համաքաղաքացիների սահմանադրական իրավունքների կոպիտ խախտում, դա ընկալվում է որպես լուրջ վտանգ` ընտրակեղծիքների տեսանկյունից: Հարյուր հազարավոր մարդիկ այսօր դրսում են գտնվում: Նրանք ընդգրկված են այն ընտրացուցակներում, որոնք կախվելու են Հայաստանում զետեղված ընտրատեղամասերում եւ դա կարող է լուրջ խնդիր դառնալ ընտրակեղծիքների տեսանկյունից: Ես գիտեմ` օրենքով ընտրությունները անց են կացվում ՀՀ տարածքում, ես երկարամյա դիվանագիտական պրակտիկա ունեցող մարդ եմ ` գիտեմ, որ դիվանագիտական ներկայացուցչությունը տվյալ երկրի տարածք է: Ուստի, Հայաստանի բոլոր դեսպանատները տվյալ երկրի տարածք են: Կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին վերանայել այդ որոշումը եւ վստահեցնում եմ, եթե մոտակա օրերի ընթացքում տեղաշարժեր չլինեն` ես ուղղակի կդիմեմ Սահմանադրական դատարան: Օրենքը վերականգնելու առումով ուշ չէ երբեք»

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4