Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ԼՂՀ սոցապնախարար Նարինե Ազատյանն ամփոփելով նախորդ տարում գերատեսչության կատարած աշխատանքը` դրական գնահատեց կատարվածը, նշելով, որ կյանքի են կոչվել սոցիալական ոլորտին առնչվող այն հիմնական խնդիրները, որոնք նախատեսված էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրով: Դրանք արտացոլվել են նաեւ 2008 թվականի պետական բյուջեում:
Նախարարի խոսքով, 2008-ի սոցապահովության ոլորտին ուղղվող ծախսերն ավելին են, քան 2003 թվականի ամբողջ պետական բյուջեի ծախսերը: Ժողովրդի բարեկեցությունը բնութագրող ցուցանիշը` ՀՆԱ-ն, ընթացիկ տարում մեկ շնչի հաշվով կանխատեսվում է 1900 ԱՄՆ դոլարի շրջանակներում, 2003 թվականին այդ ցուցանիշը եղել է 430 ԱՄՆ դոլար:
Կենսաթոշակային ապահովության ոլորտում նախատեսվում է կենսաթոշակների շոշափելի աճ` ըստ խավերի դրանք համապատասխանաբար սահմանվելով 33-ից մինչեւ 68 տոկոս: Մասնավորապես, աշխատանքային կենսաթոշակը նախորդ տարվա 14.150 դրամի փոխարեն կկազմի 23.800 դրամ: Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, որտեղ թոշակները տվյալ ամսվա համար արդեն տրվում են ամսվա սկզբից, ԼՂՀ-ում դրանք առայժմ տրվելու են հաջորդ ամսվա սկզբներին, ինչը համահունչ է գործող օրենսդրությանը: Ն. Ազարյանը չբացառեց, սակայն, որ ՀՀ-ում կիրառում գտած նոր կարգը առաջիկայում կիրառվի նաեւ Ղարաբաղում:
Առաջին անգամ ԼՂՀ պետական բյուջեով հատկացվում է չաշխատող մայրերի համար հղիության ու ծննդաբերության նպաստ 115.000 դրամի չափով: Իբրեւ պետական աջակցություն նորաստեղծ ընտանիքներին` յուրաքանչյուր ամուսնացող զույգի կտրվի 300.000 դրամ: Անկախ այն բանից, թե քանի նոր ամուսնություններ են գրանցվելու հանրապետությունում, պետբյուջեով նախատեսված է 450 միլիոն դրամ, տեղեկացրեց նախարարը:
Վերանայվել է ծնելիության խթանման ծրագիրը, համաձայն որի` ընտանիքներում յուրաքանչյուր երրորդ երեխայի ծնվելու դեպքում նրա մորը կհատկացվի 500.000 դրամ միանվագ գումար: Եվս այդքան գումարի շրջանակում նորածնի անվամբ բանկում կբացվի նպատակային ավանդ: Չորրորդ եւ հաջորդ ծնունդների պարագայում այդ գումարի չափը կավելացվի, կազմելով 700.000 դրամ:
Լրագրողներին հետաքրքրում էր` ԼՂՀ-ում կա՞ աղքատության նիշ, եւ արդյոք ճշտվա՞ծ է, թե որքան մարդ է Ղարաբաղում գտնվում այդ նիշից ցածր: Ն. Ազատյանը բացասական պատասխան տվեց, նշելով, որ ԼՂՀ-ում առ այսօր նման հետազոտություններ չեն արվել: Դրանով պայմանավորված` դժվար է ասել, թե ներկայումս քանի մարդ է Ղարաբաղում ապրում աքատության շեմից ցածր պայմաններում:
Անդրադառնալով գործազրկության վիճակին, նախարարը տեղեկացրեց, որ անցյալ տարի 566 մարդով նվազել էր գործազուրկների թիվը, եւ այդ միտումը շարունակվում է: Կատարվում են վերլուծություններ տվյալ ուղղությամբ, եւ վիճակը լրիվ ուսումնասիրելուց հետո միջոցներ կձեռնարկվեն գործազրկությունը հնարավորինս նվազեցնելու համար:
«Ազգի» այն հարցին, թե բացի պետական բյուջեի շրջանակներում իրականացվող ծրագրերից` ի՞նչ ծրագրեր են նախատեսվում բարեգործական խողովակներով, Նարինե Ազատյանը պատասխանեց, որ կառավարությունում ստեղծվել է բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով, որն անցյալ տարեվերջին հաստատել է 18 ծրագրեր: Դրանք ունեն հեռանկարային բնույթ եւ կիրականացվեն այս տարվանից:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ