«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2008-01-09 | #3, 2008-01-10 | #4, 2008-01-11


«ԵԹԵ ԻՆՁ ՀԱՄՈԶԵՆ, ՈՐ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ, ՄԻԱՍԻՆ ԿԳՆԱՆՔ ՄՈՄ ՎԱՌԵԼՈՒ»

Վազգեն Մանուկյանը առայժմ կարող է բացել միայն 21 շտաբ

«Մեզ մոտ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ Տաջիկստանում: Մենք ազգային խնդիրների առաջնահերթության կարգով մտածող ժողովուրդ ենք եւ պաշտպանեցինք այս երկիրը: Տաջիկստանում երկու կլան, յուրաքանչյուրը ամբողջատիրության ձգտումով, սկսեց պահանջել եղածը: Եղան ներկլանային պայքարներ, որոնց հետեւանքով գաղթականներ եւ զոհեր տվեց Տաջիկստանը եւ մինչեւ հիմա ուշքի չի գալիս: Հայաստանում, քանի որ ունեինք կոնկրետ նշանաբաններ, կոնկրետ նպատակներ` միավորված Արցախի գաղափարը, ընդհանրապես արժանապատիվ ապրելու մեր դարավոր երազանքը, այս կլանային երեւույթը այդ պահին չձեւավորվեց: Բայց ռեսուրսների բաշխումը գնաց ղեկավարող կուսակցության մերձավորների հետ` ցեղական կլանային կամ բարեկամական կլանային: Եվ իշխանությունները, քանի որ ուրիշ լծակներ չունեին, սկսեցին հենվել մարդկանց վրա , որոնք զենք ունեին, որոնք զինված էին եւ հարստացրին նրանց, ովքեր պատրաստ էին իշխանություններին պաշտպանել», ահա այսպիսի բնորոշում տվեց ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբի պետ Սամվել Շահինյանը հանրապետությունում ձեւավորված վերաբաշխման մեխանիզմին: Սամվել Շահինյանը կարծում է, որ միայն Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ կարող են այդ կարծրատիպերը հալեցնել, վերածել այնպիսի մի երկրի, որը համաշխարհային իրավական դաշտում տոտալացում չի ունենա, ժողովրդի համար էլ կապահովի նորմալ զարգացում:

Վազգեն Մանուկյանը 21 շտաբ կարող է այսօր բացել հանրապետությունում, բայց նպատակ ունեն յուրաքանչյուր մարզի համար գոնե կենտրոնացված շտաբներ բացելու: «Եթե խոսում ենք ժողովրդավարության մասին եւ նայում ենք Վազգեն Մանուկյանի շտաբի հնարավորությունները` անհամատեղելի են: Բայց պետությունը կոչված է հավասար պայմաններ ստեղծելու բոլորի համար: Ստացվում է, որ եթերում երկու-երեք հրաշագեղ քաղաքական գործիչներ են, իսկ մյուսների համար մուտքը փակված է: Գյուղեր հավանաբար քիչ կգնանք, կուղարկենք ձայներիզներ, մեր ելույթները, գրքեր, բրոշյուրներ. դա է ճիշտ ճանապարհը այս պահին», ասում է Շահինյանը:

Իսկ թե ի՞նչ ընթացքի մեջ է դատական գործընթացը, որ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, Շահինյանը պատասխանեց. «Շատ ավելի անձնավորված է այդ խնդիրը եւ կուզեի, այդ հարցին հենց ինքը` Վազգեն Մանուկյանը պատասխաներ: Վազգեն Մանուկյանին լավ ճանաչելով` խորհուրդ կտայի լրագրողներին լրագրողական հետաքննություն անցկացնել` ինչպես «Ղարաբաղ» կոմիտեի, այնպես էլ Սամվել Շահինյանի նախկին դատվածությունների, ինչպես նաեւ Շավարշ Քոչարյանի հետ կապված ձերբակալումները, որոնք արխիվում են. կտեսնենք, որ այստեղ ծախվողներ ու գործ տվողներ չկան»:

Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբն ունի հինգ հոգուց բաղկացած խորհրդատվական մարմին, որը նաեւ որոշում է հիմնական ռազմավարությունը: Մարտավարությունը իրականացնում են Շահինյանի ղեկավարությամբ, կուսակցության երկրորդ դեմքերի հետ: Շտաբում ներառված են տարբեր ուղղություններով ղեկավարներ` 12 հոգուց բաղկացած:

«Ազգի» հարցին, թե Սամվել Շահինյանը ընտրությունների ժամանակ ակնկալո՞ւմ է, որ կլինեն ընտրակեղծիքներ, պատասխանեց. «Երբ շրջաններում մարդկանց էի հավաքում, հարցնում էին` փող տալո՞ւ եք մեզ: ժողովրդի մեջ կա այն կարծիքը, թե փող է բաժանվելու, դա նշանակում է կհայտնվեն ավանտյուրիստներ: Կարծում եմ, այս ընտրությունները մի քիչ ավելի ազնիվ կլինեն, մի քիչ ավելի արդար եւ դա պայմանավորված է վախով, որ մենք կարող է վաղը հայտնվենք կոլապսի մեջ, շրջափակման, քաղաքական արհամարհանքի անդունդում` բառացիորեն. եւ որեւէ սեղանի մոտ նստելու իրավունք անգամ չենք ունենա մեծերի հետ»:

«Ազգ»-ի մյուս հարցին` ինչպես է Շահինյանը վերաբերվում օտար երկրներում հայ քաղաքացիներին ընտրելու իրավունքից զրկելուն, ասաց. «Ես կողմ եմ դրան. դրսում ապրող հայերի ձայները փոփոխելը ավելի հեշտ է: Դեսպանատուն են մտնում մի 200 հոգի, փակում են դռները եւ այնտեղ մի 10000 ձայն ում ասես, որ կտան: Ամենեւին էլ ձեռնտու տարբերակ չէ դրսում գտնվող մեր քաղաքացիների համար` տեխնիկական տեսանկյունից. զուտ բարոյական եւ իրավական տեսանկյունից մեծ հարված է, որ Հայաստանի քաղաքացին չի կարողանում մասնակցել ընտրություններին: Ես զարմացած կլինեմ, եթե ընտրակեղծիքներ չլինեն: Բայց եթե ինձ համոզեն, որ ընտրակեղծիքներ չեն լինելու` երդվում եմ ազնվությամբ, միասին կգնանք մոմ վառելու, որ վերջապես խելքի են եկել»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4