Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում գերազանց է մեկնարկել Տիգրան Պետրոսյանը: Երեկ կայացած երրորդ տուրում Պետրոսյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ սպիտակներով պարտության մատնելով Արսեն Եղիազարյանին: Շարունակելով հաղթարշավը, Տիգրանը 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Բավական հաջող է հանդես գալիս մրցաշարի ամենակրտսեր մասնակից, վանաձորցի ՖԻԴԵ-ի վարպետ Սամվել Տեր-Սահակյանը, որը մրցաշարում երկրորդ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Արման Փաշիկյանի նկատմամբ: Սամվելը երեք հնարավորից վաստակել է 2,5 միավոր: Ընդհանրապես երրորդ տուրը շատ արդյունավետ էր: Կայացած վեց պարտիաներից միայն մեկն ավարտվեց ոչ-ոքի: Երրորդ անգամ անընդմեջ հաշտություն կնքեց Սմբատ Լպուտյանը, որի մրցակիցը Զավեն Անդրեասյանն էր: Մնացած պարտիաներում հաջողությունն ուղեկցեց սպիտակ խաղաքարերով խաղացող շախմատիստներին: Արտաշես եւ Արա Մինասյանները հաղթեցին համապատասխանաբար Տիգրան Քոթանջյանին եւ Տիգրան Նալբանդյանին ու վաստակեցին 2,5-ական միավոր: Առաջին հաղթանակը տոնեց փորձառու Աշոտ Անաստասյանըՙ պարտության մատնելով երիտասարդ միջազգային վարպետ Լեւոն Բաբուջյանին: Վերջինս, ինչպես եւ Տիգրան Նալբանդյանն ու Տիգրան Քոթանջյանը, միավոր չի վաստակել: Երկու միավոր ունի Անդրեասյանը, 1,5-ականՙ Լպուտյանն ու Ասրյանը, 1-ականՙ Փաշիկյանն ու Անաստասյանը: Իր օգտին կես միավոր է գրանցել Եղիազարյանը:
Այսօր կայանալիք չորրորդ տուրում առաջատարը սեւերով կմրցի Արման Փաշիկյանի հետ: Տեղի կունենան նաեւ Եղիազարյան-Անաստասյան, Նալբանդյան-Տեր-Սահակյան, Լպուտյան-Արա Մինասյան, Քոթանջյան-Անդրեասյան եւ Ասրյան-Արտաշես Մինասյան պարտիաները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ