Երեկ շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությունում կայացավ չորրորդ տուրը: Մրցաշարի միանձնյա առաջատար Տիգրան Պետրոսյանը, որ մինչ այդ երեք անընդմեջ հաղթանակ էր տոնել, Արման Փաշիկյանի հետ սեւերով անցկացրած պարտիայում ստիպված էր բավարարվել ոչ-ոքի արդյունքով: Այսպիսով, Պետրոսյանի հաղթարշավը կասեցվեց: Չնայած դրան, Տիգրանը 3,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Առաջատարին 3-ական միավորով հետապնդում են Արա եւ Արտաշես Մինասյաններն ու Սամվել Տեր-Սահակյանը: Նրանք չորրորդ տուրի իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Արա Մինասյանը հաշտություն կնքեց Սմբատ Լպուտյանի հետ, որը չորրորդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց իր օգտին: Արտաշես Մինասյանը միավորը բաժանեց Կարեն Ասրյանի հետ, իսկ Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց Տիգրան Նալբանդյանի հետ: Վերջինս մրցաշարում առաջին կես միավորը վաստակեց:
Վեց պարտիաներից միայն երկուսն արդյունավետ ելք ունեցան: Երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Աշոտ Անաստասյանըՙ պարտության մատնելով մրցաշարում անհաջող հանդես եկող Արսեն Եղիազարյանին: Այդ հաղթանակի շնորհիվ Անաստասյանը վաստակեց 2 միավոր, ընդ որում նա անցկացրել է 3 պարտիա: Իսկ Եղիազարյանը կես միավորով Տիգրան Նալբանդյանի հետ բաժանում է 11-12-րդ տեղերը: Առաջին հաղթանակը տոնեց Տիգրան Քոթանջյանըՙ առավելության հասնելով Զավեն Անդրեասյանի նկատմամբ, որի համար այդ պարտությունն առաջինն էր մրցաշարում: Անդրեասյանը, Լպուտյանն ու Ասրյանը վաստակել են 2-ական միավոր: Փաշիկյանի օգտին գրանցված է 1,5 միավոր, Քոթանջյանն ունի մեկ միավոր: Առայժմ իր օգտին միավոր չի գրանցել Լեւոն Բաբուջյանը, որն այս տուրում ազատ էր:
Այսօր կկայանա մրցաշարի հինգերորդ տուրը: Տեղի կունենան հետեւյալ պարտիաները. Անդրեասյան-Ասրյան, Արա Մինասյան-Քոթանջյան, Տեր-Սահակյան-Լպուտյան, Պետրոսյան-Նալբանդյան, Անաստասյան-Փաշիկյան, Բաբուջյան-Եղիազարյան:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ