«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2008-01-16 | #8, 2008-01-17 | #9, 2008-01-18


ԳՄ ՆԱԽԱԳԱՀԻ ԱԿՆՈՑԸ ՈՉ ՍԵՎ Է, ՈՉ ԷԼ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ

Փորձում է իրատես լինել

Համապետական ընտրությունները թեթեւ ձեռքով հարթում են երկրիս բոլոր ոլորտների խնդիրները, եւ արդեն իսկ որեւէ գործ ստանձնած մարդիկ գոհունակություն հայտնելու հիմքեր են գտնում: Դրանց պակաս չունեցավ նաեւ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ. «Եթե նախկինում գրողների միության շենքը մասերի էր բաժանվում ու քանդվում, ապա այսօր պետությունը շենքը երկու փուլով նորոգելու է, 2001 թվականից ամեն տարի 130 մլն տրամադրում է միությանը, սահմանել է պետական գրական մրցանակ: Եվ սեւ ակնոց պիտի կրեմ, որպեսզի կարողանամ ասել, թե համագործակցությունը չի ստացվում»: Ամեն դեպքում ԳՄ նախագահը ո՛չ սեւ, ո՛չ էլ վարդագույն ակնոց չի կրում եւ չխուսափեց ընդունել, որ անելիքները շատ են. «Այդ ճանապարհը պետք է միասին անցնենք եւ արատավոր բարքերը մերժելու վճռականություն ունենանք»: 400, այն էլՙ ստեղծագործող ներկայացուցիչ ունեցող կազմակերպությունը հազիվ թե խիստ միասնական կարծիք դրսեւորի քաղաքական կտրվածքում, ըստ ԳՄ նախագահի, բայց վերջինս համոզված է. «Ընդդիմության մեջ չկա այն ուժը, որը հակակշիռ լինի իշխանությանը: Ընդդիմությունը եւս մեկ անգամ տանուլ տվեց»: Այնուամենայնիվ, մտավորականությունն էլ ինչպես եւ ողջ հասարակությունը տագնապներ ունի ընտրությունների կապակցությամբ, ինչպես վստահեցրեց Լեւոն Անանյանը, ուզում է իշխանությունը տեսնել նրա ձեռքին, ով կարող է ազգային եւ պետական առումով հաղթահարել երկրի առջեւ ծառացած առկա մարտահրավերները: «Ինը թեկնածուներից եւ ոչ մեկը պարաշյուտով չի իջել: Ժողովուրդը ճանաչում է նրանց եւ արդեն հոգնել է հանրահավաքային աղմուկից, հեղափոխական կոչերից, խառը իրավիճակներից, որոնցից միշտ օգտվում են քաղաքական ավանտյուրիստները: Աթոռակռվի մարմաջը լավ ոչինչ չի խոստանում եւ ատելության մթնոլորտի հետ ներսից կրծում է ընդհանուր միաբանության ոգին»:

ԳՄ նախագահը նաեւ անելիք առաջարկեց քաղաքական գործիչներին. «Ձերբազատվել միմյանց դեմ աշխատելու իրավիճակից: Գեղեցկախոսելու փոխարեն թող մարզերում աշխատեն. Տավուշի մարզում սահմանամերձ Բարեկամավան գյուղ կա, որի բնակիչները 30 թոշակառուներ են, թող գնան, երկրի տիրոջ պատասխանատվությունը ստանձնեն: Ի վերջո, ընտրության չափորոշիչը երկրի համար թեկնածուի մտահոգվածությունը պետք է լինի»: Համենայն դեպս, Գրողների միությունում, որտեղ քաղաքական ակտիվությունը` անդամների տարիքով պայմանավորված, քիչ է լինելու, բայց սկզբունքը չի փոխվելու:

Ի տարբերություն նախորդ համապետական ընտրությունների` գալիքում մտավորականներին տրված դերի կամ վերջիններիս ակտիվության ոչ նկատելի չափը, Լեւոն Անանյանի կարծիքով, ամենեւին էլ չի բացատրվում մտավորականության անտարբերությամբ եւ ավելի շուտ պայմանավորված է թեկնածուների անարժեքությամբ: Եվ բացի այդ, մտավորականության մեծ մասը զբաղված է զուտ ստեղծագործական աշխատանքով:

Բանախոսի հավաստմամբ, իշխանությունների եւ ԳՄ համագործակցության արդյունք պետական գրական մրցանակի շուրջ ստեղծված աղմուկի հեղինակներն այն մարդիկ են, ովքեր բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի «Նոր Քրոնիկոն» գրքի էպիգրամներում տեսնում են իրենց, եւ դա ամենեւին կապ չունի որեւէ քաղաքականության եւ մրցանակ շնորհելու կարգի արդարության հետ:

Անկախ ընտրությունների արդյունքից, Գրողների միությունը ունի տարեկան իր ծրագրերը, որոնք ներառում են Գրողների համահայկական համաժողովը, Մանկական գրքի շաբաթը, որ ավանդաբար ներառում է մարզերը եւ այս տարի կմեկնարկի Վայոց Ձորից, Թարգմանչաց տոնը, Երիտասարդ գրողների համաժողովը եւ այլն:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4