ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը երեկ ԶԼՄ-ներին ներկայացրեց պաշտպանության բնագավառի 2007-ի արդյունքները եւ 2008-ի հիմնական խնդիրները: Ըստ նախարարի, 2007-ը զինված ուժերի համար խորհրդանշական էր: Բանակը հաջողվել է զինել նորագույն սպառազինությամբ, համալրվել է օդուժը, ավարտվել է գերժամանակային հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծումը` համալրելով նորագույն համակարգով, որը հնարավորություն կտա հուսալիորեն պաշտպանվել օդուժի հարձակումներից:
Տարվա ձեռքբերումներից էր ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակումը եւ դրա հաստատումը նախագահի հրամանագրով, որի հիման վրա ստեղծվեց ՀՀ ռազմական դոկտրինը: 2007-ին շարունակվել է ՀՀ ԶՈՒ-ի ակտիվ մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործընթացին, որի ընթացքում իրականացվել են Իրաքում եւ Կոսովոյում ՀՀ զորախմբի հերթափոխերը: Մեկ տարով երկարաձգվել է Իրաքում ՀՀ զորախմբի մանդատը: Ներկայումս ՀՀ պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում Հայաստանի խաղաղապահ գործունեությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջը: 2008-ին Կոսովոյում կրկնապատկվել է հայ խաղաղապահների զորախմբի թվաքանակըՙ դասակի մակարդակից հասնելով վաշտի մակարդակի:
«Տեղի՞ն են արդյոք Ադրբեջանի նախագահի պատերազմ սկսելու ռազմատենչ հայտարարությունները եւ որքանո՞վ է ՀՀ զինուժը պատրաստ հակահարված տալու Ադրբեջանի նման ոտնձգություններին», «Ազգի» հարցին, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը պատասխանեց. «Այդ հարցը պետք է տրվեր նախագահ Ալիեւին, ինքը պետք է պատասխան տա այդպիսի ելույթների համար: Ինչ մնում է Հայաստանի Հանրապետությանը, ես արդեն ասել եմ իմ խոսքերի մեջ, պատրաստ ենք հակահարված տալու ամբողջությամբ եւ հակահարված տալու այն զինված ուժերին, որոնք կարող են ժողովրդի եւ մեր սահմանների անդորրը խախտել, մի քայլ առաջ գալ: Համոզված եղեք, որ մենք պատրաստ ենք այդ գործողություններին դիմակայել: Մենք չենք ուզում այսօր, եւ համոզված եմ, Ադրբեջանի ժողովուրդն էլ չի ուզում, որ հարցը որոշվի ուժային մեթոդով: Խաղաղ մեթոդով պետք է որոշվի Ղարաբաղի հարցը: Այնՙ ինչ անում է Ադրբեջանի ղեկավար կազմը, տեղին չէ: Ես ասել եմ, մտածեք ինչ պետք է անի ժողովուրդը, եթե 20 տոկոս կորցնեք, եւս 2 միլիոն փախստականներ ունենաք: Բայց ասեմ հետեւյալը. իրենց զինված ուժերն էլ են արդիականացվում, զինամթերք են առնում, իրենց բյուջեն են ավելացնում: Մենք այդ բոլորը տեսնում ենք եւ մենք էլ որոշումներ ենք ընդունում` զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի մեղադրանքին, թե հրադադարի խախտում է տեղի ունեցել Ղարաբաղի կողմից, նախարարը նշեց, որ ընդհանրապես հրադադարի խախտում կա, բայց չի վերաբերում ո՛չ Ղարաբաղին եւ ո՛չ էլ Հայաստանին:
Կօգտվի՞ Ադրբեջանը, եթե Հայաստանում ընտրությունների ժամանակ ներքաղաքական արհեստական զարգացումներ լինեն, նախարար Հարությունյանը պատասխանեց. «Ես չեմ հավատում, որ մեր երկրում այդպիսի ներքաղաքական զարգացումներ կլինեն, եւ ամեն ինչ կգնա իր հունով: Մենք լավ գիտենք, որ 90-ականներին Ադրբեջանի քաղաքական դրությունը վատթարացավ: Բայց դա չէր գլխավորը, գլխավորը այն էր, որ մենք ուժեղ էինք Ադրբեջանից եւ կարողացանք հաղթել: Ոչ ոք չի կարողանա ոտնձգություն կատարել Հայաստանի հանդեպ: Դրա համար մենք լինելու ենք մարտական պատրաստականության բարձր վիճակում»:
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը նշեց մեկ կարեւոր հանգամանք եւս: 2007-ին ժամկետային զինծառայողների զոհվելու կամ մահվան դեպքերի թիվը 31 է: Սա ամենացածր ցուցանիշն է բանակի կազմավորման օրից ի վեր:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ