«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2008-01-18 | #10, 2008-01-19 | #11, 2008-01-22


2007-ԻՆ ՔԻՄԳՈՐԾԱՐԱՆՆ ԱՐՏԱԴՐԵԼ Է 5041 ՏՈՆՆԱ ԿԱՐԲԻԴ ԵՎ 3 ՏՈՆՆԱ ԿՈՐՈՒՆԴ

Ամփոփելով անցած տարինՙ «Վանաձոր-քիմպրոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը նշում է, որ 2007 թվականին գործարանը բավականին մեծ ձեռքբերումներ է ունեցել: Քիմգործարանի սեփականատեր «Roding Commercial limited» ռուսաստանյան ընկերությունը 2007-ին կատարել է 1 մլրդ 708 մլն դրամի ներդրում:

«2007-ին քիմգործարանն արտադրել է 5041 տ կարբիդ, որից միայն 60 տոննան է վաճառվել Հայաստանում, մնացածն արտահանվել է: Միայն Հնդկաստանին վաճառվել է 4000 տ կարբիդ, մյուս մասը գնել են Վրաստանն ու աֆրիկյան երկրներըՙ Գանան, Մալին եւ Ուգանդան», ասաց Ա. Սնեգիրյովը:

Քիմգործարանի կորունդի արտադրամասը 3 տ կորունդ է թողարկել, որից երկուսուկես տոննան արդեն վաճառվել է Թայլանդի շուկաներում: Ա. Սնեգիրյովի խոսքերով, գործարանից 200 կգ կորունդ է գնել զարդեղենի արտադրությամբ զբաղվող եվրոպական հայտնի «հՉՈՐՏՉրՍՌռ» ընկերությունը:

Ընդհանուր առմամբ անցած տարում քիմգործարանը 1 մլրդ 20 մլն դրամի արտադրանքի եւ ծառայությունների իրացում է կատարել:

Խոսելով աշխատատեղերիցՙ Ա. Սնեգիրյովը նշեց, որ եթե 2007-ի մայիսի 1-ի դրությամբ քիմգործարանում աշխատել է ընդամենը 280 մարդ, նոյեմբերին նրանց թիվը հասել է 736-ի, մոտ 40-ն աշխատանքի են անցել դեկտեմբերին: Ընթացիկ տարում նույնպես նախատեսվում է աշխատողների թվի ավելացում, որովհետեւ կան նոր ծրագրեր:

«Արաբական Միացյալ Էմիրությունների «Emirates Industrial Gases» ընկերության հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել արտահանելու կարբիդ: Առայժմ ընթացքի մեջ են կարբիդի երկրորդ վառարանի վերանորոգման եւ նոր սարքավորումների մոնտաժման աշխատանքները: Հավանաբար հունվարի 22-25-ը կվերսկսվի կարբիդի արտադրությունը, իսկ փետրվարի 1-ից կգործարկվի երկրորդ վառարանը», ասաց Ա. Սնեգիրյովը: Ըստ գլխավոր տնօրենիՙ քիմգործարանում նախատեսվում է ամոնիակ թողարկել, ինչը կնպաստի հատկապես պարարտանյութերի արտադրությանը:

«Մոսկվայի եւ Վոսկրեսենսկի քիմիական գործարանների օգնությամբ ու նրանց տեխնոլոգիաներով նախատեսել ենք պարարտանյութեր արտադրել: Ընթացքի մեջ են այդ նախագիծը կազմելու աշխատանքները», տեղեկացրեց Ա. Սնեգիրյովը:

Ըստ նրաՙ Հայաստանում պարարտանյութերի մեծ պահանջարկ կա, բացի այդ, «Վրաստանից եւ տարբեր տեղերից ստացվող պարարտանյութերը մեր հողերի համար այնքան էլ արդյունավետ չեն»:

«Նախատեսվում է արտադրել ամոֆոս, որը պարունակում է եւ՛ ամոնիակ, եւ՛ ֆոսֆոր, որոնք շատ օգտակար կլինեն մեր հողերին, նշեց Ա. Սնեգիրյովը: Ծրագրում ենք տարեկան 50 հազար տոննա պարարտանյութ արտադրել: Եթե ծրագիրն իրականանա, եւս 120-130 մարդ աշխատանքի կտեղավորվի»:

Վերջում Ա. Սնեգիրյովն ավելացրեց, որ ամոնիակի արտադրամասի շահագործումից հետո նախատեսվում է սկսել մելամինի արտադրությունը:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4