Երեկ 75 տարեկան կդառնար բանաստեղծ, պատմագիր, թարգմանիչ, հրապարակախոս Լեւոն Միրիջանյանը: Նրա ոգեղենությամբ ջերմանալու եւ նրա հիշատակին խոնարհվելու համար Ազգային գրադարանում հավաքվել էին գրական աշխարհի անհատականություններ, գրականասերներ, բարեկամներ: Լ. Միրիջանյանը շատ սերեր ուներ` Վանա ծովը, հայրենի եզերքն ընդհանրապես, իր նախասիրած սուրբը` Կոմիտասը, որի սրբացման խնդրանքով նա նույնիսկ դիմել է Գարեգին Բ կաթողիկոսին, դասական ուղղագրությունը, Ուկրաինան եւ նրա գրականությունը: «Լ. Միրիջանյանի ամենաբնորոշ գիծը սիրահարվածությունն էր իր գործին: Միրիջանյանն իր փայլուն թարգմանություններով ոչ միայն հայ ընթերցողին ծանոթացրեց ուկրաինական պոեզիային, այլեւ ուկրաինացիներին հնարավորինս ներկայացրեց հայ պոեզիան, գրականությունն ու հայոց պատմությունը: Դա եղավ առիթը, որ ուկրաինացի բանաստեղծներից ոմանք սկսեցին զբաղվել հայ պոեզիայի թարգմանությամբ: Ու միանգամայն տրամաբանական էր, որ հենց նա պիտի ղեկավարեր «Հայաստան-Ուկրաինա» ընկերությունը, մասնավորապես գրել է դեսպան Ալեքսանդր Բոժկոն հոբելյարի մասին: Դեսպանի խոսքերը կարդացինք Լ. Միրիջանյանի 75-ամյակին նվիրված գիրք-օրացույցում, որտեղ կարդացինք նաեւ. «Լ. Միրիջանյանը ձեռք չպարզեց տիտղոսներին: Նրան բավարար էին բազում ռադիոլսողների հեռախոսազանգերը ռադիոտուն` «Երգի հովիվը» կրկնելու խնդրանքով: Դա էր նրա տոնը, եւ այդ տոնի զարդերն էին Վ. Թեքեյանի անվան մրցանակը, «Երգի հովիվը» պոեմի թարգմանությունը արաբերեն, անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն, պորտուգալերեն»:
«Գուցե թե հասունացել է պահը` հիմնադրելու Լեւոն Միրիջանյանի անվան հիմնադրամ, որը կքարոզի ընթերցասիրություն, կփորձի մեր նոր սերնդին դարձնել դեպի գիրքն ու գրականությունը, որ հետո չմտածենք, թե` ուր է տանում մեզ այս մտավոր անկումը», ասաց Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:
Մեծարման հանդիսությունը բազմաթիվ ելույթներից հետո իր տրամաբանական շարունակությունը գտավ Լ. Միրիջանյանի հիշատակին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ ու հյուրասիրությամբ: Զրուցեցինք Սվետլանա Սահակյանի` Լ. Միրիջանյանի տիկնոջ հետ: Նրան հարցրեցինք այն հաճելի անակնկալի մասին, որ մատուցվում էր միջոցառման բոլոր մասնակիցներին` նվիրելով նրանց Լ. Միրիջանյանի գրականության հատորներ եւ նրա մասին պատմող ֆիլմի սկավառակներ: «Գրքերի լույսընծայումը հիմնականում իմ նախաձեռնությունն է, բայց ինձ օգնել է Ազգային գրադարանի աշխատակազմն ու տնօրեն Դավիթ Սարգսյանը, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը: Իհարկե, իմ բոլոր նախաձեռնությունները ի կատար են ածվել Գրքասերների ընկերության (նույն ինքը` «Հայ դպրություն» մշակութային ՀԿ) հովանավորության շնորհիվ (միությունը հիմնադրել է Լ. Միրիջանյանը-Ս. Մ.): Մի գիրք էլ` «Ակնաղբյուր» բանաստեղծությունների ժողովածուն, հրատարակվել է պետպատվերի շրջանակներում: Արդեն 4 տարի է, որ նա չկա, բայց ես անընդհատ թերթում եմ նրա ստեղծագործությունները, պատրաստում եմ հրատարակության: Ունի անտիպ շատ բանաստեղծություններ ու արձակ գործեր, որոնց ընտրանին եմ հավաքում:
«Ով սիրուն, սիրուն» երգի բառերը ժողովրդականից վերամշակած հեղինակի այրուն անպայման ուզում ենք հարցնել բանաստեղծության հետ կապված հուշերի մասին: «Սիրով է գրել, ասում է տիկին Սվետլանան: Բացի դրանից հրաշալի ձայն ուներ, նաեւ շարականներ էր կատարում: Հրաշալի գիտեր գրականություն, մեր ժողովրդական երգերը եւ ընդհանուր պատմություն: Ի՞նչ ասեմ, ոնց որ քայլող հանրագիտարան լիներ», ասում է տիկինը: Նրան մոտենում եւ ողջագուրվում են Երեւանի թիվ 155 դպրոցի տնօրեն Լուսինե Դանիելյանը եւ հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհին: Նրանք մեզ իրազեկեցին, որ նպատակ ունեն 15-րդ թաղամասում գտնվող դպրոցը կոչել Լեւոն Միրիջանյանի անվան:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ