ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կիրառական տնտեսագիտության ազգային կենտրոնի խորհրդի նախագահ Սերգեյ Բագրատյանը երեկ ներկայացրեց նախագահական թեկնածուներից 4-ի տնտեսական ծրագրերը: Բագրատյանը դրանց մեջ կարեւորել է վերլուծությունների արդիականությունը, հրատապությունը, ինչպես նաեւ նպատակը:
Հետազոտության առջեւ դրված է իրազեկման ապահովման եւ ժողովրդի կողմնորոշման խնդիրը: Որքանո՞վ են դրանք իրատեսական եւ իրագործելի, ինչքանո՞վ են մեր երկրի համար առաջնահերթ եւ որտե՞ղ նաեւ պետք է նշվի ծրագրերի իրագործման ենթադրյալ ժամանակացույցը: Բագրատյանը նկատում է, որ որեւէ ծրագրում չի տեսնում նշված ժամանակացույցը:
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ծրագրում նորամուծությունը երկրորդ սերնդի բարեփոխումներն են: Թեկնածուի ծրագրում երկրորդ սերնդի բարեփոխումների ժամանակ պետք է հասարակության պահանջն ավելի մեծ լինի: Այստեղ նշվում է, որ լավագույն պայմաններ կստեղծվեն բիզնեսի եւ ներդրումների համար, ներդրումները եւ ակտիվ բիզնեսը քաջալերելու նպատակով մեր երկրի մաքսային եւ հարկային համակարգերը պետք է լինեն միջազգայնորեն մրցունակ: Բացի այդ պետք է որոշակիորեն տեղայնացված լինեն: Երկրում առաջնահերթությունը պետք է տրվի նոր սկսվող բիզնեսի քաջալերմանը: Բագրատյանի կարծիքով, այստեղ պետք է կարողանալ հարկային պարզեցված համակարգով աշխատանքները կազմակերպել, որից հետո միջազգայնորեն մաքսային եւ հարկային մրցունակ օրենսգիրք ունենալը կդառնա օրապահանջ: Իր տնտեսական ծրագրերում Սերժ Սարգսյանը ուշադրության կենտրոնում է պահում նաեւ կառուցվածքային վերափոխումների եւ ենթակառուցվածքային արդիականացման խնդիրը` ներդաշնակելով միջնաժամկետ եւ հեռանկարային խնդիրների լուծումը:
Երկրորդ սերունդը պետք է ապահովի նոր որակի արդյունաբերական քաղաքականություն:
«Ծանր խնդիր կա երկաթգծերի փոխադրամիջոցների հետ: Գիտենք, որ գյուղատնտեսության արդյունաբերության զարգացումը շատ փոքր ծավալի է: Մենք շղթա չունենք, իրացման շուկան եւ արտադրող համակցությունը կայացած չեն: Եթե կարողանանք գյուղատնտեսության արդյունաբերության խնդիրը ժամանակին լուծել, կօգնենք մեր գյուղացուն», ասում է Բագրատյանը:
Հետաքրքրական է Վահան Հովհաննիսյանի ծրագիրը: Ծրագրային կարեւոր դրույթների մեջ է մտնում պետության քաղաքականությունը տնտեսության մեջ, որը առանցքային է: Այստեղ նշվում է, որ առանձին մենաշնորհների խմբավորումները պետք է կազմացրել, ստեղծել հարկային դաշտ, որպեսզի մենաշնորհային խմբավորում չլինի: Ստեղծել պայմաններ, որպեսզի տնտեսվարողները օրենքի սահմանում աշխատեն:
Սերգեյ Բագրատյան. «Լինելով սոցիալիստական ուղղվածության կուսակցությունՙ ՀՅԴ-ն կարեւորել է պետության քաղաքականությունը տնտեսության մեջ: Դաշնակցությունը սա առանցքային է համարում: Պետության քաղաքականությունը նպատակաուղղվելու է` տնտեսական իշխանության օժտված խմբավորումների կազմացրման դեպքում: Ստեղծել հարկային այնպիսի դաշտ, որի պայմաններում առանձնաշնորհություն չլինի: Ծրագրում կա բնակչության տնտեսության ակտիվության բարձրացում, որն առաջնային է եւ սա էլ պետք է հիմնավորել»:
Արտաշես Գեղամյան: Վերջինս Հայաստանի տնտեսության զարգացման ցուցանիշը համեմատում է հարեւան երկրների տնտեսական ցուցիչների հետ. «Այստեղ նույնպես մտահոգության խնդիրներ ունի թեկնածուն, համարում է, որ Հայաստանում տնտեսական աճը հիմնավորված չէ, մրցունակ չէ հարեւան երկրների հետ: Առաջարկում է մի ծրագիր «Նոր տնտեսական քաղաքականություն» անվամբ իր աշխատությունում, որտեղ ցույց է տալիս այն զարգացումները, որոնք կբերեն մրցակցության դաշտ հարեւան երկրների հետ հատկապես: Նշում է, որ Ադրբեջանի տնտեսության 1.5 ամսվա մեջ ներդրումների ծավալը շատ ավելին են, քան Հայաստանում մեկ տարվա ընթացքում», նշեց Բագրատյանը:
Գեղամյանը իր ծրագրում նշում է, որ եթե ներկրվող ապրանքը փոխարինվի տեղում արտադրելով, ինչն այսօր ներկրում ենք` շաքարավազ, բենզին, ցորեն եւ այլն, եթե բոլորը արտադրվեն մեր երկրում, շատ շահեկան կլինի մեր տնտեսության համար: Այստեղ Գեղամյանը կարեւորել է հարկային քաղաքականությունը` դրանով խթանելու արտադրությունը:
«Իրատեսական կլիներ, եթե Արտաշես Գեղամյանը հիմնավորեր այս դրույթը, որի արդյունքում ավելի շատ արտադրողներ, գործավարներ, տնտեսվարող սուբյեկտներ կունենայինք, որոնք կլրացնեին պակասող բյուջեի մասը», նկատեց տնտեսագետ Բագրատյանը:
Ըստ Բագրատյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի տնտեսական ծրագրերում ավելի շատ խտացված են աճուրդների, տենդերների կազմակերպման խնդիրները. «Այս հարցում, կարծում եմ, մյուս թեկնածուներն էլ են մտահոգված: Հավասարաչափ բաշխման խնդիր է դնում Տեր-Պետրոսյանը: Գիտենք, որ օլիգարխիկ որոշակի համակարգ կարողանում է այս հարկային համակարգից դուրս մնալ: Ծրագրում դրույթներ կան պարզեցված հարկի գործադրման շարունակման վերաբերյալ, մտահոգություն կա ներմուծվող սերմացուի վրա ավելացրած արժեքի հարկի տարածման վերացման վերաբերյալ, ինչպես նաեւ դիզելային վառելիքի ազատում ակցիզային հարկից»: