Արքայական բալասանը, բուժիչ յուղերն ու ծաղկաթեյերը այժմ ցուցադրված են Մատենադարանում
Մատենադարանի բժշկական ու բնագիտական ձեռագրերի բաժինն ընդգրկում է ավելի քան 1500 ձեռագրերի բնագրերի ուսումնասիրություններ ու դրանց հիման վրա գիտական բնագրեր կազմելու աշխատանքներ, որոնցում ներառված է ժողովրդական եւ դասական բժշկության փորձը Հայաստանում: Այդ բաժնի վարիչ, բժշկագիտության դոկտոր Ստելլա Վարդանյանի ասելով, Մատենադարանում պահվում են ինչպես մեր մեծ բժշկապետներ Մխիթար Հերացու, Ամիրդովլաթ Ամասիացու, Ստեփանոս Շահլիմանյանի գրքերը, այնպես էլ բազմաթիվ անանուն բժշկագետների ձեռագիր գրչագրերըՙ սկսած Գագիկ-Հեթումյան բժշկարանից, որում ամփոփված է Անիի ու Կիլիկիայի բժշկագիտական դպրոցների ժառանգությունը: Յուրահատուկ նշանակություն ունեն նաեւ Ջուղայի, Տաթեւի ու հայկական բժշկական այլ կենտրոնների բժշկարաններում զետեղված տվյալները: «Դրանց ուսումնասիրություններն ու հրատարակությունները կատարվում են ոչ թե զուտ տեսական ու պատմական նկատառումներով, այսինքնՙ մեր գիտական հանրությանը սոսկ ներկայացնելու հայկական հնադարյան բժշկության պատմական ուղին, այլեւ ունեն ավելի հեռահար նպատակ վերծանելու հին բժշկապետների դեղատոմսերն ու բացահայտելու արդի բժշկության համար կարեւոր բուժման եղանակներ ու դեղամիջոցներ, որոնք պիտանի են մի շարք հիվանդությունների ( մաշկային, ալերգիկ, շաքարախտ եւ այլն) բուժման համար: Դրան հասնելու համար Մատենադարանում 15 տարի առաջ ստեղծվեց փորձագիտական կենտրոն, որն առ այսօր զբաղվում է միջնադարյան բժշկարաններում առկա դեղամիջոցների վերծանմամբ ու դրանց հիման վրա նոր պատրաստուկների ստեղծմամբ, որոնք ստուգվում են մեր տարբեր լաբորատորիաներում ու կլինիկաներում»:
Միջնադարյան ձեռագրերի ծածկագրերը ճշգրտորեն վերծանելու աստվածատուր իր շնորհով գիտաշխատող Արմեն Սահակյանը 8 արտոնագրի հեղինակ է, նրա պատրաստած բալասանները, ծաղկաթեյերը, յուղերն ու քսուքները, ներկանյութերը, ախտահանող նյութերը ցուցադրված են Մատենադարանի առաջին հարկում: Հայկական մանրանկարչության զարդանկարներով պատված կավե սափորի մեջ լցված առողջարար ու կազդուրիչ «Կենարար ծաղկաթեյը» պատրաստված է հայ միջնադարյան բժշկագիտության դեղատոմսովՙ լեռնային անուշաբույր բույսերից: Որպես առողջությունն ու երիտասարդությունը պահպանող կենարար ըմպելիք հնում այն օգտագործվել է թագավորական ընտանիքներում: Սովորական ծաղկաթեյը նույնպես պատրաստված է միջնադարյան ձեռագրերի բաղադրատոմսերի հիման վրաՙ Հայաստանի լեռնային ծաղիկներից: Հին ժամանակներում այն արտահանվել է ու վաճառվել որպես առողջարար ու բուրավետ ըմպելիք: Արմեն Սահակյանը գտել է նաեւ «Արքայական» բալասանի դեղատոմսն ու մեզ հասցրել այն անմահական ըմպելիքը, որ խմել են հայոց թագավորներն ու իշխաններն իրենց օրգանիզմը մաքրելու եւ դիմադրողականությունը բարձրացնելու համար: Առաջին անգամ ըմպելիս իսկույն համոզվում ես, որ իր բույրով ու համով այս բալասանը գերազանցում է նույնիսկ հայկական կոնյակին:
Հայկական լեռնաշխարհի բուժիչ բույսերի մասին իմացել են դեռեւս անտիկ հեղինակներըՙ Հերոդոտը, Ստրաբոնը, Քսենոֆոնը, Տակիտոսը: «Անաբազիսում» Քսենոֆոնը խոսում է հայկական բուրումնավետ գինիների ու հրաշալի գարեջրի, քունջութի, նուշի ձեթերի, ինչպես նաեւ անուշահոտ օծանելիքների մասին, որոնց պատրաստման գաղտնիքը հայտնի էր միայն հայերին: Հայ միջնադարյան բժշկության մասին իր գրքույկում Ստելլա Վարդանյանը գրում է, որ Հայաստանի բուժիչ բույսերը մեծ խնամքով աճեցվել են հատուկ պարտեզներում, որ հիմնվել են Արտաշես թագավորի նախաձեռնությամբ: Արտամետ քաղաքի ամրոցի շուրջը նա տնկել է տվել զանազան բազմերանգ եւ անուշահոտ ծաղիկների բուրաստաններ, որոնք ոչ միայն հաճելի էին աչքի եւ հոտոտելիքի, այլեւ պիտանիՙ դեղեր պատրաստելու համար: Մեծ համբավ են ունեցել հանքային դեղամիջոցներըՙ հայկական կավը, քարը, բորակը, ինչպես նաեւ սնդիկի, երկաթի, ցինկի, արճճի միացությունները, որոնք Հայաստանից արտահանվել են հարեւան երկրներ: Հայկական կավը կիրառվել է որպես հակաբորբոքային, հակաալերգիկ եւ հակաուռուցքային դեղամիջոց, օգտագործվել է արյունահոսությունների ու թունավորումների ժամանակ: Հայաստանում եղել են նաեւ հանքավայրեր, ուր արտահանվել է, այսպես կոչված, սանդիկը (կարմիր ներկ, սուսր), որը կոչվում է հայկական ներկ ու նման է ծիրանիին:
«Մատենադարանում ցուցադրված ըմպելիքներն ու յուղերը մեր ձեռագրերի անհատակ ծովից վերցրած ընդամենը մի քանի կաթիլն են», ասում է Արմենը: Ձեռագրերի աշխարհ ինքը մուտք է գործել 1985 թվականից եւ առաջին իսկ ընթերցումից, ինչպես ինքն է ասում, «ձեռագրերն իրեն հուշել են դարերի ճշմարտությունը: Մի կյանքը քիչ է այդ ձեռագրերը կարդալու համար: Յուրաքանչյուր հիվանդության համար գրված դեղատոմսերով մի ամբողջ ինստիտուտ կարող է աշխատել»: Բժշկագիտական կրթությունից բացի ունի նաեւ հոգեւոր աստիճանՙ սարկավագ է, ինչն ավելի է զորացնում միտքը, ուժ տալիս եւ օգնում ծածկագրերը վերծանելուն, բարդ հիվանդությունների դեղատոմսեր գտնելուն: Նույնիսկ քաղցկեղի բուժման դեղատոմսեր կան ձեռագրերում, այդ հիվանդությունը հիշատակվում է խաչեփառ անվամբ: Քչերին է տրված բժշկագիտական ձեռագրեր կարդալու եւ վերծանելու ունակությունը, դա առանձնահատուկ ձիրք է, որը ժառանգաբար փոխանցվում է սերնդե-սերունդ: Դրանք կարդալու համար պետք է իմանալ ծածկագիրը, որն օգտագործվել է դեղատոմսերը պատահական աչքից հեռու պահելու համար: Անգիտության պատճառով դրանք կարող են մահացության պատճառ դառնալ, քանի որ դեղատոմսերում նշված են այնպիսի թունավոր բույսեր, ինչպես, օրինակ, լոշտակը:
Արմեն Սահակյանն այժմ հրատարակության է պատրաստում միջնադարյան դեղատոմսերի նոր ընտրանին, որում տեղ են գտել նաեւ անհամեմատ պարզ դեղատոմսեր:
Եթե մոտակա ամիսներին Հնդկաստանից իրեն ուղարկեն լոթուր կոչվող բույսի կեղեւը, ուրեմն որդան կարմրի գունապնակինՙ նարնջագույնից մինչեւ մանուշակագույն, կավելանա ալ կարմիրը, որի ստացումն առանց այդ բույսի հնարավոր չէ: «Վստահ եմ, որ այն ստանալուն պես որդան կարմիրն անպայման կստացվի, որովհետեւ Հայաստանում աճող տորոն բույսի արմատներով արդեն իսկ ունենք որդան կարմրին շատ մոտ գույն», ասում է նա:
Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը կարծում է, որ Մատենադարանում ցուցադրվող դեղամիջոցներն ու ներկանյութերը գիտական կարեւոր նշանակություն ունեն, որովհետեւ մաքուր ու կենարար ակունքներից են գալիս: «Գիտականից արտադրականին անցնելու ծրագրեր ունե՞ք», մեր հարցին նա պատասխանեց. «Այս բաժինը ընդլայնվելու լայն հնարավորություններ ու հեռանկարներ ունի: Կարելի է ասել, սա հեռանկարային ճյուղ է Մատենադարանի համար եւ առաջիկայում գիտական մի ամբողջ խումբ կաշխատի այնտեղ: Սա, իհարկե, չի նշանակում, որ արտադրված հուշանվերները մասսայական վաճառքի պիտի հանվեն: Որպես յուրատիպ եւ արժեքավոր հուշանվերներ, դրանք կլինեն միայն Մատենադարանի հուշանվերների խանութում», ասաց Թամրազյանը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ