«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2008-01-22 | #12, 2008-01-23 | #13, 2008-01-24


ՄԱՐՍԵԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԿԱՏԵԼԻ ԷՐ

Ֆրանսիայում Հայաստանի տարին համընկավ 2007-ի սեպտեմբեր-հոկտեմբերին Մարսելում միջազգային տնտեսական տոնավաճառի անցկացմանը: Քաղաքի «Շանո» զբոսայգում զգալի տեղ էր հատկացված Հայաստանի տնտեսական ներուժի ցուցադրությանը:

Այս կապակցությամբ «Ֆրանս-Արմենի» ամսագիրը տեղեկացնում է, որ Մարսելի տոնավաճառին Հայաստանը մասնակցում է 1991-ից: Անցած տարիներին հայկական տնտեսության, մշակույթի եւ զբոսաշրջության հնարավորություններն օտարներին ներկայացվել են ազգային երգ ու պարի, ճաշատեսակների, սննդարդյունաբերության արտադրանքի, ինչպես նաեւ գրքերի միջոցով:

Հայաստանի տարվա առթիվ 2007-ի սեպտեմբերի 28-ին Մարսելի միջազգային տոնավաճառում ցուցադրվեցին Հայաստանում, ինչպես նաեւ ֆրանսահայ համայնքում եւ Լեռնային Ղարաբաղում Մարկ Բագլենի արած լուսանկարները եւ Նիկոլաս Գվիխառոյի կատարած նկարահանումների դրվագները: Լուսանկարիչը եւ կինոգործիչը մեկնաբանում էին ցուցադրությունը: Նրանք երկու ամսվա ընթացքում ճանապարհորդել էին 15 երկրներում, եւ հավաքված տեսանյութերն օգտագործվում են ստեղծվող վավերագրական ֆիլմում: Ի թիվս այլ թեմաների, ֆիլմում կարծարծվի նաեւ հայերի ինքնության հարցը: Նկարահանումը շարունակվել է նաեւ Մարսելի տոնավաճառում կազմակերպված քննարկման ժամանակ, որի մասնակիցները տվյալ հարցի առթիվ արտահայտել են ամենատարբեր, երբեմն աներեւակայելի կարծիքներ:

Մարսելի 13-րդ եւ 14-րդ շրջանների թաղապետ, Հայ երիտասարդության եւ մշակույթի տան նախագահ Կարո Հովսեփյանը ընդգծում է, որ միջազգային տոնավաճառում Հայաստանի տաղավարն առկա է արդեն 17 տարի, բայց միայն 2007-ից առանձնահատուկ պայմաններն այցելուներին հնարավորություն տվեցին զբոսնելու վրանաճամբարում: «Մարսելի տոնավաճառը թույլ է տալիս ներկայացնել երկրի պատմամշակութային հարստությունը, ինչպես նաեւ փորձում է տնտեսական կապերն ամրապնդել ուղղակի Հայաստանից բերված արհեստագործական արտադրանքի ցուցադրման միջոցով», ասում է նա:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4