«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2008-01-23 | #13, 2008-01-24 | #14, 2008-01-25


21-ՐԴ ԴԱՐԻ ԲԱՆԱԿԸ` ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ

Գլխավոր շտաբի պետը համալսարանում

Երեկ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը ԵՊՀ-ում հանդիպեց դասախոսական, ինչպես նաեւ ուսանողության հետ: Իր ելույթում նա նշեց, որ հանդիպման նպատակներից մեկն էլ դասախոսության ձեւով հանդես գալն է ԵՊՀ-ի ուսանողության առջեւ` ծանոթացնելու ՀՀ ԶՈՒ-ի մարտունակությանը, խնդիրներին եւ ունեցած հաջողություններին: Անդրադառնալով ՀՀ ԶՈՒ-ի հզորացմանն ու զարգացմանը, Սեյրան Օհանյանը նշեց մի կարեւոր փաստ եւս, որ մեր երկրի կարեւոր նշանակություններից մեկն էլ կայուն եւ կազմավորված բանակ ունենալն է` հաշվի առնելով, որ Հայաստանը շրջափակված է այնպիսի հարեւաններով, ինչպիսիք են Թուրքիան, Ադրբեջանը: Սեյրան Օհանյանը կարեւորեց եւս մեկ հանգամանք, որ բանակի առաջընթացի ապահովման համար մեծ դեր է խաղում ուսուցումը` մարտական պատրաստության, ինչպես նաեւ զուգահեռ ուսումնադաստիարակչական գործընթացի իրականացումը: Թերությունների, պասսիվության, անտարբերության նկատմամբ էլ համապատասխան պայքար պետք է ծավալվի, եւ զեկուցվի վերադասին: 2007-ին Սեյրան Օհանյանը գրել է մի գիրք, որ կոչվում է «21-րդ դարի բանակը»: Գրքի հիմք են կազմել այն ուղերձները, որոնցով Սեյրան Օհանյանը հրամանատարական, ընկերական խոսքով հիմնավորել է յուրաքանչյուր տարվա նպատակները: Գրքի առաջին էջում էլ ներկայացնում է, որ վտանգի, դժվարությունների դեպքում հաղթանակի հասնելու համար ժողովրդի միասնականությունն է պետք:

Գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը պատասխանեց նաեւ ներկաների հարցերին: ԵՊՀ-ի դասախոսները զինվորի գրադարան ստեղծելու առաջարկով հանդես եկան, որի ուղղությամբ էլ պատրաստականություն հայտնեցին մեծ աշխատանք տանել: Գլխավոր շտաբի ակադեմիա ունենալու համար, ինչպիսին Ռուսաստանն ունի, ի՞նչ միջոցներ են հարկավորՙ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Քանակական առումներով եւ հնարավորություններով դեռեւս չենք հասել, որ կարող ենք ակադեմիա ունենալ, չնայած ունենալով գիտահետազոտական ինստիտուտ` կարող է հիմք լինել ակադեմիա ունենալու համար: Մեծ քանակությամբ սպաներ եւ գեներալներ ունենք, որոնք տիրապետում են ռազմավարությանը, տիրապետում են օպերատիվ արվեստին եւ այդ համագործակցությունը բուհերի հետ միասին պետք է լինի»:

Հարցերից մեկն էլ վերաբերում էր վերջերս Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն կարծիքին, թե 15000 հոգանոց բանակ է պետք պետություն պահելու համար, Սեյրան Օհանյանն իր հերթին նշեց. «Դա քաղաքականություն է, որի մեջ իրավունք չունենք մտնելու, բայց հարցը վերաբերում է բանակին: Բանակը լինում է խաղաղ պայմանների, բանակը լինում է պատերազմական ժամանակահատվածի հաստիքացուցակով: Այսօրվա մեր ունեցած հաստիքները մաքսիմալ` ոչ պատերազմ, ոչ խաղաղություն ժամանակահատվածում իրականացնելու համար են: Եթե լինի զինադադար, եթե լինի խաղաղության պայմանագիր, մենք վերանայելու ենք նաեւ, որ կրճատումներ լինեն. դա ոչ մեկի համար նորություն չէ, որ խաղաղ պայմաններում բանակներն ավելի փոքր են լինում, բայց ավելի մոբիլ, ավելի պատրաստ: Այսօր մենք 15000-ոց բանակով չենք կարող մեր առջեւ դրված ռազմական խնդիր իրականացնել»: (Տեղեկացնենք ընթերցողին, որ առաջին նախագահը հենց այդպես էլ նշել էրՙ 51 հազարանոց բանակՙ Ղարաբաղի հարցի կարգավորումից հետո: Ծ. խ.)

Կարեւոր հարցերից մեկն էլ տվեցին օտար լեզվի դասախոսները: Ինտերնետ ցանցում Ադրբեջանը տեղադրել է իրականությանը չհամապատասխանող հայերեն լեզվով կայքէջ, որտեղ տեղեկություններ կան նաեւ ՀՀ զինուժից: Գլխավոր շտաբի պետը նշեց, որ ժամանակին Լեռնային Ղարաբաղում էլ ադրբեջանական հաղորդումներ կային, եւ առաջարկեց դասախոսներին, նոր ամբիոն բացել համալսարանում, որտեղ ուսուցանվի ադրբեջաներեն լեզուն:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4