Ժամանակակից ինքնօրինակ կոմպոզիտորներից մեկի` Թիերի Պեկուի համար երաժշտություն գրելը ճանապարհորդության պես մի բան է: Նրա վերջին շրջանի գործերը տոգորված են Ֆրանսիայից շատ հեռու ապրող ժողովուրդների` մայաների («Յագուարի սիմֆոնիա»), չինացիների («Քարի ալիք») եւ հյուսիսի ազգությունների («Էսկիմոս Նանուկը») մշակույթներով:
1965-ին ծնված ֆրանսիացի կոմպոզիտորի վերջին գործը նրա առաջին օպերան է, որը կոչվում է «Զոհաբերվածները»: Փարիզի «Մոնդ» թերթն այն բնորոշում է որպես Պեկուի գեղագիտական մանիֆեստ: Տվյալ օպերան ավելի շուտ ժամանակակից քնարական առակ է, որը բեմադրվել է Փարիզի արվարձան Նանտերի Երաժշտության տանը: Հունվարի 12-ին կայացած պրեմիերայից հետո սկսված հյուրախաղերի ընթացքում օպերային ծանոթանում են Ֆրանսիայի տարբեր քաղաքների երաժշտասերները:
Երկու ժամանոց օպերան արծարծում է շատ այժմեական թեմա եւ պատմում է ալժիրյան ծագումով երեք կանանց մասին, որոնք սերնդե-սերունդ անիծված են, «դիմածռության» խեղմամբ խարանված:
Ամեն ինչ սկսվում է Ալժիրում ֆրանսիացի զինվորների կողմից Ռաիսայի (Ժակլին Մայո) բռնաբարությունից: Նրա դուստր Լեյլան (Սիլվիա Վադիմովա) եւ թոռնուհին (նրա դերում հանդես է գալիս երիտասարդ երգչուհի Սեւան Մանուկյանը, որի մասին «Մոնդը» դրվատանքով է արտահայտվում) թանկ կվճարեն դրա դիմաց:
Բեմադրությունն իրականացրել է Քրիստիան Գանգրոնը, բեմի վրա օգտագործելով շարժական պաստառներ, տեսաերիզների ցուցադրություններ, լուսախաղեր, որոնց շնորհիվ երգչախմբի որոշ անդամներ հիշեցնում են որմնանկարների կերպարներ:
Թիերի Պեկուի երաժշտությունը չի սահմանափակում ավանդական միջոցներով եւ արձագանքում է նոր արտահայտչամիջոցներ ստեղծելու հրամայականին: Նվագախմբային երաժշտությունը հիանալի է կատարում TM համույթը:
Պ. Ք.