Տնօրհնեքը Քրիստոնյա հանրագիտարանում պարզաբանվում է «Հոգեւոր բարեպաշտական արարողություններ» վերտառության ներքո: Մեզ այդ գեղեցիկ սովորույթը ժառանգվել է դեռ առաքելական շրջանից, երբ հարության ավետիսն աշակերտները տնետուն տարածում էին քրիստոնյաներին:
Տեր Եսային Երեւանի Սբ. Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվն է: Ասում է, որ քահանաները առաքյալների օրինակով Սուրբ ծննդյան ու Հարության տոներից հետո շրջում են տնետուն, փոխանցում Քրիստոսի ծննդյան կամ հարության հրաշալի ավետիսը եւ օրհնում տունը, տան անդամներին ու տան բարիքները: Տեր Եսային չի կարող հաշվել, թե քանի տուն է օրհնել այս տարի, սակայն օր է եղել, որ 20 տուն է օրհնել: Քահանան գտնում է, որ հավատավոր մարդիկ պետք է խորությամբ ըմբռնեն տնօրհնեքի իմաստը: «Ընտանիքում մթնոլորտի ծանր վիճակից, թուղթուգիր կոչվածի ազդեցությունից, անհաջողություններից, փորձություններից ազատվելու եւ հօգուտ իրենց խնդիրների լուծումը մարդիկ տեսնում են տնօրհնեքի արարողության մեջ, մինչդեռ իրականում տնօրհնեքն ավելի կարեւոր խորհուրդ ունի` դա Սուրբ ծննդյան կամ հարության ավետիսն է եւ բուն օրհնությունը»:
Քահանան կարեւորում է նաեւ այն, որ մարդիկ Աստծուն տեսնում են միայն որպես բարերարի, բարիքներ բաշխողի: Սահմանափակել Աստծուն միայն բարեգործության շրջանակներում, տեր Եսային սխալ է համարում: «Աստծուց բարիքներ պահանջելուց բացի, մարդիկ պիտի գնան դեպի Աստված: Մարդն էլ պիտի դեպի Աստված քայլ անի, որ նաեւ հոգեւոր զոհողության ճանապարհ է», ասում է նա:
Աստծու նախանշած ճանապարհով քայլող մարդու համար պակաս կարեւոր չէ աստվածաճանաչողության ընթացքի եւ բարեպաշտության ձեւը: Դրանցից մեկն էլ կարելի է համարել բարեպաշտական արարողությանը հավատացյալի մասնակցության ձեւը: Մեր խնդրանքով տեր հայրը պարզաբանում է. «Կան աղոթքներ, որ քահանային են միայն վերապահված, բայց դպրաց դասի հատվածը` շարականների երգեցողությունը, աղոթքներին տրվող պատասխանները, որ սովորաբար մեր եկեղեցիներում դպիրներն են տալիս, սովորաբար ժողովրդի պատասխանն է եւ ով գիտի, կարող է ձայնակցել: Ցավոք, տնօրհնեքի ժամանակ հաճախ չէ, որ ձայնակցում են, բայց սովորաբար մեր եկեղեցու հավատացյալները գիտեն ծեսը եւ ձայնակցում են»:
Տեր հայրը խոսեց մի կարեւոր մանրամասնի մասին, որ անհայտ է շատ հավատացյալների: «Շատերի կարծիքով մինչեւ հունվարի 13-ն է տնօրհնեքի շրջանը: Ճիշտ է, որ Ծննդյան տոների ընթացքին ավելի պատշաճ է այդ արարողությունը, բայց հնարավոր չէ սակավաթիվ քահանաների պայմաններում բոլոր տներն օրհնել, դրա հետ մեկտեղ մենք չունենք կանոն, ըստ որի հունվարի 13-ից հետո կամ պահքի ժամանակ արգելվում է տնօրհնեքի արարողություն կատարել»:
Տնօրհնեքը կարեւորելով քահանան շեշտում է, որ մարդիկ պետք է հասկանան, որ տնօրհնեքի օրհնությունը պետք է պայմանավորեն իրենց հոգեւոր աճի, հոգեւոր զորության ամրապնդմամբ, ապա նոր բարեկեցություն ակնկալեն, որ ինքնին հոգեւոր զորության արդյունք կլինի:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ