«Զինվորական փորձագետների կարծիքով, ԱՊՀ երկրների մեջ իրական մարտունակություն ունեն Ռուսաստանի, Բելառուսի եւ Հայաստանի բանակները». հավատացեք, տեղի մամուլում կարդալով այս պրոֆեսիոնալ հետեւությունը, ռուսաստանցի ամեն մի հայ տոգորվում է գոհունակության զգացումով:
Հիշյալ ռազմական վերլուծության մեջ, անդրադառնալով նորանկախ պետությունների ազգային բանակների կազմավորման գործընթացին, նշվում է, որ դրանց հիմքը կազմել են խորհրդային բանակից մնացած սպառազինությունները: Դրանք համաչափ չեն բաշխվել: Ամենից շատ շահել են Ուկրաինան եւ Բելառուսը, որտեղ տեղաբաշխված են եղել ռազմավարական կարեւորության հզոր ռազմական օկրուգների հսկայական պաշարներով:
Որպես սոսկ հակաթուրքական ուղղություն, առաջնային չի համարվել անդրկովկասյան օկրուգը, որն էլ նվազ հագեցած է եղել ռազմական տեխնիկայով: Ամենաթույլը եղել է Միջին Ասիան:
Զինաբաշխման առումով մեծ խառնաշփոթ է ստեղծվել Անդրկովկասում ի հետեւանք ազգամիջյան ծավալուն բախումների: Ընդսմին ռազմական տեխնիկան այստեղ «զենքի» միջոցով հաճախ է վերաբաժանվել հաղթողների եւ պարտվողների միջեւՙ աբխազներին ու օսերինՙ վրացիներից, ղարաբաղցիներինՙ ադրբեջանցիներից: Արձանագրվում է, որ հայերը ղարաբաղյան պատերազմում տեխնիկայի նվազ կորուստներ են կրել:
Հատուկ նշվում է, որ Հայաստանում մեծ ուշադրություն է նվիրվում բանակին: Ընդ որում, տեղական ռազմական շինարարության մեջ շեշտը դրված է ցամաքային զորքերի վրա, թեեւ հայկական բանակն ունի նաեւ մարտունակ ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգ եւ այլն:
Դժվար է ասել, տվյալները թա՞րմ են, թե՞ ոչ, սակայն ասվում է, որ Հայաստանն ունի սոսկ մեկ վերագրավիչ-կործանիչ: Իսկ քանի որ աշխարհում կան բանակներ, որ դա էլ չունեն, հետեւաբար Հայաստանը կարող է հավակնել... Գինեսի ռեկորդի:
Պարզվում է, որ զինվորականներն էլ կարող են սրամտել...
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա