Երեկ հայոց բանակի 16-ամյակի առիթով Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցելու համար ներկա էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ բանակը 16 տարիների ընթացքում կատարել է իր խնդիրները, ցույց տվել իր հզոր ուժը, որի պատճառով էլ հարեւան Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններ է անում. «Տեսնելով ՀՀ բանակի ուժը, կարողությունները, հարեւան պետությունը միայն խոսում է եւ պրակտիկ ոչ մի քայլ չի կարող անել: Բանակն այսօր կայացած է, բանակը հզոր է, մարտունակ եւ պատրաստ է պաշտպանելու հայ ժողովրդին` յուրաքանչյուր վտանգավոր քայլից»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե հնարավո՞ր է, որ բանակն ամբողջությամբ անցնի պայմանագրային հիմունքներով ծառայության, նախարարն ասաց. «Ես, որպես պաշտպանության նախարար, չեմ տեսնում, որ բանակը անցնի պայմանագրային հիմունքներով ծառայության: Դրա համար պետք է ստեղծենք այն տնտեսությունը, պետությունը, որը ունենա հնարավորություններ` բանակն ամբողջությամբ դարձնելու պայմանագրային հիմունքներով: Հայաստանը 3 միլիոնանոց պետություն է, եթե այսօրվանից անցնենք պայմանագրային հիմունքների, այդ պայմանագրայինի հիմքը ո՞վ է լինելու: Հայտարարությունները, որ անում են, թե բանակը կարելի է կրճատել, պետությունն այսօր չի կարող գնալ այդպիսի քայլերի: Կա ազգի անվտանգություն, գլխավոր երաշխիքը` բանակը: Այն, որ ասում են` քանակական առումով պետք է կրճատենք բանակը, խնդիրները, որ դրված են մեր զինուժի առջեւ, երեւում է, շատ վատ գիտեն ասողները: Մենք ունենք 1300 կիլոմետր սահման` կապված մեր հարեւան պետության հետ: Երբ մեր հարեւան պետությունը ունի 100 հազարանոց բանակ, եւ մենք պետք է ունենանք 10 հազարանոց բանակ, մտածեք` դա ինչ կբերի մեզ»:
Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին եւ մասնավորապես հարցին, թե ո՞ւմ է ձայն տալու Միքայել Հարությունյանը նախագահական ընտրություններին, վերջինս ասաց. «Ես վաղուց եմ կողմնորոշվել. պաշտպանելու եմ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Սերժ Սարգսյանի մեջ տեսնում եմ այն մարդուն, որը կարող է ղեկավարել մեր պետությունը, դառնալ գերագույն գլխավոր հրամանատար, որը ունակ է ղեկավարելու բանակը նույնիսկ այն ժամանակ, եթե Աստված ոչ անի, լինի պատերազմ: Համոզված եմ, որ բանակի մեծամասնությունը, եթե չասենք ավելին, քվեն տալու է Սերժ Սարգսյանին` ճանաչելով մարդու, որը տասնյակ տարիներ եղել է պաշտպանության նախարար եւ ամեն ինչ արել է բանակի մարտունակության համար: Սերժ Սարգսյանը պաշարներ է ստեղծել, որը բանակի համար մեծ նշանակություն ունի: Համոզված եմ, որ նա կլինի շատ լավ նախագահ: Ցանկանում եմ մեր ժողովրդին խաղաղություն, բանակն էլ միշտ լինի մարտունակ»:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ