«Ազգ» օրաթերթի նախորդ համարում տպագրվել է տեղեկատվություն, որ հունվարի 25-ին անհատ անձը դիտավորությամբ կոտրել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 47 շենքի առաջին հարկում տեղակայված «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակի պատուհանի ապակիները եւ վնասել գրասենյակի ցուցանակըՙ գրասենյակին պատճառելով զգալի վնաս:
Այս օրերին անհայտ անձինք պատռել են նաեւ ՀՀ նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզչական պաստառները:
Նման երեւույթների եւ մարզում նախընտրական մթնոլորտի ներկա վիճակի մասին է մեր հարցազրույցը Լոռու մարզպետ, Հայաստանի հանրապետական կուսակցության Լոռու մարզային խորհրդի նախագահ Արամ Քոչարյանի հետ:
- Նախընտրական քարոզարշավն, ընդհանուր առմամբ, մեր մարզում ընթանում է պատշաճ մակարդակով,- ասաց Ա. Քոչարյանը: - Ազատ եւ անկաշկանդ գործում են բոլոր թեկնածուների քարոզչական շտաբները, հավասար պայմաններ են ստեղծված նրանց քարոզչությունը ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան անցկացնելու համար: Ե՛վ մարզկենտրոնում, ե՛ւ մյուս բնակավայրերում փակցված են քարոզչական ցուցանակներ եւ ցուցապաստառներ, թեկնածուներն արդեն այցելում են մեր մարզ, հանդիպումներ ունենում ընտրողների հետ: Այս ամենի համար պատասխանատու բոլոր կառույցներն ու գերատեսչություններն իրենց տեղում են, գործում են ամենայն բծախնդրությամբ: Ինչ վերաբերում է «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակի հետ կապված դեպքին, կարելի է դիտարկել երկու տեսանկյունից: Եթե հանցագործությունը կատարել է Արթուր Բաղդասարյանի հակառակորդներից մեկը, արջի ծառայություն է մատուցել իր նախընտրած թեկնածուին: Նաեւ կարծիքներ կան, որ հնարավոր էՙ դա արած լինի հենց ՕԵԿ-ի շտաբըՙ զոհի, տուժածի կերպար ստեղծելու նպատակով: Չեմ կարծում, որ այդ դեպքը ձեռնտու է որեւէ քաղաքական ուժի: Իրավապահ մարմիններն զբաղվում են քննությամբ:
- Պարոն Քոչարյան, ինչպե՞ս եք վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի այն մեղադրանքին, թե գիշերը պատռել են իրենց թեկնածուի քարոզչական պաստառները:
- Նախ հիշեցնեմ, որ նման ահազանգ առաջինն ստացվել է Սերժ Սարգսյանի քարոզչական շտաբից. պատռել են Ս. Սարգսյանի քարոզչական բազմաթիվ ցուցապաստառներ: Երկու դեպքում էլ դատապարտելի են նման արարքները, որոնց հեղինակներն ուղղակի ստահակներ են: Չի բացառվում, որ պատռողները լինեն անչափահասներ, ովքեր չեն գիտակցում իրենց արարքը: Մեղավորները, բացահայտվելուց հետո պետք է պատժվեն: Նման մեթոդներով նրանք առաջին հերթին վարկաբեկում են իրենց նախընտրած թեկնածուին:
- Ի՞նչ կարծիքի եք հայաստանյան լրատվամիջոցներով իրականացվող նախընտրական քարոզարշավի մասին:
- Խիստ հիասթափված եմ, քանզի այս օրերին չեմ տեսնում առողջ բանավիճային մթնոլորտՙ լուրջ ծրագրերի եւ գաղափարների շուրջը: Թեկնածուների զգալի մասը մի խնդիր է դրել. իրականությունը հասարակությանը ներկայացնել խտացված գույներով, անհիմն մեղադրանքներով ապակողմնորոշել ընտրողներին, հիմնականում սլաքն ուղղելով դեպի Սերժ Սարգսյանը:
Կարծում եմՙ իրենց հաշվարկներում այդ մարդիկ սխալվում են: Բարեբախտաբար, բնակչությունը չի կորցրել զգոնությունը եւ տեղեկացված է այնքան, որ կարող է զանազանել իրականությունը կեղծ մեղադրանքներից: Չնայած մեր երկրում առկա են բազմաթիվ չլուծված հիմնահարցեր, սակայն երկիրը դինամիկ զարգացում է ապրում: Կան բոլոր հիմքերն ասելու, որ զարգացման տեմպերն անշրջելի են եւ առավել արագ ընթանալու միտումներ ունեն:
- Նախընտրական ժամանակաշրջանում կարեւոր է նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների զերծ մնալը ընտրական օրենսգրքով արգելված գործողություններից: Ի՞նչ կասեիք այս մասին:
- ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 18-ի 4-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ նրանց ենթակա աշխատակիցներին արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ տարբեր տիպի քարոզչական նյութեր տարածել իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս:
Նրանց զգուշացրել ենք, որ պահպանեն ընտրական օրենսգրքի պահանջները եւ զերծ մնան նման գործողություններից:
Հարցազրույցը` ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆԻ