«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2008-01-25 | #15, 2008-01-26 | #16, 2008-01-29


ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՊԱԿԱՍ ՏՈՆ ՉԷ, ՔԱՆ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Հուրախություն իրենց անվանակոչության օրը հիշող-նշողների, «Ազգը» բացում է նոր խորագիր` «Անվանակոչության օր»: Այն հնարավորություն կտա տեղեկանալու տարբեր անվանումներով բարեպաշտ քրիստոնյաների եւ տոների հիշատակի օրերի մասին: Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականները հորդորում են հիշել մեր անվանակոչության օրը` որպես բարեպաշտ քրիստոնյաներ, որպեսզի նրանք, ում պատվին կրում ենք ամենաթանկ բաներից մեկը` սեփական անձնանունը, մեր բարեխոսը լինեն Աստծու առաջ:

Բազմաթիվ մեծ ու փոքր տարբերությունների շարքում արեւելահայն ու արեւմտահայը մի տարբերություն ունեն իրենց հանրային սովորույթներում, որ վերանայման խնդիր ունի հատկապես արեւելահայերիս համար: Արեւելահայը տարվա մեջ մի անգամ լավ քեֆ է անում, ուտում-խմում-ուրախանում սեփական ծննդյան օրը: Արեւմտահայը ավելի կարեւորում եւ հանդիսավորապես նշում է սեփական անվանակոչության օրը: Հետո՞ ինչ, կհարցնի ընթերցողը: Հետո այն, որ մեր պապերից եկած սովորույթը ջնջվել է եւ սպառնում է իսպառ վերանալ Արեւելյան Հայաստանից, եթե չլինեին ազգային վերազարթոնքի մեր ձգտումն ու մանրաքայլը: (Թեեւ պետք է խոստովանել, որ ռուսների մոտ ավանդաբար մինչեւ օրս շարունակվում է անվանակոչության օրը նշելը):

Մեր պապերը ոչ այնքան ուրախանում էին իրենց ծննդյան, որքան անվանակոչության օրվա առթիվ: Նախՙ ավանդույթը պահանջում էր, որ հայ բարեպաշտ ընտանիքում ծնվող զավակները կրեին աստվածաշնչյան դեմքերի, ազգային հերոսների ու հայտնի անձնավորությունների, քրիստոնեական տոների եւ իրադարձությունների ու դրանց մասնակիցների անուններ ու հայրենի երկրի տեղանուններ, ապա նոր` իրենց պապեր-տատերի անունները: Բացի այդ, սովորույթ էր նշել ոչ թե ծննդյան, այլ անվանակոչության օրը, որը կարող է նույնիսկ տարվա մեջ մի քանի անգամ նշվել: Օրինակ, Մարիամ անունը կրողները տարվա մեջ առնվազն անվանակոչության 7 օրերի հնարավորություն ունեն, իսկ Գրիգորները` երեք:

«Ունենք ե՛ւ տարբեր մարդկանց հիշատակի օրեր, որոնք ոչ տոնական են համարվում, ե՛ւ տաղավար տոներ: Դրանք բոլորն էլ անվանակոչության լավ առիթներ են մարդուն շնորհավորելու եւ մաղթանքներ հղելու համար: Օրինակ, մենք ունենք Համբարձում, Ավետիս կամ Ավետիք անունները, որոնք տերունական տոներ են եւ ստեղծվել են ավետարանական պատմության համաձայն, բայց հատկապես այդ տոնական օրերին ծնվածների համար դարձել են անձնանուններ: Նույնկերպ Սիմեոն ծերունու եւ Աննա մարգարեուհու անունները հիշատակվում են Տեառնընդառաջի տոնին: Նշանակում է, որ Տեառնընդառաջի տոնին Աննա եւ Սիմեոն անուն ունեցողները կարող են իրենց անվանակոչությունը տոնել», ասում է Արարատյան հայրապետական թեմի քրիստոնեական դաստիարակության գրասենյակի տնօրեն Հասմիկ Նալբանդյանը: Նա բացատրում է, որ կան անուններ, որոնք հայազգի սրբերի կամ հայազգի քրիստոնյաների չեն պատկանում (Նիկոլայ, Հռիփսիմե, Դավիթ, Իսահակ), բայց ընդունվում են մեր եկեղեցու կողմից որպես համաքրիստոնեական սրբեր եւ գործածվում անուններ կնքելիս: «Սակայն ցավալի է, որ անվանակոչության խորհուրդը շատերը չեն գիտակցում եւ չի դառնում մտորումի, իր անվանակցի վարքին հարիր ապրելու եւ աղոթքի առիթ», ասում է զրուցակիցս:

Բացի այդ, կան անձնանուններ, որոնք ոչ եկեղեցական տոնացույցում են հիշատակվում, ոչ էլ քրիստոնեական հիմք ունեն (Հասմիկ, Արեւիկ, Արփի, Աղավնի, Վահագն, Ռոբերտ, Արա, Նաիրի, Արթուր, Լեւոն, Արգիշտի, Ավագ, Հայկ, Կարեն, Էդմոնդ ...): «Նման անուններ կրող աղջիկների համար անվանակոչության օր կարելի է համարել Սրբոց Գայանյանց տոնը (չշփոթել Ավետման տոնին նշվող մայրության տոնի հետ), իսկ տղամարդկանցը` Սբ Վարդանանց տոնին (նախկին փետրվարի 23-ի փոխարեն): Այս տոնական ավանդույթը դեռ մի քանի տարվա պատմություն ունի, որ ներմուծել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ կարծես թե կամաց-կամաց ժողովրդականություն է վայելում», ասում է Հասմիկ Նալբանդյանը եւ ուշադրություն հրավիրում հետեւյալ հանգամանքին եւս: «Անվանակոչության օրվա կարեւորությունը ոչ թե քեֆ անելու եւ տվյալ անձի փառաբանության մեջ է, այլ անվանն արժանի վարքուբարք ունենալու եւ իր անվանակից սրբի եւ օրվա բարեխոսությունը կամ բարերար ազդեցությունը փնտրելու եւ դրան արժանի լինելու մեջ: Եթե մեկի անունը Գրիգոր է, ապա նա կարող է Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը հայցել կամ հավատալ նրա հովանավորությանը»:

Եթե մեզ մոտ Հայաստանում անվանակոչության օրը նշելը նոր-նոր է դառնում սովորույթ, ապա արտերկրում, ինչպես մեր, այնպես էլ այլ եկեղեցիների հավատավոր մարդկանց շրջանում, դա համընդհանուր է: Սա նշանակում է, որ այնտեղ, հուսանք, որոշ ժամանակ անց նաեւ Հայաստանում, մարդիկ տոնում են իրենց անվանակոչության օրը, որ բնականաբար, պակաս գեղեցիկ ու խորհրդավոր տոն չէ, քան ծննդյան օրը: Իսկ հիմա հունվար ամսվա անվանակոչության օրերի մասին ավելի կոնկրետ.

6 - Էմմանուել,

19 - Հովհաննես, Մկրտիչ, Կարապետ

21 Սարգիս, Մարտիրոս, Ատոմ

22 Սուքիաս

24 Ոսկի

26 - Իսահակ, Սահակ

28 Մարկոս, Պիոն, Կյուրեղ, Բենիամին

29 Ղեւոնդ, Հովսեփ, Սահակ, Մուշեղ, Արշեն, Արսեն, Քաջաջ, Թաթիկ, Սամվել, Աբրահամ

31 Վարդան եւ բոլոր այն անունները, որոնք չեն հիշատակվում եկեղեցական օրացույցում:

Անվանակոչության օրվա առթիվ սրտառուչ բարեմաղթանքներով`

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ. Գ. Կարեւոր է իմանալ, որ անվանակոչության եւ տոների մեծամասնությունը շարժական է, այսինքնՙ ամեն տարի անվանակոչության օրը ենթակա է փոփոխման:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4