«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2008-01-26 | #16, 2008-01-29 | #17, 2008-01-30


ԱՅՍ ՏԱՐԻ ԿԼՈՒԾՎԻ ՋԻԼԻԶԱՅԻ ԷԼԵԿՏՐԻՖԻԿԱՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ

Արդեն 5 տարի էՙ Հայաստանի եւ Հունաստանի նախագահների միջեւ ձեռք բերված համաձայնության շրջանակում Հունաստանի արտաքին գործերի եւ ներքին գործերի նախարարությունների ֆինանսավորմամբ, ԵԵՏԱԱ գործակալության միջոցով Հայաստանում իրականացվում են աջակցության ծրագրեր. Գյումրիի եւ Վանաձորի լողավազանների, Վանաձորի թեթեւ ատլետիկայի մարզադպրոցի արհեստական վազքուղիների կառուցումը, Ալավերդի քաղաքի կոմունալ տնտեսության վերազինումը նոր աղբատար մեքենաներով եւ աղբարկղերով, Ալավերդի, Շամլուղ, Ախթալա, Կողես եւ Յաղդան համայնքներում խմելու ջրագծի եւ ճանապարհների նորոգման ծրագրեր: Դեռեւս 1998 թվականին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոստացել էր լուծել սահմանամերձ Ջիլիզայի համայնքային հիմնախնդիրները: Եվ ահա, 2008-ին, ինչպես տեղեկացանք Լոռու մարզպետի օգնական Էդիկ Հովսեփյանից, հունական ԵԵՏԱԱ գործակալությունը, Հայաստանի «Էլցանցեր» ՓԲԸ-ն եւ Հայաստանի սոցներդրումների հիմնադրամը համատեղ ֆինանսավորմամբ Ալավերդուց մինչեւ Ջիլիզա կանցկացնեն 6 կվ լարմամբ էլեկտրահաղորդման գիծ եւ 0,4 կվ լարմամբ ներքին բաշխման ցանց: Ընդհանուր ներդրումը կկազմի շուրջ 112 մլն դրամ (136 հազար եվրոՙ հունական ԵԵՏԱԱ գործակալությունը, 27 մլն դրամՙ «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ն, 24 մլն դրամՙ Հայաստանի սոցներդրումների հիմնադրամը): «Մեր հանրապետության պատմության մեջ սա աննախադեպ երեւույթ է, որ փոքր գյուղի ճանապարհաշինության եւ էլեկտրիֆիկացման համար ընդամենը երկու տարում պետությունը ծախսում է շուրջ 1 մլրդ դրամ: Սահմանամերձ Ջիլիզայի նկատմամբ պետական լուրջ հոգածությունը խոսում է այն մասին, որ համայնքը համարվում է երկրի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող բնակավայր», ասաց Է. Հովսեփյանը:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4