«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2008-01-29 | #17, 2008-01-30 | #18, 2008-01-31


ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ Ո՞Ր ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՀԱՐԳՎԱԾ`

Հայաստանո՞ւմ, Վրաստանո՞ւմ, թե՞ Ադրբեջանում

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնները (ՀՌԿԿ) հարավկովկասյան երեք երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում 2007-ին հետազոտություն են անցկացրել` պարզելու նշված երկրների ժողովրդագրական կազմի, կրթության, զբաղվածության, միգրացիայի, առողջապահության, քաղաքական հայացքների, հանցագործությունների եւ շատ այլ հարցերի վերաբերյալ երեք ժողովուրդների տեսակետները: Երեկ «Կոնգրես» հյուրանոցում «Տվյալների հավաքագրման նախաձեռնություն-2007» հետազոտության շնորհանդեսի ժամանակ բավական հետաքրքրական տվյալներ ներկայացվեցին, որոնք ընդգծում են յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունն ու համեմատության մեջ դնում երեք երկրներին:

Հարցմանը մասնակցել են 2514 ընտանիք Հայաստանից, 2148 ընտանիք Ադրբեջանից եւ 3391-ն էլ Վրաստանից: Ընդ որում, հարցմանն ընդգրկված ընտանիքները հիշյալ երկրների մայրաքաղաքներից, այլ քաղաքներից եւ գյուղական բնակավայրերից են եղել: ՀՌԿԿ Հայաստանի տնօրեն Հեղինե Մանասյանի խոսքով, հետազոտությամբ պարզվել է, օրինակ, որ հարցմանը մասնակից երեք երկրներից ամենաերիտասարդը Ադրբեջանի բնակչությունն է: Ադրբեջանցիների միջին տարիքը 32 է, մինչդեռ հայերի միջին տարիքը 35 է, իսկ վրացիներինը` 37: Հայաստանի ընտանիքների անդամների միջին քանակը 4 է, ադրբեջանական ընտանիքներում նույնպես, բայց Վրաստանի տնային տնտեսությունների անդամների միջին քանակը 3 է:

Թե՛ ներքին, թե՛ արտաքին միգրացիայի առումով ամենավատ վիճակում մեր երկիրն է: Հայաստանում ամենաշատն է նկատվում մարդկանց տեղաշարժը թե՛ երկրի տարբեր բնակավայրերից մայրաքաղաք, թե՛ առհասարակ երկրից դուրս: Հայաստանի այլ բնակավայրերից մայրաքաղաք Երեւան եկածները 2007-ին կազմել են 7 տոկոս, Ադրբեջանի մյուս շրջաններից Բաքու մեկնածները կազմել են 1, իսկ Վրաստանից Թբիլիսի գնացած միգրանտները` 2 տոկոս: Արտերկիր աշխատանքի մեկնող միգրանտների քանակով եւս Հայաստանն առաջին հորիզոնականում է` 5,5 տոկոս: Աշխատանքի համար սեփական երկրից դուրս եկողները Ադրբեջանում կազմել են 1,2, Վրաստանում` 1,8 տոկոս: Հետազոտողները եզրահանգման են եկել, որ Հայաստանը տարածաշրջանի ամենաակտիվ էմիգրացիոն երկիրն է:

Հետաքրքրական է հարավկովկասյան երկրներում քրեական իրավիճակի պատկերը: 2007-ին արտոնյալ վերաբերմունքի կամ ծառայության արժանանալու համար ամենաշատը կաշառք տվող է եղել Ադրբեջանում` բնակչության մոտ 20 տոկոսը: Հայաստանում այդպիսիք մոտ 8 տոկոս են կազմել, իսկ Վրաստանում, պարզվում է, կաշառք տվող գրեթե ընդհանրապես չի եղել` 0,6 տոկոս: Երեք երկրների հարցման ենթարկված ընտանիքները նշել են նաեւ, թե իրենց անվտանգության տեսանկյունից ո՞ր մարմինների արդյունավետությունն են ամենաբարձրը գնահատում: Ըստ այդմ, սեփական անվտանգությունը քրեական հեղինակությունների հետ ավելի շատ կապողները հայերս ենք: Վրաց հասարակության մեջ քրեական հեղինակություններն «ընդունված են» բնակչության մոտ 13, իսկ Ադրբեջանում` 7 տոկոսի մեջ: Մեր երկրում օմբուդսմենին ու ոստիկանությանն ապավինելու անհրաժեշտությունը 2-րդ եւ 3-րդ տեղերում է, որոնց կարեւորությունը, սակայն, ավելի շատ ընդգծել են վրացիները:

Մարդկային որակների առնչությամբ եւս բավական հետաքրքրական պատկեր է ստացվել: Երեք երկրների թե՛ տղամարդկանց, եւ թե՛ կանանց համար առաջին 3 նախընտրելի որակներում նշվել են աշխատասիրությունն ու պատասխանատվությունը: Սա միակ ընդհանուր գիծն է հայ, վրաց, ադրբեջանական հասարակությունների համար: Իր կարեւորությամբ երրորդ ցանկալի որակը Վրաստանում եւ Ադրբեջանում տղաների համար համարվել է անկախությունն ու ազատությունը, մինչդեռ հայ տղամարդկանց համար կարեւորվել է հանդուրժողականությունն ու հարգանքն այլոց նկատմամբ: Աղջիկների համար երեք լավագույն որակներում Հայաստանում կարեւորվել է աղջկա համեստությունը, Վրաստանում` կրոնական հավատն, իսկ Ադրբեջանում` տնտեսվարությունը:

Երկրի զարգացման վերաբերյալ երեւանաբնակները հետեւյալն են ասել. երկրի զարգացումը ճիշտ ուղղությամբ է գնում երեւանցիների 34 տոկոսի կարծիքով, կյանքը բոլորովին չի փոխվումՙ 28 տոկոսի, սխալ ուղղությամբ է գնում 36 տոկոսի կարծիքով:

Հետազոտության ներկայացման ժամանակ ՀՌԿԿ զարգացման եւ հանրային կապերը համակարգող Ահարոն Էռլիխն ընդգծեց, թե հիշյալ տվյալները քաղաքականության վերածելու նպատակ չեն հետապնդում, պարզապես տարածաշրջանում կա փորձի վրա հիմնված գիտական հետազոտությունների եւ վերլուծությունների կարիք, ինչի բացը փաստորեն լցնելու հավակնություն ունի ներկայացված ուսումնասիրությունը:

Տեղեկատվությունը, հետազոտության կազմակերպիչների խոսքով, բաց է բոլորի համար, ինչպես նաեւ կտրամադրվի վերլուծաբաններին, որոնք տվյալները համադրելու եւ վերլուծելու ցանկություն կունենան:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4