«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2008-01-30 | #18, 2008-01-31 | #19, 2008-02-01


«ԻՄ ԽՆԴԻՐՆ Է ԼԻՆԵԼ ՋԵՐՄԱՉԱՓ ԵՎ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ ՌԵԱԼ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ»

Ասում է սոցիոլոգ Ադիբեկյանը

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

«Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը երեկ «Հայացք» ակումբում ներկայացրեց մարզերում իր կենտրոնի անցկացրած երկրորդ հարցման արդյունքները նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Մարզերից հարցմանը մասնակցել է 2000-ից ավելի մարդ: Ըստ այդմ, հարցվողների 5 տոկոսը չի մասնակցելու ընտրություններին, իսկ ընտրություններով չի հետաքրքրվում հարցվածների 20 տոկոսը: Ըստ Ադիբեկյանի, մարզերում 20 տոկոսը հրաժարվել է մասնակցել հարցմանը, քանի որ հասարակական-քաղաքական իրադարձությունները չեն հետաքրքրել: Նրանցից 75 տոկոսը պատրաստ է մասնակցել ընտրություններին, 5 տոկոսը հետեւում է իրադարձություններին, բայց չի մասնակցելու, որովհետեւ չի հավատում, որ ընտրությունները կլինեն ազատ ու արդար:

Նախագահական ընտրամարաթոնում ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի թեկնածության առաջադրումը, ըստ Ադիբեկյանի հարցման, ուշագրավ փաստ է արձանագրել` մարզային հարցված բնակչության 40,7 տոկոսն է միայն տեղյակ եղել, որ ընտրապայքարին մասնակցում է նաեւ այդպիսի թեկնածու: Վազգեն Մանուկյանի դեպքում տեղեկացվածությունը` 44,2, Տեր-Պետրոսյանիՙ 80,6 տոկոս է կազմել: Սերժ Սարգսյանի թեկնածության մասին տեղյակ է եղել հարցվածների 97, 5, Արթուր Բաղդասարյանի` 56,8, Արտաշես Գեղամյանի` 55 տոկոսը: Իսկ Տիգրան Կարապետյան, Արամ Հարությունյան եւ Արման Մելիքյան եռյակը միասին կազմել են 51 տոկոս:

«Ամենաթույլ կողմը ընտրողներիՙ վերաբերում է ծրագրերին: Մարդիկ առաջնորդվում են ոչ թե ծրագրերով, այլ անձով: Վատ է, որ Սերժ Սարգսյանի մասին տեղեկացված է մարզերի ընտրողների 97, 5 տոկոսը, բայց ծրագրերի մասին տեղյակ է ընդամենը 19, 7 տոկոսը: Շատ թեկնածուների ծրագրեր մեծ են ծավալով, իսկ ընթերցողները զլանում են կարդալ. օրինակ` Գեղամյանինը», ասում է սոցիոլոգը:

Մարզերի ընդդիմադիր ընտրազանգվածի նախընտրելի թեկնածուն է Արթուր Բաղդասարյանը: «Արթուր Բաղդասարյանն ավելի է ընկալվում որպես անցողիկ թեկնածու` 6,8 տոկոս: Հարցվողների 40 տոկոսը «Ո՞ւմ ձայն չեք տա» հարցին պատասխանելիս նշել է Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը: Սերժ Սարգսյանին ձայն չտվողները 10 տոկոս են կազմում», նշում է Ադիբեկյանը:

Սեփական հարցման արդյունքների համապատասխանությունը իրականությանը Ադիբեկյանն այսպես է մեկնաբանում. «Իմ խնդիրն է լինել ջերմաչափ եւ պատվիրատուին ցույց տալ նրա ռեալ ջերմությունը: Իմ անձնական ռեյտինգը եւ ֆիրմայի իմիջը ավելի բարձր են, քան անցումային շրջանում թեկնածուինը: Սոցիալ-քաղաքական ակտիվությունը սկսել եմ ուսումնասիրել 87-ից: Մենք գործիք ենք սոցիալական կառավարման խնդիրների լուծման համար»:

Ի դեպ, հարցման պատվիրատուներից մեկը եղել է Սերժ Սարգսյանի շտաբից, իսկ մյուսի անունը Ահարոն Ադիբեկյանը գաղտնի պահեց:

Ընտրությունների երկրորդ փուլի հավանականության վերաբերյալ սոցիոլոգը նկատեց. «Երկրորդ փուլի հավանականությունը շատ քիչ է, որովհետեւ ձայների 2/3-ն ուղղված է Սերժ Սարգսյանին, եթե ընդդիմությունը բոլոր ձայները հավաքի, կհասնի 40-45 տոկոսի, եթե նրանք կարողանան ավելի էֆեկտիվ միավորվել»:

Ադիբեկյանն ընդգծեց, որ ժողովրդավարական երկրների համար որեւէ թեկնածուի հաղթանակի համար նորմալ ցուցանիշը պետք է լինի գոնե 55-65 տոկոս: Իսկ եթե բարձր է լինում ցուցանիշը, ուրեմն երկրում առկա են հիվանդագին գործընթացներ:

«Ռոբերտ Քոչարյանը 2003-ին սկսեց 56 տոկոս վարկանիշով` մեր տվյալներով, պատվիրատուին ասացինք, որ երկրորդ փուլ պետք է լինի: Սոցիոլոգը պարտավոր չէ կանխատեսել, որովհետեւ շատ հավանական է, որ մի արտառոց բան պատահի: Ազգային ժողովի կառուցվածքն էլ եմ ես տվել, որ պետք է լինի 131 հոգի, այսքան համամասնական, այսքան մեծամասնական: Դրա մաթեմատիկական մոդելն եմ կառուցել, հիմա ես դպրոցներում իրականացնում եմ հաշվողական տեխնիկա: Ես մեկ օրվա համար չեմ աշխատում կամ ապրում», հավելեց Ադիբեկյանը:

Այսպիսով, Ադիբեկյանի սոցհարցումների արդյունքները, ըստ մարզերի ընտրողների ձայների բաշխվածության, հետեւյալն են. Վազգեն Մանուկյանՙ 1,5 տոկոս, Արտաշես Գեղամյան` 2, Վահան Հովհաննիսյան` 3, Լեւոն Տեր-Պետրոսյանՙ 6, Արթուր Բաղդասարյան` 9, Սերժ Սարգսյան` 67 տոկոս: Մնացած թեկնածուները` ամբողջությամբ վերցրած, կազմել են 0,7 տոկոս: Չկողմնորոշվածների զանգվածը շարունակում է կազմել 10,5 տոկոս:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4