Հարցազրույց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի հետ
- Սրբազան հայր, ինչպե՞ս կբնութագրեք Հայ առաքելական եկեղեցու ջրօրհնյաց խաչքավորությունը: Ի՞նչ ավանդություններ կան կապված խաչքավորության հետ:
- Խաչքավորությունը վաղ քրիստոնեական ժամանակներից բանավոր ավանդությամբ մեզ հասած եւ օրինականացված պատվո պաշտոն է կամ հանգամանք, որ ընտրվում է Սուրբ Ծննդի տոնի ջրօրհնյաց արարողության առիթով մեկ տարվա համար: Սակայն խաչքավորի խնդրանքին ընդառաջ, համաձայն իր ուխտին, առաջնորդի հավանությամբ խաչքավորությունը երբեմն կարող է եւ կրկնվել:
Ի պատիվ խաչքավորիՙ ջրօրհնյաց արարողության ավարտին խաչը խաչքավորի տուն է տարվում եւ նույն խաչով առաջին տնօրհնեքի արարողությունը կատարվում, ապա խաչը տան պատվավոր տեղում թողնվում է մինչեւ անվանակոչություն (ութ օր): Թեեւ թեմակալ առաջնորդի օրհնությամբ եւ հավանությամբ, ընդառաջելով խաչքավորի խնդրանքին, որ պայմանավորված է նրա հավատքով ու բարեպաշտությամբ, խաչը կարող է թողնվել նրա տանը մինչեւ Սուրբ զատկական տոները: Ի դեպ, համաձայն ավանդության, խաչքավորին մոտ կանգնած բարեկամները, հարեւանները եւ բարեպաշտ հավատացյալները գնում էին խաչքավորի տուն` խաչը համբուրելու եւ շնորհավորելու համար:
- Ո՞վ կարող է ստանձնել խաչքավորության պատվավոր պաշտոնը եւ ինչպե՞ս:
- Խաչքավորության պարտականությունը կարող է ստանձնել Հայաստանյայց առաքելական եկեղեցու զավակ, արական սեռի ձեռնահաս, նախանձախնդիր ու բարեպաշտ յուրաքանչյուր ոք` անկախ մասնագիտությունից: Թեմակալ առաջնորդները կամ ծխատեր հովիվները տարվա խաչքավորներին ընտրում են տվյալ համայնքում հայտնի բարեպաշտ, աստվածավախ, ազնիվ, սիրված ու գործունյա անձանցից:
Համաձայն ավանդության` նախախորհրդային շրջանում առաջնորդները կամ ծխատեր քահանաները նույն տարում մեկից ավելի խաչքավորության հավակնորդների միջեւ կատարել են ընտրություն կամ մրցույթ, թե ով առավել հնարավորությամբ եւ ջանասիրությամբ կարող է իր նյութական ու բարոյական մասնակցությունը բերել տվյալ եկեղեցու շինության, նորոգության, կահավորման, քարոզչության, ծխական դպրոցի, եթե կա` մանուկների ճամբարի գործունեության ծախսերը հոգալու, համայնքի աղքատ խավին օգնելու համար:
Խաչքավորության համար երբեք նախապայման չէ նյութական աջակցությունը: Բացառիկ սրբակենցաղ ու բարոյական բարձր գիտակցության տեր բարեպաշտ, քրիստոնեական վարդապետությամբ կենցաղավարող արժանավոր անձը փնտրված եւ առավել ընդունելի է:
- Ի՞նչ պարտավորություններ է ստանձնում ջրօրհնյաց խաչքավորը եւ ինչո՞վ է պայմանավորված նրա նվիրումը եկեղեցուն:
- Խաչքավորների նվիրումը եկեղեցուն պայմանավորված է նրանց անվերապահ գիտակցված հավատքով, որ ուխտադրությամբ է պայմանավորված եւ որը դրսեւորվում է բարեգործությամբ ու մարդասիրական արդար գործերով:
Խաչքավորներն իրենց օրինակելի վարքով հասարակության մեջ նպաստում եւ քաջալերում են անշահախնդիր ու անկողմնակալ բարեգործությունը` անսակարկելի ու առանց ակնկալիքի: Այս հանգամանքը խաչքավորներն իրենց եկեղեցական պարտականությունից դուրս չեն շահարկում կամ ծառայեցնում այլ նպատակների համար: Խաչքավորները պարտադիր ներկա են գտնվում հինգ տաղավար տոներին` եկեղեցու դասում իրենց հատկացված պատվավոր տեղում, խոստովանությամբ հաղորդություն են ստանում եւ նախաձեռնում բոլոր բարեգործական ծրագրերըՙ դրամահավաքից սկսյալ ընդհուպ զատկական հավկիթի, օրհնված ջրի, ծաղկազարդի ճյուղերի, մատաղի բաշխման կազմակերպումը:
- Անցած տարիներին Ձեր սկզբունքայնության շնորհիվ խաչքավորի գրեթե մոռացված հանգամանքը, ինչպես նաեւ այլ կրոնական-եկեղեցական շատ ավանդույթներ կրկին վերարժեւորվեցին եւ արդիական ու սիրելի դարձան: Ի՞նչ նշանակություն ունի այդ ամենը մեր ժողովրդի ու եկեղեցու համար:
- Խաչքավորության եւ եկեղեցական այլ կարգ ու կանոնին վերաբերող հարցերում սկզբունքայնությունը պայմանավորված է եկեղեցու պահանջներով: Թեմում հոգեւոր կյանքին նպաստող կանոնական, ծիսական, վարչական ավանդությունները եկեղեցու հզորացմանը նպաստող կարեւորագույն նախապայմաններն են: Խաչքավորության այս հնամենի ու գեղեցիկ ավանդությունը մեր թեմում կյանքի է կոչվում նորակառույց կամ վերականգնված եկեղեցիների շուրջ համախմբված համայնքներում եւս:
Նկատի ունենալով այն կարեւոր հանգամանքը, որ եկեղեցին բոլորիս սրբության սրբոց հավատքի բնօրրանն է եւ մեր հոգու ծննդավայրը, յուրաքանչյուր ոք պետք է նախանձախնդիր լինի դրա պահպանմանն ու զորացմանը:
- Սրբազան հայր, պարտադի՞ր է խաչքավորությամբ պայմանավորել եկեղեցուն աջակցելը:
- Բոլորովին նախապայման չէ եկեղեցուն եւ կամ նրա ծրագրերին օգնելու, աջակցելու համար խաչքավոր լինել: Մենք մեր քաղաքում ունենք գիտակից ու եկեղեցասեր շինարարներ, իշխանավորներ, գործարարներ, գիտության ու մշակույթի, առողջապահության, իրավապահ եւ այլ ոլորտներից հայորդիներ, ովքեր, ըստ հնարավորության, ինքնաբուխ նվիրումով իրենց աջակցությունն ու մասնակցությունն են բերում մեր բոլոր ծրագրերին: Հատկապես հիշատակության արժանի են մեր քարոզչական, ճամբարային ծրագրերին նրանց համեստ, սակայն ի սրտե ցուցաբերվող աջակցությունները:
- Ձեր խոսքը եւ գնահատականը մեր խաչքավորներին:
- Հանուն հոգեւոր դասի եւ մեր հավատացյալների` իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում մեր բոլոր խաչքավորներին անցած տարիներին իրենց ազնիվ, անմնացորդ ու բարի աջակցությունների համար: Անկախ աջակցության չափից, ձեւից ու քանակից, խաչքավոր, բարերար, թե պարզ ու համեստ բարեպաշտ աղոթող` անգնահատելի է նրանց վերաբերմունքը: Ես հարգում, գնահատում եւ օրհնում եմ բոլորին ու աղոթում, որ յուրաքանչյուր հայ մարդու մեջ արմատավորվի եկեղեցուն եւ միմյանց փոխօգնության աստվածահաճո կենցաղավարությունը: Եթե ուզում ենք ազգովին լավ ապրել ու հզորանալ, միմյանց ու մեր եկեղեցիներին պետք է օգնենք եւ սիրով շաղկապվենք:
Հարցազրույցը` ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆԻ