Սեպտեմբերի 6-ին Երեւանում Թուրքիայի հավաքականի հետ մրցախաղով Հայաստանի ազգային հավաքականը կսկսի մրցավեճն աշխարհի 2010-ի առաջնության ընտրական մրցաշարում: Այսպիսին է Զագրեբում ՈւԵՖԱ-ի կոնգրեսի ժամանակ վիճակահանությամբ կազմված ընտրական 5-րդ խմբի խաղացանկը: Հիշեցնենք, որ տարեսկզբին ընտրական 5-րդ խմբում ընդգրկված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների մասնակցությամբ Բարսելոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել խաղացանկի հարցում: Ուստի ՖԻՖԱ-ն նման դեպքերում խաղացանկը կազմում է վիճակահանությամբ: Նախապես որոշված էր վիճակահանությունն անցկացնել հունվարի 16-ին, Ցյուրիխում, սակայն հետո տեղափոխվեց Զագրեբ:
Հարկ է նշել, որ Հայաստանի հավաքականի համար խաղացանկը բավական ծանր ու դժվարին մեկնարկ է նախատեսել: Ընդամենը չորս օրում մեր ֆուտբոլիստները պետք է մրցեն ընտրական 5-րդ խմբում ուղեգրերի հիմնական հավակնորդներ Թուրքիայի եւ Իսպանիայի հավաքականների հետ: Թուրքերի հետ հանդիպումն ազգային հավաքականների մակարդակով երկու երկրների անդրանիկ հանդիպումն է եւ սպասվում է չափազանց մեծ հետաքրքրասիրությամբ: Թուրքերի պարագան մեկնարկային խաղում մեր ֆուտբոլիստների վրա կրկնակի պատասխանատվություն է դնում: Իհարկե, հաջող մեկնարկը հոգեբանական առումով կարեւոր նշանակություն ունի, այն նոր լիցք ու ոգեւորություն կհաղորդի ֆուտբոլիստներին, ինչը հատկապես ՀՀ հավաքականի համար շատ է կարեւորվում: Թուրքերի հետ երեւանյան հանդիպումից չորս օր հետո հարկ կլինի հյուրընկալվել Իսպանիայի ահեղ հավաքականին, որը մեր ֆուտբոլիստների համար անհարմար մրցակից է: Դատեցեք ինքներդ: Մինչ օրս իսպանացիների հետ անցկացրած բոլոր չորս հանդիպումներում էլ հայ ֆուտբոլիստները պարտվել ենՙ չկարողանալով գեթ մեկ գնդակ խփել մրցակցի դարպասը, փոխարենը սեփականն ընդունելով 10: Հոկտեմբերին էլ կրկին մրցակիցների դաշտերում մեր հավաքականը պետք է մրցի իր մյուս անցանկալի մրցակցիՙ Բելգիայի եւ Բոսնիայի ընտրանիների հետ: Բելգիացիների հետ էլ անցկացրած չորս խաղերում մեր հավաքականը միայն պարտություններ է կրել ընդհանուր 0-8 հաշվով: Իսկ Բոսնիայի հավաքականի հետ մեր ֆուտբոլիստներն առաջին անգամ են հանդիպելու:
Ընդհանրապես, ընտրական մրցաշարի այս տարվա խաղացանկը շատ դժվարին է ՀՀ հավաքականի համար, թեեւ հայտնի ճշմարտություն է, որ նման մրցաշարերում թույլ մրցակիցներ ու հեշտ խաղեր չեն լինում: Այնպես որ, մեր ֆուտբոլիստները պետք է լրջորեն նախապատրաստվեն ընտրական մրցախաղերին եւ ձգտեն հաջող մեկնարկել: Նախապատրաստության փուլ կհանդիսանա փետրվարի 2-6-ը Մալթայում կայանալիք մրցաշարը, որտեղ մեր ընտրանին ուժերը կչափի տանտերերի, Բելառուսի եւ Իսլանդիայի հավաքականների հետ: Մեր հավաքականը երեկ գլխավոր մարզիչ Յան Բորգե Պոուլսենի գլխավորությամբ մեկնել է Մալթա: Հավաքականում ընդգրկված 22 ֆուտբոլիստներից (կազմը հրապարակել էինք թերթի նախորդ համարում) 9-ը լեգեոնականներ են: Ցավոք, վնասվածքի պատճառով Մալթա չի մեկնել հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը, որն ազգային թիմում 95 խաղ է անցկացրել:
Ներկայացնում ենք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական 5-րդ խմբի խաղացանկը:
2008
06.09 Հայաստան-Թուրքիա
Բելգիա-Էստոնիա
Իսպանիա-Բոսնիա
10.09 Բոսնիա-Էստոնիա
Իսպանիա-Հայաստան
Թուրքիա-Բելգիա
11.10 Թուրքիա-Բոսնիա
Էստոնիա-Իսպանիա
Բելգիա-Հայաստան
15.10 Բելգիա-Իսպանիա
Էստոնիա-Թուրքիա
Բոսնիա-Հայաստան
2009
28.03 Իսպանիա-Թուրքիա
Բելգիա-Բոսնիա
Հայաստան-Էստոնիա
01.04 Բոսնիա-Բելգիա
Էստոնիա-Հայաստան
Թուրքիա-Իսպանիա
05.09 Իսպանիա-Բելգիա
Հայաստան-Բոսնիա
Թուրքիա-Էստոնիա
09.09 Բոսնիա-Թուրքիա
Իսպանիա-Էստոնիա
Հայաստան-Բելգիա
10.10 Էստոնիա-Բոսնիա
Բելգիա-Թուրքիա
Հայաստան-Իսպանիա
14.10 Էստոնիա-Բելգիա
Թուրքիա-Հայաստան
Բոսնիա-Իսպանիա
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ