Ջիբրալթարի շախմատի մրցաշարի ավարտական տուրից առաջ իրավիճակը մրցաշարային աղյուսակում անսպասելիորեն սրվեց: Բանն այն է, որ մինչ այդ միանձնյա առաջատարի դերը ստանձնած Բու Քսյանջին, որ մեկ միավորով առաջ էր անցել իր մոտակա հետապնդողից, 9-րդ տուրում սեւերով պարտություն կրեց ուկրաինացի Զախար Եֆիմենկոյից: Դա չին շախմատիստի անդրանիկ պարտությունն էր, որը հնարավոր է ճակատագրական դառնա նրա համար: Այդ հաջողության շնորհիվ Եֆիմենկոն, որ առայժմ անպարտելի է, վաստակեց 7,5 միավոր ու Քսյանջիի հետ գլխավորեց աղյուսակը: Այժմ հաղթողի հարցը կորոշվի վերջին տուրում: Քսյանջին սպիտակներով խաղալու է իր հայրենակից Նի Հուայի հետ, որն ունի 7 միավոր եւ հաղթանակի դեպքում հնարավոր է ինքը դառնա հաղթող: Եֆիմենկոն էլ սեւերով մրցելու է Հիկարու Նակամուրայի հետ, որը եւս 7 միավոր ունի: 7-ական միավոր են վաստակել նաեւ Գոպալն ու Բոլոգանը, որոնք խաղալու են միմյանց հետ: Այնպես որ նշված մրցախաղերի ելքը վճռորոշ նշանակություն կունենա:
Ցավոք, մրցանակային տեղի չեն հավակնում Տիգրան Պետրոսյանն ու Վարուժան Հակոբյանը, որոնք հաջող էին սկսել մրցաշարը: Տիգրանը 9-րդ տուրում սպիտակներով զիջեց Նակամուրային: Իսկ ահա Հակոբյանը սպիտակներով առավելության հասավ Յոժեֆ Բրադֆորդի նկատմամբ: Մեր երկու շախմատիստներն էլ վաստակել են 6-ական միավոր: Պետրոսյանն ավարտական տուրում կմրցի Մոնիկա Սոչկոյի հետ, իսկ ահա Հակոբյանի մրցակիցը կլինի Ռոբերտ Բելինը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ