Բաքվի միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության ղեկավար Էմիլ Սուլեյմանովին կասկածում են ռուսական ՊԱԿ-ի (Պետական անվտանգության կոմիտե, որ ավելի հայտնի է որպես ԿԳԲ) հետ համագործակցության մեջ: Ինչպես «Ազգին» Բաքվի «Էխո» թերթի հրապարակման մասին փոխանցել են «Գլոբալհայ» տեղեկատվական ծառայությունից, Սուլեյմանովը եւ օդանավակայանի անվտանգության ուրիշ աշխատակիցներ կարողացել են ձայնագրել հենց այդտեղ նախագահ Իլհամ Ալիեւի եւ կառավարության անդամների խոսակցությունները արտերկիր ճանապարհորդություններից առաջ` հետագայում փոխանցելով ՊԱԿ-ին:
Սուլեյմանովը նախկին ՊԱԿ-ի սպա է, ուսանել է Ռուսաստանում: Իր ժամանակին ղեկավարել է հակահետախուզական ծառայության բաժիններից մեկը, հետո նմանօրինակ պաշտոն զբաղեցրել արդեն Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունում: Եվս մեկ ադրբեջանցի սպա մեղադրվում է Սուլեյմանովի հետ համագործակցության մեջ:
Այս օրերին ադրբեջանական դատարանը սկսել է նրանց գործի դռնփակ քննությունը:
Ա. Հ.