Ֆրանսահայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Նորվան արք. Զաքարյանը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին Փարիզի Ժան Գուժոն փողոցում գտնվող Սբ. Հովհաննես Մկրտիչ տաճարի «Նուրհան Ֆրենգյան» սրահում տեղի կունենա դասախոսություն, որի ընթացքում պատմաբան Մաքսիմ Կ. Եվադյանը հանրությանը կներկայացնի «Հայաստանյայց եկեղեցու ծագումը» (ֆրանսերեն) գիրքը: Վերջինս տալիս է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ծագումնաբանությունը` ակունքներից մինչեւ 3-րդ դարի կեսերը: Դասախոսությունը կուղեկցվի լուսապատկերների ցուցադրությամբ:
Հայ ժողովրդի ինքնության անկապտելի մասը դարձած քրիստոնեության ակունքների հարցում առկա են տարակարծություններ: Չորս տարի տեւած հետազոտություններից եւ մի շարք ճանապարհորդություններից հետո պատմաբան Մաքսիմ Կ. Եվադյանը հրատարակել է «Հայաստանի քրիստոնեացումը: Վերադարձ ակունքներին»: Առաջին հատորում («Հայաստանյայց եկեղեցու ծագումը») հեղինակը փորձում է պատասխանել Տրդատ Գ արքայի քրիստոնեություն ընդունելուց առաջ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ունեցած պատմական ակունքներին, ինչպես նաեւ Աստվածաշնչում Հայաստանին վերագրվող դերին, երկրային դրախտի տեղադրությանը, Նոյյան տապանի կայանատեղին եւ այլն: Առաքյալներն իրո՞ք եկել են Հայաստանում քրիստոնեություն տարածելու: Մանի անունով մարգարեն արդյոք քարոզե՞լ է Հայաստանում: Ի՞նչ դեր է ունեցել Ասորիքը Հայաստանի քրիստոնեացման գործում: Ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել քրիստոնեական համայնքը Սբ. Գրիգոր Լուսավորչի գործունեությունից առաջ: Այս եւ բազմաթիվ այլ հարցերի մասին է խոսվում գրքի առաջին հատորում:
Պ. Ք.