Ժամանակին բասկետբոլը Հայաստանում լավ ավանդույթներ ունեցող մարզաձեւ էր: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բասկետբոլն էլ մյուս մարզաձեւերի նման հետընթաց ապրեց: Ճիշտ է, վերջին շրջանում բասկետբոլի ֆեդերացիայի նորընտիր ղեկավարությունը մարզաձեւի հարուստ ավանդույթները վերականգնելու, այն հանրապետությունում մասսայականացնելու ու զարգացնելու քայլեր է ձեռնարկում, սակայն առայժմ ընդհանուր իրավիճակը մտահոգիչ է:
Օրերս խմբագրություն էր այցելել բասկետբոլի Հայաստանի պատանեկան (1993-94 ծնված պատանիների) հավաքականի մարզիչ, հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Վեհապետյանը, որին մտահոգող հարցերի շուրջն արտահայտվելու հնարավորություն ընձեռելով, մարզաձեւի պատասխանատուներին ու մասնագետներին եւս առաջարկում ենք իրենց կարծիքն արտահայտել:
2010-ին առաջին անգամ անցկացվելու են օլիմպիական երիտասարդական խաղեր: Դրանց մասնակցելու համար Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականը պետք է նախ վարկանիշ ձեռք բերի: Իսկ վարկանիշային մրցաշարերում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է լրջորեն նախապատրաստվել: Սակայն ցավոք պատանեկան հավաքականը զրկված է այդ հնարավորությունից: Չկան անհրաժեշտ մարզումային պայմաններ, ինչն առաջին հերթին ֆինանսական միջոցների բացակայությամբ է պայմանավորված: Բասկետբոլի ֆեդերացիայի բյուջեով հատկացված 16 մլն դրամը հազիվ բավականացնում է Հայաստանի առաջնությունների անցկացմանը: Իսկ հավաքականների հոգսերը հոգալու համար միջոցները չեն բավականացնում: Եթե գումար լիներ, կարելի էր ձմեռային արձակուրդների օրերին հավաքականի անդամների համար գոնե ուսումնամարզական հավաք կազմակերպել:
Այսօր հավաքականում ընդգրկված են Երեւանի, Արթիկի, Գյումրիի պատանի բասկետբոլիստները: Թիմի համար շատ կարեւոր է համատեղ մարզումների անցկացումը:Հավաքականում ներկայում կան 7-8 բասկետբոլիստներ, որոնք հեռանկարային են եւ համապատասխան աշխատանքի ու պայմանների առկայության դեպքում կարող են պրոֆեսիոնալ բասկետբոլիստներ դառնալ: Կնշեի էջմիածնեցի 14-ամյա Գոռ Փլավչյանին, որը մեծ ապագա ունի եւ համապատասխան աշխատանքի դեպքում կարող է եվրոպական ակումբներում խաղալ: Հավաքականում ունենք բարձրահասակ մի քանի տղաներ, որոնց հասակը 2010-ին 2 մ-ից ավելի կլինի: Սակայն միայն հասակը բավարար չէ լավ բասկետբոլիստ դառնալու համար: Մեծ ծավալի աշխատանք է հարկավոր կատարել տղաների ֆիզիկական, տակտիկական եւ տեխնիկական պատրաստությունը բարելավելու նպատակով, որպեսզի թիմը հասնի որոշակի մակարդակի: Հետագայում արդեն ստուգողական հանդիպումների միջոցով պետք է խաղային փորձ ձեռք բերել:
Այսօր շատ է կարեւորվում նաեւ մարզաձեւի մասսայականացման հարցը, մանկապատանեկան բասկետբոլում տիրող անմխիթար վիճակը: Ճիշտ է, որոշակի աշխուժություն կա, սակայն այն բասկետբոլը, որ խաղում են դպրոցներում, բուհերում, սիրողականից էլ ցածր մակարդակի է: Պատճառը եւ դահլիճային սուղ պայմաններն են, եւ համապատասխան մասնագետների խիստ պակասը: Վերջինս էլ պայմանավորված է ցածր վարձատրությամբ: Այսօր պատանեկան հավաքականում ընդամենը մեկ մարզչի հաստիք է հատկացված (30 հազար դրամ):
Ո՞րն է ելքը ստեղծված իրավիճակից: Իմ համոզմամբ, մարզաձեւին պետական հովանավորչություն է անհրաժեշտ, որպեսզի հնարավորություն լինի դուրս գալ ճահճային վիճակից: Նամակով դիմել եմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ հույս ունեմ, որ նրանք կաջակցեն: Ի դեպ, երբ Համահայկական խաղերում Սոչիի թիմն իմ գլխավորությամբ չեմպիոն դարձավ, օպերայի շրջակայքում հանդիպեցինք Գագիկ Ծառուկյանին, որը սիրով լուսանկարվեց թիմի անդամների հետ: Օգտվելով առիթից, նրան ասացի, որ ցանկալի կլիներ, եթե Հայաստանն էլ Սոչիի նման ուժեղ թիմ ունենար: Ասացՙ աշխատեք, մենք կաջակցենք: Հույս ունեմ, որ Գագիկ Ծառուկյանը կաջակցի հավաքականին: Նրա օգնության կարիքը շատ է անհրաժեշտ: Մեզ բոլորիս հայտնի է նրա հոգատար վերաբերմունքը մարզիկների, մարզաշխարհի ներկայացուցիչների հանդեպ: Եթե անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացվեն հավաքականին, ապա հուսով եմ, որ մեր բասկետբոլիստները դուրս կգան միջազգային մրցասպարեզ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ