«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2008-02-01 | #20, 2008-02-02 | #21, 2008-02-05


«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՆՑՅԱԼԻ ՈՒ ՆԵՐԿԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՆ Է»

Կարապետիչը պատրաստվում է հանրահավաքի` այն էլ մոմավառությամբ

ՀՀ նախագահի թեկնածու, «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ի տարբերություն այլ քաղաքական գործիչների, ինքն իր դիրքորոշման մեջ երբեք չի շեղվում եւ դրա համար էլ մնում է քաղաքական դաշտում:

Կարապետյանը կարծում է, որ քաղաքական գործիչը, փոխելով իր մարտավարությունը 180 աստիճան անկյան տակ, այլ ուղղությամբ է գնում եւ կարող է զրոյանալ. «Մենք 7-8 տարի քաղաքական դաշտում ենք, դա նույնպես հաղթանակ է: Չենք զրոյացել, ունենք մեր էլեկտորատը, այնպիսին ենք, ինչպիսին կանք»:

Ինչ վերաբերում է Կարապետիչի նախընտրական տեսահոլովակին, թե ինչո՞ւ է պատկերում մութ ու ցուրտ տարիները, վերջինս պատասխանեց. «Ուզում եք գումարեմ այս իշխանության երկու-երեք նոր շենքե՞րն էլ, կամ լուսավորությո՞ւնը գումարեմ. լոբբիի՞նգ անեմ այս իշխանությանը: Ինձ համար անցյալի ու ներկայի իշխանությունը նույնն է. ես իրենց նույնացնում եմ»:

Ըստ թեկնածուի, տեսահոլովակները ցույց են տալիս սեւ ու սպիտակը: Այն օրերը, երբ դժվար է եղել. «Այն վիճակը, որ կարող ենք այսօր ստանալ` ժողովրդի հետ մեկնելով Սեւան եւ եկեղեցիներ, մոմեր վառել` հոգեւոր առումով, թող անեն, այսօր ո՞վ է իրենց խանգարում: Պետք է մտածել ռեալ, ոչ թե ծրագրային դրույթներով»:

ԺԿ ղեկավարը դեմ է նաեւ մյուս թեկնածուների հետ միասնական ձեւով հանդես գալուն եւ նշեց. «Ինչպե՞ս կարելի է, սեփական ծրագիր ունենալով, միանալ ուրիշին: Փաստորեն որդեգրել ուրիշի ծրագիրը»:

Ինչ վերաբերում է սոցիոլոգ Ադիբեկյանի` մարզերի սոցհարցման վերջին տվյալներին, ապա Կարապետիչը նշեց, որ «սուտիբեկյաններին» չի հավատում, եւ որ ռուսական «PTP» հեռուստաընկերության հրապարակած վերջին տվյալներով, ինքը հնգյակի մեջ է եղել, եւ ունի հաղթելու ակնկալիք. «Գելափի հարցումներին համապատասխան ես երրորդ տեղը կիսում եմ Արտաշես Գեղամյանի հետ: Իշխանությունները կարող են հայտարարել ոչ միայն 70, այլեւ 170 տոկոս: Քաղաքական դաշտում, քաղաքական պայքարի մթնոլորտում ոչ մի բան բացառված չէ մինչեւ վերջին պահը: Քաղաքական գործընթացները շատ հաճախ շատերին բերում են անակնկալների»:

Ինչպես միշտ, այս անգամ էլ Տիգրան Կարապետյանը դժգոհեց հեռուստաընկերություններից, իրեն տրամադրվելիք եթերաժամերից. «Ոչ մի անգամ չենք եղել «Երկիր Մեդիա»-ում, «Շանթ»-ում»: «Հ1»-ում եղել ենք մի անգամ, այն էլ «Եվրոպոլիս»-ի շրջանակներում, որը ոչ թե «Հ1»-ի հաղորդումն է, այլ գրանտային ծրագիր է: Այն հաղորդումները` բանավիճային, որոնք պետք է բացահայտեն թեկնածուներին` ազատություն չունեն»:

«Եթե դրսից հրահանգ լինի, նրանք կմիանան, ինչո՞ւ չէ: Որովհետեւ նրանք այնքան էլ ինքնուրույն չեն», այսպիսի պատասխան հնչեց այն հարցին, թե հնարավո՞ր է Տեր-Պետրոսյան-Բաղդասարյան միացումը:

Արտաշատ, Արմավիր գնալով, նախագահի թեկնածուն ժողովրդի մեջ զգացել է վախի մթնոլորտ. «Մարզպետարանի կողքին կամ քաղաքապետարանի մոտ հավաքված մարդիկ վախենում են, որ իրենց պատուհաններից կտեսնեն»:

«Ազգի» հարցին, թե ինչո՞ւ նախագահի թեկնածուն իր տնտեսական ծրագրերում չի նշում իրագործման ենթադրյալ ժամանակացույցը, Կարապետիչը պատասխանեց. «Մեզ մոտ նշվում է` ինչ անենք առաջնային: Դա սկզբունք է, դա մոտեցում է: Դա չի կարող լինել կախված որեւէ հանգամանքից: Դա դիրքորոշում է, որ անպայման կիրառվելու է տնտեսական առումով: Եթե մենք ասում ենք, որ ոռոգման ջուրը պետք է լինի անվճար, նայում ենք հարցի արժեքը: Եվ դա չենք տեսնում այնպիսին, թե այդ խնդիրը անլուծելի է: Հաշվի առնելով ստվերային տնտեսությունը` դրանք կոպեկներ են: Կան ռեալ հնարավորություններ` կիրառելու այն, ինչ մենք ասում ենք: Անընդունելի կամ անկարելի բաներ չենք ասում»: Լրագրողներից մեկի հարցին, թե Տիգրան Կարապետյանը ծոմ պահելո՞ւ է, պատասխանեց. «Ժողովուրդը ծոմ է պահում 90-ականներից, որովհետեւ շատերը լափում են, իրենք սոված են, դա արդեն ակամա ծոմ է»:

Տիգրան Կարապետյանն ասում է, որ պայքարելու է մինչեւ վերջ, փետրվարի 17-ին Մատենադարանի մոտ հանրահավաք է անցկացնելու, որտեղ, քաղաքական սուր քննադատությունից բացի, լինելու է նաեւ մոմավառություն:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4