«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2008-02-01 | #20, 2008-02-02 | #21, 2008-02-05


ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈԱԼԻՑԻԱ՞

Իսկ ո՞վ է գլխավորելու

«Շատ է այսօր խոսվումՙ ով ում կմիանա: Այսօր կարեւոր չէ, թե ով ում կմիանա, բայց համախմբումը շատ կարեւոր է», կիրակի օրը Ազատության հրապարակում խոսելով իր հազարավոր կողմնակիցների առաջՙ ասաց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը, արձագանքելով ուրբաթ օրը Կոթի գյուղի գյուղացիների հետ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուիՙ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե ինքը «լուրջ հիմքեր» ունի ասելու, որ իրեն «միանալու են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արթուր Բաղդասարյանը»:

Կոթիում առաջին նախագահի հրապարակ նետած հիշյալ բացահայտումը քաղաքական շրջանակներում շաբաթավերջի գլխավոր թեման էր: ՀՀՇ-ական շրջանակները, հակառակ իրենց առարկություն չվերցնող պնդումներին, թե արդեն հաղթել են, ակնհայտ հրճվանքով էին ընդունել «համալրումների» մասին լուրը, մինչդեռ «ՕԵԿ»-ի համակիրները, չժխտելով բանակցությունների մասին տեղեկությունները, առարկում էինՙ Արթուր Բաղդասարյանի վարկանիշն առնվազն 2 անգամ ավելի է Լ. Տեր-Պետրոսյանից, հետեւաբար վերջինը պետք է միանա իրենց հերոսին: Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության լիդեր Ր. Հովհաննիսյանին, նրա հետեւորդներից ոմանք տրամաբանում էինՙ այս պահին բնավ կարիք չկա կոնկրետ քայլեր կատարելու, եթե ընտրություններում հաղթի Լ. Տեր-Պետրոսյանը, ապա նա ինքը խիստ կարիք է ունենալու խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության:

Ջուրը չտեսած չբոբիկանալու այս տրամաբանությունը հարիր էր երեկ «Նոյյան տապան» գործակալության եւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցներին Ր. Հովհաննիսյանի տված պատասխանը: Հաստատելով ընդդիմադիր ուժերի միջեւ բանակցությունների առկայությունն ու տեսականորեն չբացառելով որեւէ միացում, «Ժառանգության» առաջնորդը լրագրողներին ասել է. «Որեւէ մեկը հիմք չունի «Ժառանգություն» կուսակցության անունից հայտարարություններ կատարելու», եւ ապա շարունակել. «Հայաստանում անհրաժեշտ է մեծ, երկարատեւ միացում եւ ոչ թե հերթական կարճ միացումը»:

Ընդդիմության լիդերության հարցը ավելի շեշտակի էր դրվել նախորդ օրը Ազատության հրապարակում Ա. Բաղդասարյանի ելույթում: Դիմելով միտինգավորներին, նա ասել էր. «Ես համոզված եմ, որ այս բազմահազարանոց հանրահավաքին վաղը միանալու են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են ապրել ազատ երկրում, արժանապատիվ կյանքով»: Այնուհետեւ նա ավելացրել էր. «Մենք այսօր գտնվում ենք ակտիվ քաղաքական բանակցությունների մեջ: Մենք դիմում ենք հայրենիքի ճակատագրով մտահոգվածներինՙ անկախ իրենց քաղաքական հայացքներից եւ կուսակցության պատկանելությունից, ովքեր ուզում են վերջ դնել այս անօրեն վիճակին, պետք է համախմբվեն: Ով ում կհամախմբվիՙ ցույց կտա ժամանակը, ցույց կտան բանակցությունները: Բայց ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքացու պատիվ կբերի միանալ մեզ եւ փոխել այս անօրեն համակարգը»:

Այս պահին դժվար է ասելՙ Լ. Տեր-Պետրոսյանի եւ Ա. Բաղդասարյանի մտքում «կա՞րճ, թե՞ երկար միացումներն են» գործում, դժվար է նաեւ որոշել, թե «ՕԵԿ» ղեկավարը հաչս իշխանությունների իր կշի՞ռն է շեշտում, թե՞ չէ, սակայն ավելի քան հստակ է, որ բանակցող կողմերի միջեւ ընդդիմության լիդերության հարցը դարձել է առաջնային եւ դժվար թե լուծում ստանա մինչեւ առաջիկա շաբաթ օրը, փետրվարի 9-ը, որից հետո ոչ ոք իրավունք չունի թեկնածությունը հանելու: Այդ դեպքում, լիդերության հարցը ինքնըստինքյան կլուծվի 2-րդ փուլ անցնելուց հետո: Անշուշտ, եթե լինի 2-րդ փուլ...

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4