«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2008-02-01 | #20, 2008-02-02 | #21, 2008-02-05


ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՇՈՒՏՈՎ ԿՍԿՍՎԵՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Մայրաքաղաքում քաղաքաշինական ծրագրերն այս տարի կշարունակվեն: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Նա նշեց, թե խոսքը որ տարածքների մասին է: Դրանցից առաջինը Գլխավոր պողոտան է, որի տարբեր հատվածներում այժմ էլ կատարվում են կառուցապատման աշխատանքներ:

Գինու կոմբինատին հարակից տարածքում մեկ շենքի շինարարությունն արդեն ավարտվում է, մյուսինը սկսված է, իսկ մնացածի համար հողային աշխատանքներ են կատարվում: «Հին Երեւան» պատմաճարտարապետական համալիրի կառուցապատումը կսկսվի այս տարի, որտեղ կկենտրոնացվեն հին Երեւանի ճարտարապետական տեսքին բնորոշ մոտ 2 տասնյակ շենքեր: Բացի այդ, ըստ գլխավոր ճարտարապետի, անցած 1-2 ամիսներին որոշակի նախագծային-վերլուծական աշխատանքներ են կատարվել Կոնդի, Կոզեռնի, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարող տարածքի եւ 33-րդ թաղամասի կառուցապատումը սկսելու ուղղությամբ: Սամվել Դանիելյանը հավաստիացրեց, որ այդ տարածքներում «այս տարի բոլոր գործառույթներն անպայման սկսվելու են»:

2008-ին նախատեսված ճանապարհաշինական ծրագրերին անդրադառնալով, Երեւանի գլխավոր ճարտարապետը հայտնեց, որ «Այրարատ» կինոթատրոնի ճանապարհային հանգույցը պետք է ավարտին հասցվի, Գետառի հունի մի մասն օգտագործելովՙ ապահովվի կապը Հերացու եւ Խանջյան փողոցների միջեւ, Մյասնիկյան պողոտան կկապվի Սարալանջի փողոցի հետ, կարեւորվում է Դավիթաշենի կամուրջը Աշտարակի խճուղուն կապող եւ մայրաքաղաքի Կենտրոնը շրջանցող ճանապարհային հանգույցի կառուցումը:

Գոտեւորման նախագծերից, ի թիվս 5 համայնքների, նախատեսվում է այս տարի ավարտել եւս մեկ համայնքիՙ Շենգավիթի եւ եւս 2-3 խոշոր տարածքների գոտեւորման նախագծերը:

Սամվել Դանիելյանն առավել հանգամանորեն կանգ առավ ստորգետնյա ավտոկայանատեղերի ստեղծման հարցի վրա: Նրա հավաստմամբ, 2008-2012 թվականների ծրագրով նախատեսվում է ստորգետնյա կանգառներ կառուցել Երեւանի կենտրոնի մի շարք հատվածներում, որի շնորհիվ հնարավորություն կառաջանա ընդհանուր առմամբ 10 հազար ավտոմեքենաների կայանատեղ ստեղծելու: Դա կնպաստի փողոցների թողունակության բարձրացմանը: Բակային ավտոտնակները նույնպես ժամանակի ընթացքում պետք է վերացվեն եւ տեղափոխվեն ստորգետնյա հատված: Բակերը պետք է ծառայեն իրենց հիմնական նպատակին: Գլխավոր ճարտարապետը համոզմունք հայտնեց, որ դրա արդյունքում միայն կանաչ տարածքները կարելի է ավելացնել շուրջ 30 տոկոսով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4