Թեթեւագույն քաշում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանի եւ ֆիլիպինցի Զեդ Գորեսի Ֆիլիպիններում կայացած մենամարտը չորոշեց հաղթողին, որը հետագայում պետք է մրցեր IBF-ի վարկածով առաջին թեթեւագույն քաշում աշխարհի չեմպիոն Դմիտրի Կիրիլովի հետ: Գրանցվեց ոչ-ոքի: Մրցավարներից մեկը 114-112 հաշվով հաղթանակը շնորհեց Դարչինյանին, մյուսը առավելությունը տվեց Գորեսին (113-112), իսկ երրորդի կարծիքով ուժերը հավասար էին:
Դարչինյանը հենց մենամարտի մեկնարկից տիրեց նախաձեռնությանը եւ արդեն 1-ին ռաունդում, երբ ֆիլիպինցին հայտնվեց ռինգի հատակին, մրցավարը նոկդաուն գրանցեց` բացելով հաշիվը: Սակայն հանդիսականները դժգոհ էին մրցավարի գործողություններից, գտնելով, որ Գորեսը պարզապես սայթաքել ու վայր էր ընկել: Ի նշան բողոքի, նրանք ռինգ նետեցին մետաղադրամներ ու ջրով լի պլաստիկե շշեր:
Հետագայում մենամարտն անցավ փոփոխակի հաջողությամբ: Մրցակիցները գրոհի էին նետվում երբեմն մոռանալով պաշտպանության մասին: 6-րդ ռաունդում մրցակիցները գլխով բախվեցին, որի հետեւանքով Գորեսի ճակատը վնասվեց ու սկսեց արյունահոսությունը, որը մինչեւ մենամարտի ավարտը չէր դադարում: 9-րդ ռաունդում մրցավարը կրկին նոկդաուն գրանցեց, երբ Գորեսը հայտնվեց հատակին: Թվում էր, թե հայ բռնցքամարտիկը մոտ է հաղթանակին, սակայն մրցավարների կարծիքները բաժանվեցին:
32-ամյա Վախթանգ Դարչինյանի համար այդ մենամարտը 31-րդն էր: Նրա մենամարտն առաջին անգամ ոչ-ոքի ավարտ ունեցավ: 29 մենամարտերում նա հաղթել է (23-ը` նոկաուտով) եւ կրել է միայն մեկ պարտություն, որն էլ նրան զրկեց IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսից:
25-ամյա Գորեսը եւս 31-րդ մենամարտն էր անցկացնում: Նա շահել է 27 մենամարտ (15-ը` նոկաուտով), 2-ական անգամ պարտվել է ու մրցավեճն ավարտել ոչ-ոքի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ