«Հայաստան» մարզական միության մարզադահլիճում իրենց մրցավեճն ավարտեցին ազատ ոճային ըմբիշները, որոնք վիճարկում էին հանրապետության չեմպիոնի տիտղոսը: Ըստ քաշային կարգերի, ուժեղագույններ ճանաչվեցին Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Մարտին Բերբերյանը (60 կգ), Համազասպ Հովսեփյանը (66 կգ), Սուրեն Մարկոսյանը (74 կգ), Հարություն Ենոքյանը (84 կգ), Էդգար Ենոքյանը (96 կգ) եւ Վահան Գրիգորյանը (120 կգ):
Առաջնության արդյունքներով կկազմավորվի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, որը փետրվարի 10-ին կմեկնի Կիեւ: Այնտեղ մեր մարզիկները նախ ուսումնամարզական հավաք կանցկացնեն, ապա կմասնակցեն միջազգային մրցաշարի: Մեր ըմբիշների համար ուժերի լուրջ ստուգատես կլինեն մարտի 30-ին Ֆինլանդիայի մայրաքաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունը, որտեղ կխաղարկվեն նաեւ օլիմպիական ուղեգրեր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ