«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2008-02-02 | #21, 2008-02-05 | #22, 2008-02-06


ՀԱՅԱՍՏԱՆԻ 22-ՐԴ ԲԱՆԿԸ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «ՊՐՈԿՐԵԴԻՏՆ» Է

Հայաստանում երեկ պաշտոնապես իր գործունեությունը սկսեց գերմանական «Պրոկրեդիտ» բանկը, որը դարձավ Հայաստանում գործող 22-րդ բանկը: Այդ կապակցությամբ երեկ «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նախ ներկայացվեց, թե ինչ է «Պրոկրեդիտ» բանկային խումբը: Այդ մասին խոսեցին բանկի գործադիր տնօրեն Բերտոլդ Հերցֆելդը եւ փոխտնօրեն Աշոտ Աբրահամյանը:

Բերտոլդ Հերցֆելդը մասնավորապես նշեց, որ բանկը գործում է աշխարհի 21 երկրներում եւ սոցիալապես պատասխանատու է փոքր բիզնեսի եւ հասարակ քաղաքացիների համար: «Պրոկրեդիտ» հայաստանյան բանկի բաժնետերերն են «Պրոկրեդիտ» բանկըՙ 66,6 տոկոս, KfW-նՙ 16,6 տոկոս, Եվրոբանկըՙ 16,6 տոկոս: Աշոտ Աբրահամյանն ավելացրեց, որ բանկը Հայաստանում սկսել է գործել երեկվանից: Մինչեւ տարեվերջ կբացի 6 մասնաճյուղերՙ 4-ը Երեւանում, 2-ը մարզերում: «Պրոկրեդիտը» Հայաստանում պատրաստ է ավանդներ ներգրավել բոլորից եւ ավանդների չափի նվազագույն սահմանափակում գոյություն չունի: Այն վարկավորելու է մանր, փոքր եւ միջին բիզնեսին: Տարվա ընթացքում նախատեսվում է սկսել նաեւ գյուղատնտեսության վարկավորումը:

Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, ողջունելով «Պրոկրեդիտ» բանկի Հայաստանում գործունեության սկիզբը, համոզմունք հայտնեց, որ այն էապես կխթանի ֆինանսական միջնորդության զարգացումը, կբերի նոր մշակույթ եւ մենք իրականում հնարավորություն կունենանք տեսնելու, թե ինչ է նշանակում հաճախորդամետ եւ սոցիալապես պատասխանատու բանկ: Բանկը նաեւ կխթանի մրցակցությունը բանկային համակարգում:

«Պրոկրեդիտ Հայաստան» բանկի տնօրենների խորհրդի նախագահ Քրիստոֆ Ֆրայնթագը այսպիսի հետաքրքրաշարժ տեղեկություն հայտնեցՙ «Պրոկրեդիտը» Հայաստանում բացված 22-րդ բանկն է, իսկ Հայաստանը 22-րդ երկիրն է, որտեղ սկսում է գործել բանկը: Նա հավաստիացրեց, որ ձգտելու են տրամադրել թափանցիկ, հեշտ եւ արդյունավետ բանկային ծառայություններՙ «ժպիտը դեմքերիս»:

Բանկի բացումը Հայաստանում ողջունեց նրա գերմանական բաժնետերերից KfW-ի առաջին փոխնախագահ Ռոլանդ Զիլլերը, որը անդրադարձավ երկու ֆինանսական կազմակերպությունների համագործակցությանը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4