Խոսելով Փոթի-Կավկազ (Նովոռոսիյսկ, Ռուսաստան) լաստանավային նոր անցման մասին երեկ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ասաց, որ չարդարացրեց սպասելիքները, որոնք ունեին հայ բեռնափոխադրողները: Պատճառը լաստանավի սեփականատիրոջ ոչ ճկուն գնային քաղաքականությունն է, որը չի բերել մեր ընկերությունների համար փոխադրման ծախսերի այն էժանացմանը, որին նրանք ձգտում էին: Միաժամանակ Արսեն Ղազարյանը նշեց, որ լաստանավն անշուշտ օգնում է արագ փոխադրումներ իրականացնելու առումով եւ ընդհանրապես «լաստանավային փոխադրումներն առայժմ մեր միակ ընդունելի տարբերակն են»: ՀԱԳՄ նախագահը նշեց նաեւ, որ վերոնշյալ լաստանավի հնարավորությունները մեծ չեն: Այն կարող է տեղափոխել առավելագույնը 48 վագոն, իսկ Փոթի-Իլյիչովսկ ուղիով փոխադրումներ իրականացնող լաստանավըՙ 108 վագոն: «Նոր լաստանավերի գործարկումն այդ ուղիներով անհրաժեշտ է, քանի որ բեռնափոխադրումների ծավալներն ավելանում են», նշեց Արսեն Ղազարյանը:
Պատասխանելով այն հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ վրացական երկաթուղին որոշել է հայկական բեռների համար վերացնել զեղչերը, ՀԱԳՄ նախագահն ասաց, որ այդպիսի նկատառում վրացական կողմն ունի, բայց պաշտոնական մոտեցում չկա: Յուրաքանչյուր տարի նման հարց բարձրացվում է, այնուհետեւ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները եւ հայ գործարարները բանակցություններ են վարում իրենց վրաց գործընկերների հետ եւ պայմանավորվածություններ ձեռք բերում:
Ա. Մ.