«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2008-02-02 | #21, 2008-02-05 | #22, 2008-02-06


Ո՞Վ ԿԴԱՏԻ ԿԱՇԱՌԱԿԵՐ ԴԱՏԱՎՈՐԻՆ

«Դատավորները, որոնք իրենք են աշխատել դատական օրենսգրքի վրա, 13-րդ հոդվածի 6-րդ կետով քանդում են արդարադատության հիմքերն ամբողջ Հայաստանում եւ իրենք իրենց պաշտպանում են քրեական պատասխանատվությունից», կարծում է այս հոդվածի դեմ միայնակ դուրս եկած փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանը: Նա արդեն դիմել է նախագահին, վարչապետին եւ մարդու իրավունքների պաշտպանին, նաեւ Փաստաբանների պալատի նախագահին: Նպատակն է, որ պաշտոնյաները կամ պալատը, որպես կորպուս, դիմեն վերոհիշյալ պատասխանատուներին, որպեսզի նրանք շահագրգռված լինեն հարցի լուծմամբ, այն է` Սահմանադրական դատարան մտնեն հայցով, որպեսզի հակասահմանադրական ճանաչվի վերոհիշյալ հոդվածը, որն ասում է. «Դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու փաստի առթիվ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, եթե այդ ակտը վերադաս դատարանի կողմից բեկանված չէ»: Բնականաբար, վերադաս դատարանն էլ ստորադաս դատարանի «պոչը կոխ չտալու» տրամաբանությամբ չի բեկանում ակնհայտ սխալ որոշումը, վճիռը կամ դատավճիռը: Եվ սրանից էլ բխում է այն հանգամանքը, որ որեւէ դատավոր մինչ օրս քրեական պատասխանատվության չի ենթարկվել Հայաստանում: Սակայն սա դեռ չի նշանակում, որ մեր դատարանն աշխարհի ամենաարդար դատարանն է եւ մեր դատավորներն էլ երդվյալ արդարադատներ են: Համենայն դեպս Ռ. Տեր-Վարդանյանը վստահորեն հակառակն է պնդում: Ինչեւէ: Իրեն հուզող 13-րդ հոդվածի 6-րդ կետի հետ կապված Ռուզաննա Տեր-Վարդանյանն ասում է, որ իր բազմաթիվ դիմումներից որեւէ մեկի գործնական պատասխանը դեռ չի ստացել: «Ես մամուլի միջոցով ցանկանում եմ դիմել վարչապետ Սերժ Սարգսյանին: Պարոն վարչապետ, իմ դիմումները, որոնք ուղարկել եմ Ձեզ դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ կետը Սահմանադրական դատարան դիմելու միջոցով հակասահմանադրական ճանաչելու համար, Ձեզ ուղղակի ցույց չեն տալիս, չեն զեկուցում: Մամուլի միջոցով մեկ անգամ եւս խնդրում եմ Ձեզ, դիմել սահմանադրական դատարան` հակասահմանադրական ճանաչել 13-րդ հոդվածի 6-րդ կետը, քանզի այդ հոդվածի պատճառով որքան էլ քաղաքացիների իրավունքները պաշտպանող, լավ օրենքներ ընդունվեն, դատարանները հաշվի չեն առնի այդ օրենքները եւ կկայացնեն ակնհայտ անարդար վճիռներ, դատավճիռներ եւ որոշումներ: Իսկ փաստաբանական կորպուսն ընդհանրապես Հայաստանի հանրապետությունում չի կարողանա աշխատել: Կա՛մ պիտի դառնա կաշառք փոխանցող, կա՛մ` ավելորդ մի մարմին», ասաց «Ազդակի» հյուրը:

«Ազգի» հարցին, թե ինչո՞ւ է բանախոսը միայնակ բողոքում այդ հոդվածից, Ռ. Տեր-Վարդանյանը պատասխանեց. «Առայժմ ես եմ դիմել, որովհետեւ ինձ մոտ է Բաբալյանների գործը, որը 6 տարի ինձ մոտ է եւ անարդարության մի գլուխգործոց է: Մյուս փաստաբանները դեռ չեն դիմել, քանի որ պետք է նկատի ունենալ, որ դատական օրենսգիրքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Պարզապես, երբ վերոհիշյալ գործի հետ կապված իմ դիմումին դատախազությունը պատասխանեց, որ դատավորների նկատմամբ չեմ կարող հարուցել քրեական գործ, քանի որ դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, իրավունք չունեմ գործ հարուցելու, քանի դեռ որոշումը չի բեկանված վերադաս դատարանի կողմից, հասկացա, որ իրոք արդարադատություն Հայաստանում դեռ չի կայանա, քանի կա այդ հոդվածի կետը: Մինչդեռ ես փորձել եմ քրեական պատասխանատվության կանչել բոլոր այն 13 դատավորներին, որոնք երեք ատյաններում էլ ակնհայտ անարդար վճիռներ են կայացրել Բաբալյանների գործով` որպես հիմք ընդունելով ինքնին առ ոչինչ համարվող փաստաթուղթը», ասաց բանախոսը: «Ես 2005 թվականից եմ դիմում, որ քրեական պատասխանատվության ենթարկեն ակնհայտ անարդար վճիռներ կայացնող դատավորներին: Ի պատասխան, այս տարի հունվարից իմ դիմաց դրվեց օրենքի ուժ ստացած այս հոդվածը», հստակեցրեց փաստաբանը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4