Քաղաքականությունը կեղտոտ ասպարեզ է, բայց ոչ այս աստիճանի...
Ընտրական գործընթացներն այնպիսի երանգներ են ստանում, որ ավելի հաճախ հիասթափությունն է որոշում ամեն ինչ: Հիասթափեցնող են ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ճամբարում իրենց որակներն արտահայտող թեկնածուների ու նրանց համախոհ-զինակիցների պահվածքն ու կեցվածքը, օգտագործած բառապաշարն ու արդեն իսկ կարճված հիշողության արհամարհումը:
Իսկ ավելի հաճախ այնպիսի մարդիկ են վիրավորական ու ավելի շուտ հենց իրենց սազական բառապաշար օգտագործում, ինչը խիստ պայմանավորված է պատվիրակվելու հնարավորությունից եւ առիթներից: Եվ երբ խոսքը հատկապես մեզանում անտանելիորեն բազմացած կասկածելի կրթությամբ ու փորձով քաղաքագետներին է վերաբերում, ապա միակ «հուսադրող» հանգամանքը սոցիոլոգների դաշտում տիրող նույնատիպ իրավիճակի գիտակցումն է:
Թե արժեքային հստակ սանդղակ օգտագործելիս հայաստանյան նախագահական ընտրությունների մասնակիցները որ տեղերում կհայտնվեն, առանձնակի դժվար չէ որոշել, բայց որ ոմանք իրենց ավելին են թույլ տալիս` ակնհայտ է: Մասնավորապես, ոմն Արտյոմ Խաչատրյան, որի կրթական ցենզի մասին երեւի դժվար է տեղեկանալ, իրեն թույլ է տալիս նախագահական թեկնածուներից Արթուր Բաղդասարյանին ուղղված մահվան սպառնալիքները շատ համարել եւ թե Արթուրին անտիբիոտիկն էլ բավարար է:
Բավականին յուրօրինակ մտածողություն է, եթե հաշվի առնենք, որ մեզանում նույն Արտյոմ Խաչատրյանը նաեւ որպես Գագիկ Սարգսյան է հայտնի, որ արդեն տպագրվում է «Հայոց աշխարհ» թերթում այն դեպքում, երբ դեռեւս անցյալ տարի հրաշալի ընդունելության էր արժանանում թեկուզ «Հայկական ժամանակում»: Ավելին, եթե ՀԺ-ում տպագրվելիս տերպետրոսյանամետ հրապարակումներ էր ունենում, ապա, նույն այդ դաշտի կողմից մեղադրվելով ՊԱԿ-ի հետ համագործակցության մեջ, Սարգսյան-Խաչատրյանն անցավ ԼՏՊ-ին ոչնչացնելու տեխնոլոգիաներով թեմաներին ճիշտ այնպես, ինչպես դա անում էր քոչարյանասարգսյանական իրականության դեմ: Ամեն դեպքում, ժամանակին Լեւոնին փառաբանող այս պարոնը լկտիության իր բաժինն է ցույց տալիս այսօր լեւոնամետներին «Լեւոնի վկաներ» որակելով, կարծես աղանդավորական շարժում լինի:
Եվ սա քաղաքական մետամորֆոզների միակ օրինակը չէ: Թեկնածու Արթուր Բաղդասարյանի` սպառնալիքների մասին շաբաթօրյա հանրահավաքում հայտարարությունը նրան «Հայկական ժամանակի» առաջին էջին է հասցրել այն ժամանակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային մուտք ու ելք ապահովող Նիկոլ Փաշինյանը դեռեւս տարեսկզբին Բաղդասարյանին, ի թիվս այլ որակումների, «ընտանեպիղծ» էր անվանել: Եվ եթե շատ երկար չմտածենք, ուրեմն Տեր-Պետրոսյան-Բաղդասարյան միությունը կարելի է իրագործված համարել, հատկապես եթե կարճ հիշողություն չունենալը հնարավոր դարձնի վերհիշել հենց նույն Արթուր Բաղդասարյանիՙ Հայաստանի առաջին նախագահին նվիրված հրապարակումները:
Քաղաքականությունը կեղտոտ ասպարեզ է, բայց ոչ այս աստիճանի: Եվ ոչ այն դեպքում, երբ, օրինակ, քաղաքական մետամորֆոզներն ի հայտ են գալիս այնպիսի մի նուրբ հարցի առնչությամբ, ինչպիսին Ադրբեջանի հետ հարաբերություններն են: Լեւոն Տեր-Պետրոսյանի ադրբեջանամետության մասին խոսելու համար թերեւս նրա իսկ հայտարարությունները, անգամ խոհափիլիսոփայական ընդհանրական դատողությունները նախընտրական ծրագրում բավարար չեն: Բայց ադրբեջանցիների եւ թուրքերի անթաքույց «ընտրությունը» Հայաստանի առաջին նախագահի օգտին չի կարող քաղաքական դիվիդենտ ծառայել այս թեկնածուի համար, հատկապես եթե պատմական էքսկուրսը հիշեցնի առաջին նախագահի օրոք ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի հնարավոր սցենարի իրականություն դառնալու հավանականությունը:
Եվ այս ամենն այսքան կարեւոր չէր լինի, եթե իսկապես հիշողությունը կարճ չսարքեին, արհեստականորեն, թե բնականոն` այնքան էլ կարեւոր չէ: Որպես մի թերթ, որտեղ բազմիցս հրապարակվել են լրագրող Տիգրան Հայրապետյանի նյութերը, հիշեցնենք, որ նա միայն «Բորենիների ժամը» հոդվածը չի հեղինակել 1999-ին ընդդեմ իշխանությունների: Տիգրան Հայրապետյանը դեռեւս 1992 թվականի դեկտեմբերի 31-ին «Ազգում» հրապարակել «Հայաստան, յո՞ երթաս կամ ո՞վ է բռնելու չարագործի ձեռքը»: Եվ ի՞նչ եք կարծումՙ ո՞ւմ է չարագործ անվանել Տիգրան Հայրապետյանը: Տեղեկացնենք, որ այդ «չարագործը» Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որին այդպես որակելու համար քննարկումներ են եղել հենց «Ազգում», քանի որ Հայրապետյանն այդ նյութը տպագրել է գլխավոր խմբագրի` Փարիզում եղած ժամանակ:
«Բարեկամ ունենալու համար պետք է հանուն նրա պատերազմել, իսկ պատերազմելու համար` սովորել թշնամություն անել»: Ֆրիդրիխ Նիցշեն կարող էր իրեն թույլ տալ նման խոսքեր ասել, բայց մեզանում դա չպետք է իրականություն դառնա: Մինչդեռ այսօր եւ մինչեւ այս օրն էլ պիտակումներ հնչում են, բայց գրեթե միշտ անհիմն: Եվ դա բնավ էլ իշխանազուրկ ընդդիմության որակը չէ: Հայաստանի ներկայիս նախագահն էլ երբեմն, լռության փոխարեն, նախընտրում է խոսել ու որակումներ տալ, որ անտեղի են հնչում այնպիսի մի ինստիտուտի բարձունքից, ինչպիսին հանրապետության ՆԱԽԱԳԱՀն է: Նախագահացուներն էլ, փոխանակ գործից խոսելու, նուն մետամորֆոզներն են ներկայացնում` մոռանալով, որ երբեւէ անմասն չեն եղել իշխանությունից, երբեւէ հանցագործություններ են կոծկել, երբեւէ բարիդրացի են եղել միմյանց, անգամ նույն դաշտում են «գնդակ գլորել»...
Այս ամենը կարող է մեկ բան վկայել. մանրախնդրությունն է այսօր որոշում քաղաքական վարքագիծը, այլ ոչ ազգային ու պետական շահերի իրագործման սեփական պատկերացումներն ամենաճիշտը համարելու վստահությունը: Բայց այս ամենով հանդերձ, գոնե այս ընտրական գործընթացում մնացյալ բոլորի համար սահմանված դիտորդի կարգավիճակին չպետք է ավելացնել ապուշի որակներ: Ինչքան էլ վատ, բայց հիշողություն ունեն բոլորը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ